ԽԻՍՏ ՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՀ խորհրդի՝ 2021 թ. նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» թիվ 130 որոշմամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման կարգը, թվարկված են բոլոր այն դեպքերը, որոնց համար մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն կամ չներկայացվեն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված եւ (կամ) նշանակված համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

 

«Ներկա պահին ՀՀ-ում ինտենսիվ աշխատանքներ են տարվում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման բավարար պայմաններ ստեղծելու, լաբորատոր կարողություններ զարգացնելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, կից ցանկում նշված ապրանքների մասով ՀՀ-ում առկա են համապատասխանության գնահատման բավարար կարողություններ։

Հորդորում ենք բոլոր տնտեսավարողներին ծանոթանալ կից ցանկին եւ ԵՏՀ Խորհրդի 2021թ. նոյեմբերի 12-ի  թիվ 130 որոշմամբ սահմանված դեպքերում անհապաղ սկսել անհրաժեշտ գործընթացները՝ համապատասխան տեխնիկական կանոնակարգով/երով սահմանված եւ մաքսային մարմինների կողմից պահանջվող փաստաթղթի առկայությունը արդեն իսկ ներմուծման ժամանակ ապահովելու ուղղությամբ։

Տեղեկացնում ենք նաեւ, որ 2024թ.-ի ապրիլի 1-ից (բացառությամբ ցանկի 9-րդ կետի, որի մասով ՀՀ ներմուծման փուլում Մաքսային մարմինների կողմից պահանջվելու են 2024 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաեւ 6-րդ կետի, որի մասով պահանջը գործում է դեռեւս 2022թ. հուլիսի 1-ից) իրականացվելու են խիստ հսկողական միջոցառումներ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգման մասով, եւ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ՀՀ ներմուծման փուլում տվյալ փաստաթղթի բացակայության պարագայում ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից չի թույլատրվելու։

ՀՀ-ում հավատարմագրված եւ ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմինների տվյալները հասանելի են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ պաշտոնական կայքէջի «ՌԵԵՍՏՐՆԵՐ» բաժնում։

Միաժամանակ, նույնաբովանդակ տեղեկատվություն առկա է նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմինների մասով ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:

Հարկ է նաեւ նշել, որ, բացի կից ցանկերում ներառված մարմիններից, համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի ներկայացման համար տնտեսվարողները կարող են դիմել նաեւ ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված, ԵԱՏՄ անդամ պետությունների այլ համապատասխանության գնահատման մարմինների եւս, որոնց կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը ընդունելի են ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

Տեղեկացվում է, որ կից ցանկում չնշված՝ ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի մասով եւս հետագայում կիրառելի է լինելու նույն մոտեցումը, կատարվելու է փուլային անցում՝ ապահովելով վերը նշված իրավական պահանջի կիրառելիություն մյուս տեխնիկական կանոնակարգերի դեպքում եւս։ Կից ցանկում չներառված տեխնիկական կանոնակարգերի մասով ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջի կիրարկման վերաբերյալ կապահովվի լրացուցիչ իրազեկում»։

 

 

 

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԿԿՈՇՏԱՆԱ

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Apple-ը պաշտոնապես նվազեցնում է նոր iPhone սմարթֆոնների գները Չինաստանում։ Սա տեղի է ունենում աշխարհի խոշորագույն սմարթֆոնների շուկայում աճող մրցակցային ճնշման ֆոնին. ընկերությունը վախենում է պահանջարկի անկումից:

 

 

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Apple-ը Չինաստանում 5%-ով իջեցրել է որոշ iPhone-ների գները, սակայն ակցիան ժամանակային սահմանափակում ունի. այն կտեւի հունվարի 18-ից մինչեւ 21-ը, այսինքն՝ վաճառքի սեզոնին մինչեւ չինական Ամանորը։ Զեղչը կկազմի 500 յուան, որը կազմում է մոտ $70։

Հետաքրքիր է, որ ընկերությունը երկար տարիներ անընդմեջ չի նվազեցնում գները չինական Նոր տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ, Չինաստանում iPhone 15-ի վաճառքը շատ ավելի վատ է ընթացել, քան նախորդ մոդելների դեպքում. ըստ երեւույթին, դա ընկերությանը դրդել է մտածել զեղչերի մասին։

