«ԴԵՄ ԸԼԼԱԼՈՎ ԿՈՂՄ ԿԸԼԼԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ԱԺ հերթական նիստի ժամանակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց՝ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծն ընդունվեց ամբողջությամբ: Չնայած ՔՊ-ում նախագծի հետ կապված մի շարք տարաձայնություններին՝ իշխանականները կողմ քվեարկեցին դրան: Հայկ Սարգսյանի նախագծին կողմ քվեարկեց նաեւ Հովիկ Աղազարյանը, որն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ ու ամեն ինչ անելու է, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի: Հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ:

 

-Պարո՛ն Աղազարյան, խոստացել էիք ամեն ինչ անել, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի. ինչու՞ մտափոխվեցիք ու կողմ քվեարկեցիք նախագծին:

-Ես չկարողացա իմ ընկերներին հակառակը համոզել. ես միշտ քվեարկում եմ այնպես, ինչպես քվեարկում է խմբակցությունը:

-Մի՞շտ եք որոշումներն այդպես կայացնում. մի կողմ եք դնում Ձեր անձնական կարծիքը ու վարվում եք այնպես, ինչպես թիմը որոշի:

-Միշտ այդպես է եղել, այդպես էլ լինելու է: Ես իմ առանձին կարծիքն ունեմ, ես հայտնում եմ իմ առանձին կարծիքը, բայց իրավունք չունեմ մտածելու, որ իմ կարծիքն ամենաճիշտն է: Հետեւաբար, երբ իմ ընկերների մոտ իմ կարծիքն ընդհանուր ըմբռնում չի առաջացնում, ես ենթարկվում եմ մեծամասնության որոշմանը:

-Իսկ ինչու՞ չհաջողվեց Ձեր թիմակիցներին համոզել:

-Երեւի լավ չկարողացա հիմնավորել իմ թիմակիցներին, բայց հիմա էլ համոզված եմ, որ դա վատ նախագիծ է, որ, բացի վնասից, օգուտ չի տալու: Շատ շուտ դրանում կհամոզվենք, մի 6-7 ամսում կհամոզվենք, որ դրանից միայն վնաս է լինելու. կարող է այդ ժամանակ վերանայեն:

-Պարո՛ն Աղազարյան, ստացվում է՝ կանխատեսում եք, որ նախագիծը վնաս է հասցնելու պետությանը, հասարակությանը, բայց աչք եք փակում դրա վրա ու միայն ձեր թիմի ասածով եք շարժվում:

-Հիմա ես մտահոգություններ հայտնել եմ, որ իմ ընկերներն էլ այդ ուղղությամբ մտածեն, բայց միանշանակ չէ, որ պետք է նրանք դեմ քվեարկեին. կարող է ճիշտն իրենք են: Իմ սկզբունքն է եղել երիտասարդ տարիքից, որ թիմի անդամը լսելի լինի, բայց չհավակնի, որ իր ասածն ամենաճիշտն է, պայքարի իր տեսակետի համար, բայց եթե իր տեսակետը լայն շրջանակներում հավանության չի արժանանում, ապա պարտավոր է ենթարկվել թիմի որոշմանը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ՝ ՈՉՆՉԱՑՎԱԾ

«Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների փաստաթղթից սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի եւ ռեգիոնալ ապաշրջափակման մասին դրույթների առանձնացումն ու զուգահեռ գործընթաց տանելն ամբողջությամբ զրոյացնում է, այսպես կոչված, խաղաղության օրակարգի իրացումը»,- հունվարի 16-ին ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար  Տիգրան աբրահամյանը։

Նա նշեց՝ եթե պարզ խոսենք, ապա խաղաղության պայմանագիրն իր մեջ 3 առանցքային հարց էր պարունակում՝ սահմանների ճշգրտում, ճանապարհների բացում՝ ապաշրջափակում եւ Արցախի հարց:

«Արցախի հարցը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձեց լուծել ռազմական ճանապարհով, իսկ մյուս 2 դրույթների շուրջ ստեղծված հակասությունները փորձում են լուծել՝ դրանք պարզապես հիմնական փաստաթղթից հեռացնելով:

Ի՞նչ է ստացվում: Մի կողմից՝ ընթանում են բանակցություններ բարի ցանկությունների ու մաղթանքների մասին փաստաթղթի մասին, որը Հայաստանի իշխանությունն ինչ-որ փուլում փորձելու է թանկ ծախել հասարակության վրա, իսկ զուգահեռ իրականությունում բանակցություններն անկյունաքարային հարցերի վերաբերյալ կա փակուղային իրավիճակ»,-ասաց նա:

