ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է ԼՈՒԾՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության՝ «Աջակցություն՝ արցախցի վարպետներին» ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում կազմակերպվում են  դասընթացներ արհեստ սովորելու կամ որոշակի արհեստում հմտանալու հայտ ներկայացրած մասնակիցների համար, եւ անհրաժեշտ գործիքներ ու սարքավորումներ են տրամադրվում գործող վարպետներին:

 

Ծրագրի առաջին փուլում ստացվել եւ ամփոփվել են մասնակցության համար ներկայացված հայտերը: Շուրջ 120 դիմորդից ընտրվել է ծրագրի չափորոշիչներին  համապատասխանող 80 շահառու: Ծրագիրը նախատեսում է, որ բոլոր շահառուներին կտրամադրվեն անհրաժեշտ գործիքներ ու սարքավորումներ, իսկ նրանցից  շուրջ 30-ը կմասնակցեն նաեւ դասընթացների:

«Կարելի է ասել, որ հիմնականում երեք մեծ խումբ է առանձնացվել՝ հրուշակագործներ, բյութի ոլորտի մասնագետներ՝ մատնահարդար-վարսահարդարներ եւ վերանորոգող արհեստավորներ: Հրուշակագործների, վարսահարդարների ու մատնահարդարների համար դասընթացներն արդեն մեկնարկել են, իսկ վերանորոգող վարպետները հիմնականում դիմել են  գործիքներ ու սարքավորումներ ստանալու համար, քանի որ նրանք ամեն ինչ թողել են Արցախում»,-ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:

Դասընթացները տեւելու են մեկ ամիս եւ անցկացվելու են մասնագիտացած լավագույն ընկերություններում: Ավարտից հետո մասնակիցներին կտրամադվեն անհրաժեշտ գործիքներ, որպեսզի արդեն կարողանան աշխատել իրենց նոր մասնագիտությամբ:

«Սա գործակալության փոքրամասշտաբ ծրագրերից է, որը սակայն յուրաքանչյուր մասնակցի համար զբաղվածության հարց է լուծում: Մենք սկսեցինք ծրագիրը՝ հաշվի առնելով, որ շատ վարպետներ զուտ գործիքների բացակայության պատճառով չեն կարողանում այստեղ շարունակել իրենց գործը: Մեր գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը միշտ կարեւորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք միջավայր եւ հնարավորություն են ստեղծում, որպեսզի մարդիկ ինքնաարտահայտվեն, կարողանան աշխատել եւ արարել: Այս ծրագիրը նույնպես ոչ թե մեկանգամյա աջակցություն է ենթադրում, այլ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել եւ հոգալ իրենց ընտանիքների կարիքները, ինչը հիմա շատ կարեւոր է արցախցի մեր հայրենակիցների համար»,-ասում է  «Մենք ենք մեր սարերը» գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

Հնարավորության դեպքում  գործակալությունը  մտադիր է շարունակել ծրագիրը՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը:

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը հիմնադրվել է 2022 թվականին Ռուբեն Վարդանյանի եւ նրա գործընկերների կողմից:  Կազմակերպության  ներկա ծրագրերն ուղղված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը:

 

 

 

ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով՝ հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ՊՍԺ-Պարի Սեն Ժերմենի դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան: Այս այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։ Ֆրանսիայի ընտրանու հետ նա խաղացել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաեւ Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ միջազգային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, Արսենալում, Ռեալ Մադրիդում, Լիվերպուլում, Մանչեսթեր Սիթիում, Չելսիում, Յուվենտուսում:

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Լեհական «Պոգոն»-ի երկրպագուները քվեարկությամբ որոշել են աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստին։ Ակումբից տեղեկանում ենք, որ լավագույնը ճանաչվել է Վահան Բիչախչյանը։ Հայաստանի հավաքականի հարձակվողի օգտին երկրպագուներից քվեարկել է 51,6%-ը: Բիչախչյանն աշնանն անցկացրել է 23 հանդիպում, խփել 5 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿ ԵՆ ԱՐԵԼ

Իտալական «Ռոմա»-ն հայտնել է, որ պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

«Շնորհակալ ենք Ժոզեին իր նվիրվածության համար։ Միշտ լավ հիշողություններ ենք ունենալու՝ նրա աշխատանքի հետ կապված, սակայն կարծում ենք, որ փոփոխություններ կատարելը ակումբի շահերից է ելնում։ Ժոզեին ու նրա թիմին լավագույնն ենք մաղթում»,- ասել է ակումբի սեփականատեր Դեն Ռայան Ֆրիդկինովը։ Պորտուգալացի մասնագետը 2021 թվականից աշխատում է «Ռոմա»-ում։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում, դուրս եկել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ։

 

 

 

ՇԱԽՄԱՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակում են Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունները. երեկ մասնակիցներն անցկացրել են 4-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում 3-ական միավորով առաջատարներ են դարձել Մամիկոն Ղարիբյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, երկուսն էլ վստահ հանդիպումներ են անցկացրել: Ղարիբյանը սպիտակ խաղաքարերով ուժեղ է եղել Ռոբերտ Հովհաննիսյանից, իսկ Տեր-Սահակյանը՝ Դավիթ Տիրատուրյանից: 2,5-ական միավոր ունեն եւ 3-4-րդ տեղերն են կիսում Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը: Սուսաննա Գաբոյանն ու Միլենա Գասպարյանն էլ 3,5-ական միավորով կանանց առաջնության մրցաշարային աղյուսակն են գլխավորում: 4-րդ տուրում Գաբոյանը հաղթել է Ալվարդ Ստեփանյանին, իսկ Գասպարյանը՝ ոչ-ոքի գրանցել Արփինե Գրիգորյանի հետ:




Լրահոս