Ինչո՞ւ են iPhone-ները վատ վաճառվում Չինաստանում: Նախ՝ տեղական մրցակիցները, ինչպիսիք են Huawei-ը եւ Xiaomi-ն, առաջարկում են մրցունակ մոդելներ: Օրինակ՝ Huawei Mate 60-ը շատ հաջող թողարկում է, իսկ ընկերությունները եւ պետական գերատեսչությունները սահմանափակում են Apple սարքերի օգտագործումը աշխատակիցների կողմից: Այս ամենի արդյունքում Չինաստանում iPhone-ի վաճառքը 2024-ի առաջին շաբաթվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 30%-ով, իսկ անցած տարվա ընթացքում անկումը կազմել է 3%: Ավելին՝ վերլուծաբաններն ակնկալում են, որ այս տարի Apple-ի համար մրցակցային միջավայրն է՛լ ավելի կկոշտանա։

Canalys հետազոտական ընկերության ավագ փոխնախագահ Նիկոլ Փենն ասում է, որ զեղչերն անակնկալ չէին, քանի որ Apple-ը ճնշման տակ է, հատկապես Չինաստանում աճող մրցակցության եւ նոր հեռախոսներ գնելու՝ Apple-ի երկրպագուների շրջանում աճող դժկամության պայմաններում:

«Ակնհայտ է, որ Huawei-ը վերադառնում է,- ասել Փենը:- Որոշ չինացի սպառողներ կարող են վերադառնալ Huawei-ի օգտագործմանը՝ հայրենասիրությունից դրդված»:

Նշենք, որ Apple-ը նաեւ 800 յուանի (ավելի քան $110) զեղչ է արել MacBook Air նոր մոդելի համար։

 

 

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւանը մարզի խոշոր համայնքներին՝ Նոյեմբերյանին, Դիլիջանին կապող հասարակական տրանսպորտ չի գործում։ Գործում է միայն  Բերդ համայնքից Իջեւան մեկնող եւ  հակառակ ուղղությամբ գործող միկրոավտոբուսային երթուղի։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով, թե մարզպետարանն ինչ միջոցներ է ձեռնարկում մարզկենտրոն Իջեւանը մարզի համայնքներին հասարակական տրնասպորտով կապելու համար։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Իջեւան-Բերդ, Իջեւան-Նոյեմբերյան եւ Իջեւան-Դիլիջան հասարակական տրանսպորտը գործում է ոչ կանոնավոր: Այժմ հասարակական տրանսպորտի բոլոր լիազորությունները վերապահված են ՀՀ ՏԿԵՆ նախարարությանը: Նշված երթուղիների կանոնակարգումը նախատեսված է կարգավորել 2024 թվականին կայանալիք միասնական երթուղային ցանցի մրցութային գործընթացի իրականացման շրջանակներում»: Իջեւան-Նոյեմբերյան եւ Իջեւան-Դիլիջան ուղղություններով հասարակական տրանսպորտը ոչ թե գործում է ոչ կանոնավոր, ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից,  այլ ընդհանրապես չի գործում, միասնական երթուղային ցանցի մրցութային գործընթացի մասին էլ տարիներ շարունակ խոսվում է, սակայն չի իրականացվում. ոչ մի երաշխիք չկա, որ այն 2024 թվականին կիրականացվի։

 

 

 

ԱՄԵՆԱՑԱԾՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Տավուշի մարզպետարանից  տեղեկացել ենք, որ 2023 թվականի  դեկտեմբերի 25-ի դրությամբ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտների  2023 թվականի  կատարողականը կազմել է 96.2%, այդ թվում՝ Իջեւան համայնքում՝ 99.0%, Դիլիջան համայնքում՝ 91,2%, Բերդ համայնքում՝ 103,5%, Նոյեմբերյան համայնքում՝ 92,7%: Մարզի 4 խոշոր համայնքներից 3-ը սահմանամերձ են, միայն Դիլիջանը Ադրբեջանի հետ սահման, սահմանամերձ վտանգավոր, հակառակորդի զինուժի նշանառության տակ գտնվող ականապատ հողեր չունի։ Տուրիստական Դիլիջանում մեծապես զարգացած է հյուրանոցային, ռեստորանային բիզնեսը։ Ըստ տրամաբանության՝ Դիլիջան համայնքում պետք է սեփական եկամուտների՝ մարզում ամենաբարձր կատարողականը լիներ, սակայն մարզում ամենացածրն է։ Դա չի խանգարել, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ.  դեկտեմբերի 27-ին  «աշխատանքի հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության եւ արդյունավետ աշխատանքի համար» շնորհակալագիր հանձնի Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս