ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը. այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցերը ԵՄ անդամ երկրներ:

 

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցերից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ: Այցերի շրջանակներում կայացել են հանդիպումներ գործադիր եւ օրենսդիր շրջանակների հետ, քննարկումներ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են Ֆրիդրիխ էբերտի հիմնադրամը եւ “Chatham House”-ը, ինչպես նաեւ մասնակցություն համաժողովների, ինչպիսիք են Դուբրովնիկի (Խորվաթիա) եւ Բլեդի (Սլովենիա) անվտանգային հարցերով համաժողովները:

2023թ. ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան առանձնահատուկ է եղել. ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի շարունակական իրականացմանը, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությանը զուգահեռ հարաբերությունները համալրվել են նոր բովանդակությամբ։

ԵՄ անդամ երկրներից կայացել են նախարարի պաշտոնական ու աշխատանքային այցերը Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Պորտուգալիա, Իսպանիա, Մալթա, Սլովենիա, Ռումինիա եւ Խորվաթիա, այցով Հայաստան են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Հունգարիայի եւ Էստոնիայի ԱԳ նախարարները: Կայացել են հանդիպումներ եւ հեռախոսազանգեր ԵՄ բոլոր անդամ երկրների հետ: Նախարար Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱլԳ նախարարական հանդիպմանը, ինչպես նաեւ ելույթով հանդես եկել ԱլԳ քաղաքացիական ֆորումի տարեկան նստաշրջանին»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳ նախարարը նախորդ տարի ԵՄ կողմի հրավերով Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս ձեւաչափով առաջին քննարկումը, որը հաջորդել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթին, արտացոլում է խորացող քաղաքական երկխոսությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումների կյանքի կոչման: Նախարար Միրզոյանը ելույթով հանդես է եկել նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում:

ՀՀ-ԵՄ համագործակցությունը համալրվել է նոր ուղղությամբ ու ձեւաչափով. 2023 թ. հունվարի 26-ին Երեւանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության անդրանիկ նիստը, իսկ 2-րդ նիստը՝ նոյեմբերի 15-ին՝ Բրյուսելում:

Առաջնային կարեւորության հարցերի շարքում՝ տարեսկզբին երկու տարի ժամկետով ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, իսկ տարեվերջին կայացվել է առաքելության անձնակազմի կրկնապատկման մասին որոշումը:

Նոյեմբերի 29-ին Երեւանում մեկնարկ է տրվել ՀՀ-ԵՄ ներդրումների համակարգման հարթակին: Տարեվերջին կայացել է նաեւ փաստահավաք առաքելությամբ ԵՄ պատվիրակության այց Հայաստան՝ միտված ոլորտային համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով ՀՀ-ին աջակցության եւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցերը քննարկվել են ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդում, որի արդյունքներով տրվել են հանրային ուղերձներ, այդ թվում՝ երկխոսության մեկնարկը դիտարկելու վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանավորված տարածաշրջանային եւ Լեռնային Ղարաբաղում զարգացումներով՝ տարվա ընթացքում շարունակվել է ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: ՀՀ-ԵՄ գործընկերության եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարեւոր շեշտադրումներով մի շարք բանաձեւեր:

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՍԵՐ՝ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ

«Սեպտեմբերին բազմաթիվ արցախցիներ խմբերով բնակվում էին Աբովյան քաղաքի սպորտդահլիճում: Ժամանակի ընթացքում համայնքի եւ նրանց համատեղ ուժերով մարդիկ բնակարան գտան եւ տեղափոխվեցին: Դեկտեմբերի տվյալներով՝ Աբովյանի սպորտդահլիճում ապրում են մոտ 70 բռնի տեղահանված արցախցի»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Աբովյանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը:

 

Պատասխանատուի խոսքով՝ սպորտդահլիճում բնակվող անձինք եւս շահագրգռված են առանձին բնակարան վարձակալելու եւ աշխատանք գտնելու համար, սակայն քանի որ բնակարանի վարձերն այդքան էլ մատչելի չեն, շարունակում են դեռ խմբերով բնակվել:

«Ժամանակի հարց է, նրանց համար եւս բնակարան կգտնվի, եւ նրանք եւս կունենան իրենց առանձին տանիքը: Հիմնական խանգարող հանգամանքն այն է, որ տների վարձերը մատչելի չեն, իսկ մարդիկ ոչ միայն չունեն բարձր գնով տուն վարձակալելու հնարավորություն, այլեւ աշխատանք չունեն: Բնակարան գտնելը Աբովյանում եւս դժվար է, քանի որ մարզերից ունենք ուսանողներ, ընտանիքներ, որոնք վարձակալությամբ բնակվում են այստեղ եւ սովորում կամ աշխատում են Երեւանում: Աբովյանից Երեւան բավականին հարմար է ամեն օր գնալ եւ գալու համար»,- նշել է Ռ. Նալթակյանը:

2023թ. Արցախի հայաթափումից հետո Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բնակություն է հաստատել ավելի քան 6000 բռնի տեղահանված արցախցի: Նալթակյանի խոսքով՝ մեծ մասը նախըտրել է բնակվել Աբովյան քաղաքում, Բալահովիտում, Գեղաշենում, Վերին Պտղնիում:

«Պարբերաբար պետության, հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից աջակցություններ է տրամադրվում մեր հայրենակիցներին: Իրենք էլ բավականին աշխատասեր մարդիկ են, եւ երեւում է` սիրել են մեր համայնքը: Հաճախակի ենք նկատում համայնքի տարբեր անկյուններում արցախցիների կողմից բացած խանութները, տարածքները, որտեղ ներկայացնում են իրենց ավանդական կերակուրները, քաղցրավենիքները»,- ասել է Ռոզա Նալթակյանը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

 

ՔԱՐՏԵԶ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Ադրբեջանը մերժում է հայկական կողմի առաջարկած քարտեզները սահմանի դեմարկացիան իրականացնելու համար։  Պապոյանն ընդգծել է, որ այդ հայտարարությունն անընդունելի է Հայաստանի համար, միեւնույն ժամանակ հավելել, որ մերժելու դեպքում Ադրբեջանը պետք է ներկայացնի այնպիսի քարտեզներ, որոնք իրավական հիմք ունեն։

Պատգամավորը նշեց, որ հայկական կողմը ցանկանում է, որպեսզի բանակցությունների սեղանին դրվի ցանկացած քարտեզ, որն ունի իրավական հիմք։

«Դուք ասում եք, որ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի առաջարկած քարտեզները։ Այդ դեպքում Ադրբեջանը թող առաջարկի այնպիսի քարտեզ, որը կունենա իրավական հիմք։ Կարելի է բերել մեր թվարկությունից առաջ 2-րդ դարի քարտեզ, կարելի է բերել Թուրքմենչայի պայմանագրի արդյունքում ձեւավորված քարտեզը։ Դա լուրջ չէ։ Քարտեզը պետք է ունենա իրավական հիմք եւ պաշտոնական փաստաթուղթ լինի, ոչ թե պատմաբանների կողմից իրենց ցանկացած ձեւով նկարած քարտեզ։ Այդպես չի կարող լինել։ Այդպիսի քարտեզ ներկայացնելը բերելու է պատերազմի։ Սա մեր հստակ դիրքորոշումն է»,-ասաց Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ թեեւ Ալիեւի հայտարարությունները չեն նպաստում խաղաղությանը, հայկական կողմը կշարունակի բանակցություններն Ադրբեջանի հետ, քանի որ հակառակ պարագայում երկու կողմը գնալու են պատերազմի։

 

 

 

ՎԱՎԵՐԱՑՎԵՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը:

Արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 93 կողմ ձայն:

Ըստ նախագծի՝ ԵՄ անդամ պետությունների հետ շարժունակության ոլորտը խթանելու կարեւորագույն նախապայմաններից մեկը ՀՀ-ԵՄ Հետընդունման համաձայնագրի պատշաճ իրականացումն է: Այն հատկապես որոշիչ նշանակություն ունի անկանոն միգրացիայի դեմ պայքարի համատեքստում: Համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, կոչ է արվում կողմերին կնքել կիրարկման արձանագրություններ:

Նախագիծը ներկայացնելիս ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ սա թույլ է տալիս նաեւ ընդգծելու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունել, ռեադմիսիոն գործընթացներ ապահովել այն անձանց համար, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում:

Մինչեւ այս պահը ուժի մեջ են մտել 7 երկրների հետ արձանագրություններ՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:

 




Լրահոս