Աբրահամյանի խոսքով՝ սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում այդպես սպասված ու չարչրկված երկարաժամկետ խաղաղության ու կայունության մասին պետք է մոռանալ. «Իշխանությունը մի օր, ըստ քաղաքական նպատակահարմարության, խոսում է խաղաղությանը մոտ լինելու մասին՝ փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ, մեկ այլ իրավիճակում ստիպված է լինում խոստովանել իրականությունը՝ խոսում խաղաղության գործընթացի տորպեդավորման կամ գործընթացի վտանգման մասին:

Խաղաղություն բառը երբեք այսքան ոչնչացված չէր եղել՝ մի կողմից՝ միջազգային դերակատարների լռությունը, մի կողմից՝ Ադրբեջանի ագրեսիվ դիրքավորումը, մյուս կողմից՝ շարունակ ստեր ու կեղծիքներ հայաստանյան իշխանության կողմից, որոնք անընդհատ իրենց հետ նոր մարդկային եւ տարածքային կորուստներ են բերում:

Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության է ենթարկվում, իսկ իշխանությունը շարունակում է պնդել, որ պետք է թուլանալ եւ հաճույք ստանալ:

Այս իշխանությունը հասարակության ոչ թե խաղաղության, այլ երկրի փլուզման համակերպմանն է տանում»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

 

 

 

«ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԵՐՈՍՏՐԱՏԸ»

Օրերս Նիկոլ Փաշինյանն արձանագրեց իր վարած քաղաքականության տապալումը. նա այլեւս զրոյական գործիչ է. այս մասին հունվարի 16-ին՝ ԱԺ-ում հայտարարությունների ժամին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ եթե դա միայն Փաշինյանի անձնական տապալումը լիներ, ապա կարելի էր դեն նետել այդ ամենն ու մոռանալ «մեր օրերի Հերոստրատին»։

Նա նշեց, որ այսօր ճշմարտության պահ է մեր ժողովրդի եւ ՔՊ-ի շարքերի համար. «Իշխող ուժի միջին ու ստորին շերտերում շատերը հասկանում են, որ Փաշինյանը ձախողել է, իրենց էլ հետն է ուզում թողնել խորտակվող նավում։

Հետեւաբար, պետք է կողմնորոշվել՝ ՔՊ-ում ուզո՞ւմ են Արցախի գերեզմանափոր դառնալուց հետո դառնալ նաեւ Հայաստանի գերեզմանափորը։  Ուզո՞ւմ են դառնալ մեկ մարդու անձնական հաշվարկների, հակապետական քայլերի, սխալների, վախերի գերին։ Ուզո՞ւմ են օգտագործվել ու դեն շպրտվել՝ դավաճանի խարանը  ճակատներին: Դեռ մի փոքր ժամանակ կա կողմնորոշվելու, սխալներն ուղղելու, քաղաքական գերությունից դուրս գալու ժամանակը»,-ասաց նա։

 

 

 

ՄՍԽԵԼ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ազգային ժողովի ամանորյա բացօթյա միջոցառումը, որը նախատեսված էր այցելած երեխաներին տոնական տրամադրություն պարգեւելու համար, այդքան էլ նպատակին չի ծառայել։ «Ժողովուրդ» օրաթերթը, միջոցառման կադրերն անքթիթ զննելով, նկատեց, որ ներկաների մեծամասնությունը բարձրաստիճան պաշտոնյաներ են, բացառապես իշխանական պատգամավորներ, որոնք երեխաների հետ ներկա էին միջոցառմանը։ Մի քանի քաղաքացիներ են միայն ներկա եղել, որոնք, հետաքրքրություն չգտնելով, հեռացել են։

Ստացվում է, որ միջոցառումը, որի համար պետական բյուջեից տրամադրվել էր 11 մլն 60 հազար դրամ գումար, կազմակերպվել էր միայն պաշտոնյաների եւ ՔՊ-ականների երեխաներին ուրախացնելու համար։ Պաշտոնյաները իշխանության ներկայացուցիչներ էին հիմնականում, որոնք արդեն սովորություն են դարձրել սեփական կարիքների համար մսխել ՀՀ քաղաքացու աշխատանքի հարկերից կուտակված պետական բյուջեն։ Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարը մոտ 27 հազար ԱՄՆ դոլար են հատկացրել պետության միջոցներից՝ ՔՊ-ականներին եւ իրենց մերձավորներին զվարճացնելու համար: Կադրերում որեւէ ընդդիմադիր պատգամավորի, որեւէ «պատահական» մարդու չգտանք: ՔՊ-ն իրենց «տան անդամներով» պետության հաշվին ուրախանում էր՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ:

 

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 16-ին իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը։

Նա նշել է, որ շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

 




Լրահոս