Մոսկվա, Փարիզ, Նյու Յորք. ջութակահար և մեթոդաբան Իվան Ղալամյանի ստեղծագործական ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի անվանի ջութակահար և մեթոդաբան Իվան (Հովհաննես) Ղալամյանը, ով ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, իր հետքն է թողել ջութակի մեթոդիկայի ոլորտում՝ հիմք դնելով իր ուրույն մեթոդիկային, որում ներառված են ռուսական և ֆրանսիական դպրոցի լավագույն հատկանիշները:

Ջութակահարը ծնվել է 1903 թվականի այս օրը: Մեկ տարի անց Ղալամյանների ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ իր մասնագիտական կրթությունը սկսել է Իվան Ղալամյանը՝ ուսանելով Մոսկվայի ֆիլհարմոնիկ դպրոցում և աշակերտելով հեղինակավոր մանկավարժ Կոնստանտին Մոստրասին: Ուսումն ավարտելուց հետո երիտասարդ ջութակահարը միացել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբին, սակայն, 1919 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, կարիերան կիսատ է թողել և ընտանիքի հետ մեկնել Փարիզ:

Փարիզում երաժիշտը շարունակել է կրթությունը՝ ուսանելով ֆրանսիական դպրոցի հեղինակավոր ներկայացուցիչ Լյուսիեն Կապեի մոտ, և սկսել է մենակատար ջութակահարի կարիերա: 1937 թվականին երաժիշտը տեղափոխվել է ԱՄՆ և գործունեությունը շարունակել Նյու Յորքի «Ջուլիադ սքուլ»-ում՝ հետագայում ղեկավարելով ջութակի բաժինը:

Նա հիմք է դրել իր ուրույն մեթոդիկային՝ վերցնելով ռուսական և ֆրանսիական դպրոցի լավագույն ավանդույթները և զգալի կարևորություն տալով Լուսիեն Կապեի աղեղային տեխնիկային: Հեղինակել է մի շարք մասնագիտական գրքեր, դասավանդել այնպիսի անվանի ջութակահարների, ինչպիսին են Մայքլ Ռաբինը, Պոլ Ցուկովսկին, Ջեյմ Լարեդոն և այլոք, անդամակցել «Երաժշտության թագավորական ակադեմիային»:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս