ՏՄՊՊՀ-ն զրպարտո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՄՊՊՀ-ն մոլորության մեջ է գցում «Վեստա»-ի սպառողներին: Այսպիսի կարծիք հայտնեց «Վեստա» խանութ-սրահների գլխավոր մենեջեր Արմինե Գրիգորյանը, ում փոխանցմամբ` «Վեստա»-ն երբեք չի ներկայացրել և չի գովազդել այն մասին, որ որևէ ապրանքային նշանի միակ ներկայացուցիչն է ՀՀ-ում:

Հիշեցնենք, որ  Armlur.amհայտնել էր, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ մարտի 14-ին կայացած նիստի շրջանակներում օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեստա» ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` 15 մլն դրամի չափով:

«Պարոն Շաբոյանն իր ելույթում նշեց, թե իբր «Վեստա»-ն ներկայացրել է հաճախորդներին, որ հանդիսանում է աշխարհում հայտնի 15-ից ավելի ապրանքային նշանների պաշտոնական և միակ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում: Նախ՝ հարկ է նշել, որ այս առումով, հարգարժան պարոն Շաբոյանի փաստարկը ոչ այլ ինչ է, քան հերյուրանք և վարկաբեկման ակնհայտ փորձ: Հարգելի՛ Շաբոյան, ինչո՞ւ եք հերյուրում և մոլորության մեջ գցում սպառողներին անհիմն հայտարարություններով»,- այսպիսի հարցադրում արեց Գրիգորյանը:

Վերջինս հավելեց, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ին ներկայացվել են կենցաղային տեխնիկայի արտադրությամբ և վաճառքով զբաղվող համաշխարհային ճանաչում վայելող ընկերությունների կողմից «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍՊԸ-ին շնորհված հավաստագրեր, որոնք վկայում են այն մասին, որ «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍՊԸ-ն այդ ապրանքանիշերի արտադրանքը ներկրելու, ներկայացնելու, վաճառելու, գովազդելու, երաշխիքային և հետ երաշխիքային սպասարկում իրականացնելու իրավունք ունի: Ի՞նչ մոլորության մասին է խոսքը, երբ ընկերությունը ներկայացնում է աշխարհում հայտնի ապրանքանիշերի գործարանային պաշտոնական արտադրանքը:

«Մեր կողմից կատարվել է բառացի թարգմանություն, որը կցված է յուրաքանչյուր նկարին: Մեզ և մեր բազմաթիվ «մոլորված» հաճախորդների ու գործընկերների մոտ համոզմունք է ստեղծվում, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն կատարում է ինչ-որ մեկի պատվերը, բառախաղ է խաղում, հերյուրում է և միտումնավոր մոլորեցնում հայ սպառողին՝ ցանկանալով վնաս հասցնել տարիներով վաստակած մեր բարի համբավին: Այս ամենից հետո, հարգելի՛ «մոլորված» սպառողներ, եզրակացությունները թողնում ենք Ձեզ»,- եզրափակեց Գրիգորյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս