«ԾԵԾԵԼՈՎ՝ ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻ՞Ր…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրեցի Լեւոն Գասպարյանը հոր եւ 70-ամյա տարեց հարեւանի հետ իր կնոջ եւ դստեր աչքի առաջ Բավրայի անցակետի մաքսատան աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել։ Այս մասին ԶԼՄ-ներին պատմել է Լեւոն Գասպարյանը։

 

Լեւոնը պատմել է, որ հաճախ է Վրաստան մեկնում՝ այնտեղից մատչելի գնով ընտանիքի համար սնունդ ու հագուստ գնելու, վերջին անգամ 5 կիլոգրամ պնդուկ է բերել, սակայն մաքսատանը չեն թույլատրել անցկացնել՝ նշելով, որ դա ապօրինի ներմուծման փորձ է։

«Մաքսատան պետն ասում է. «Դու էս ամիս 2 անգամ եկել ես»: Ասացի. «Այո՛, 2 անգամ եկել եմ. մի անգամ գնացել եմ հյուր, հետս բերել եմ 5 կիլոգրամ  կաղին, մյուս անգամը բերել եմ պամպերս երեխեքիս համար: Եթե մայրդ կամ քույրդ գա, 5 կիլոգրամ կոնֆետ լինի ձեռքում, էլի այդպես կասե՞ս»: Ասաց՝ արի՛ դուս հլը»,- ասել է Լեւոն Գասպարյանը։

Գյումրեցի տղամարդու խոսքով՝ երկու տասնյակից ավելի աշխատակիցներ ոտքերով ու ձեռքերով հարվածել են իր գլխին. «Ոտքով, ձեռքով.. մի հոգի չի եղել, որ պաշտպանի, հակառակը՝ ընդհանուր էին ծեծում։ Գլխիս հատվածներում այնքան էին հարվածել, որ շտապ օգնություն եմ կանչել, ճնշումս 210 էր, կուզեին հիվանդանոց տանել, բայց հրաժարվեցի։ Մաքսատան բոլոր աշխատակիցները…»։

Քաղաքացին պատմել է, որ ծեծի է ենթարկվել նաեւ իր՝ հաշմանդամություն ունեցող 65-ամյա հայրը, որը փորձել է օգնության հասնել որդուն, այնուհետեւ՝ նաեւ նրանց հարեւանը? «Որ ծեծում էին, ասում էին՝ կամեռաներն անջատե՛ք, զապիս չլինի։ Եթե ես սխալ էի, թող կանչեին իրավապահ մարմիններին, ոչ թե դնեին ծեծեին։ Ես սենց անարխիա չեմ տեսել, սա ի՞նչ էր: Երանի պիտի տանք 2018-ին, որ Սերժ Սարգսյանն էր, ես էլի եմ գնացել-եկել, սենց բան չեմ տեսել: Ի՞նչ օրենքի երկիր, ծեծելով օրենքի երկի՞ր…»։

Լեւոնը հաշմանդամության 3-րդ կարգ ունի, ասում է՝ տեսողության հետ կապված խնդիրներ ունի, ծեծից հետո էլ այժմ գրեթե չի տեսնում։

Դեպքի առնչությամբ ԶԼՄ-ներին պարզաբանում է տվել ՊԵԿ-ը, որում, մասնավորապես, նշվում է. «Քաղաքացի Լ. Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։ Շատ հաճախ վերջինս եւ ուղեկցող անձինք լինում են ոչ սթափ վիճակում՝ դրսեւորելով ոչ հարիր եւ ագրեսիվ վարքագիծ։ Նման վարքագիծ վերջիններս դրսեւորում են միտումնավոր՝ հայտարարագրման ենթակա ապրանքները քողարկելու նպատակով։ 15.01.2024թ. վերոնշյալ քաղաքացին եւ ուղեկցող եւս 7 քաղաքացի, որոնցից 2-ը՝ իգական սեռի, մուտք են գործել մաքսային հսկողության գոտի ոչ սթափ վիճակում, ոչ ադեկվատ եւ ագրեսիվ պահվածքով։ Տեւական ժամանակ այլ քաղաքացիների ներկայությամբ հնչեցրել են հայհոյանքներ, փորձեր են կատարել վնասել պետական գույքը, խաթարել են մաքսային կետի բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել մաքսային ծառայողի օրինական պահանջներին։ Նշված անձանց կարգի հրավիրելու եւ իրավիճակը վերահսկելի դարձնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության գոտուց դուրս են հրավիրվել, որի ընթացքում նշված անձը ցուցաբերել է դիմադրություն: ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր ծառայողական քննությամբ դեպքի համակողմանի քննության նպատակով»:

ԶԼՄ-ներին Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու հոդվածով։ Վարույթը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

 

 

ԿԱՄՔ ԵՎ ՋԱՆՔԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է  ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարիեւ իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

 

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ 2022 թվականի համեմատ՝ 2023 թվականին կոմիտեի վարույթում քննված եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվն աճել է 98,8 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 96,5 տոկոսով, ինչը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմամբ եւ բացահայտումների աճով:

Ռիչարդ Նեֆյուն, որը նաեւ նախագահել է նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Ատլանտա քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը, կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին շնորհակալություն է  հայտնել այդ համաժողովում Հայաստանի կողմից լուրջ եւ բարձրաստիճան ներկայացուցչություն ապահովելու համար եւ նշել, որ այժմ արդեն պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն համաժողովի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընդունված բանաձեւերի իրագործման ուղղությամբ: Ռիչարդ Նեֆյուն միաժամանակ ընդգծել է  կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարեւորությունը՝ հաշվի առնելով, որ կոռուպցիան ինքնին միջազգային մակարդակի համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար համատեղ կամք եւ ջանքեր են պահանջվում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի (INL) միջոցով շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման եւ ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ:

 

 

 

 

«ԹԱՎՇՅԱ» ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ «համապարփակ հարցին», արել է հայտարարություններ, որոնք հաստատել են 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ նախկինում բազմիցս արտահայտված իմ մտահոգությունները։

Խոսելով պարտության պատճառներից՝ Անդրանիկ Քոչարյանը հիշատակել է «առանձին դրվագներ», մասնավորապես՝ անդրադարձել է այն քրեական գործին, որով անցնում եմ ես ու մի շարք նախկին բարձրաստիճան զինվորականներ, որն արժանացել է հանձնաժողովի նախագահի «մանրամասն ուսումնասիրությանը»։

Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլեւ հակասում են «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձեւակերպված է, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

«Անորակ հրթիռների» գործով դատավճիռ դեռեւս չի կայացվել, իսկ դատարանն այդպես էլ չընդունեց բաց դատավարություն անցկացնելու վերաբերյալ իմ եւ մյուս «մեղադրյալների» բազմաթիվ միջնորդությունները, քանզի բաց դատավարության անցկացման պարագայում հանրությանը հնարավորություն էր տրվելու տեսնել, որ գործ ունենք ոչ միայն անհիմն մեղադրանքի, այլեւ, ինչպես նախկինում հայտարարել եմ, քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ։

Ուստի, հաստատվում են դեռեւս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, եւ հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ եւ օրենքին հակասող հայտարարությունները։

Սույն հայտարարությամբ ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրում օրենքի վերը նշված կոպտագույն խախտման փաստի վրա»:

 

 




Լրահոս