Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Գավառ-Երևան «Գազել»-ի կողաշրջման դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունվարի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում: Չայնիի ոլորաններում 20-ից ավելի մեքենա էր բախվել, ուղևորատար «Գազել»-ը կողաշրջվել էր:

Դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է.

«Հունվարի 23-ին՝ ժամը 10․20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվալներով, Գավառ-Երևան երթուղով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։

Դրա հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորներից 9-ը, բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են իրականացվող նախաքննությամբ։

Բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:




Լրահոս