«ՊՍԵՎԴՈՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ ԴԱՐՁԱՎ ՊՍԵՎԴՈԵՐԵՎԱՆՑԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ում հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի Կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններից:

 

-Պարո՛ն Մնացականյան երեկ հայտարարություն տարածվեց Երեւանի քաղաքապետարանի կողմից, որ որոշում է կայացվել Երեւանի Օղակաձեւ այգին հիմնովին քանդելու մասին: Չեն ասում՝ ինչ են կառուցում. մոտավորապես հասկացել ենք՝ ինչ-որ կանաչապատման  նպատակներ ունեն:  Կարդալով իրենց հաղորդագրությունը՝ ի՞նչ կարելի է եզրակացնել, այդտեղ ի՞նչ է կառուցվելու՝ ըստ Ձեզ:

-Ես ավելի քան համոզված եմ, որ ոչ մի բան տեղի չի ունենալու: Ստորջրյա հոսանքներ կան, որ մենք չենք իմանում… Օրինակ՝ ընկերներիցս Կարենը Քոչարյան գրել էր՝ արդյոք հնարավոր է, որ նպատակը Նեմեսիսի արձանի տեղափոխումն է, բայց չգնանք “ՁպՏՐՌÿ ջՈչՏՉՏՐՈ” ուղղությամբ, այլ փորձենք այս հարցին նայել որպես քաղաքային պլանավորող:  Երեւանի Օղակաձեւ այգին՝ էդ ամբողջ վեց հատվածները, կարիք ունեն առաջին հերթին վերաիմաստավորվելու, դրանից հետո  գրագետ հետազոտությունների, հետազոտության հիման վրա  վերլուծությունից հետո՝ մասնակցային  պրոցեսի առաջնային սպառողների հետ, այսինքն՝ Օղակաձեւ այգու վեց հատվածների հարակից թաղամասերի բնակիչների, Կենտրոնի եւ ամբողջ Երեւանի բնակիչների հետ: Պետք է անել հետաքրքիր հարցազրույցներ, պետք է աշխատել մարդաբանների, ազգագրագետների, ճարտարապետների, քաղաքաշինարարների հետ եւ հասկանալ՝ ինչ է երեւանցիների համար Օղակաձեւ այգին, կազմել Օղակաձեւ այգու ամբողջ պլանը, որը 32 հեկտար է, դրանից հետո միայն  ըստ հատվածների ունենալ հստակ մոտեցում: Մենք հիմա խոսում ենք 4-րդ հատվածի մասին: Կորտերը  միակ բանն էր, որ այգի մարդկանց էր բերում, աշխուժություն էր ապահովում: Իհարկե, կան հասարակական սննդի սրաճարաններ:

-Պե՞տք է արդյոք քանդվեն այդ սրճարանները՝ ըստ Ձեզ:

-Ես դեմ չեմ, որ այգիներում լինեն սրճարաններ, որովհետեւ մեր այգիները, Օղակաձեւ այգին չունեն մենեջմենթ: Եթե, օրինակ, չլինեն սրճարաններ, սկսում են լույսը անջատել, կատարվում են ինչ-որ վատ բաներ, հետեւողական չեն  լինում քաղաքային իշխանությունները:

-Հիմա Տիգրան Ավինյանի նպատակը ո՞րն է՝ ըստ Ձեզ. կորտերն է քանդում, որի տնօրինությունը մեզ ասում է, որ այդտեղ մարդիկ են գալիս, մարզվում են…

-Դժվար է հասկանալ. ամենաապահով գաղտաբառերը գիտե՞ք՝ ում մոտ են. անգրագետ մարդկանց, որովհետեւ եթե անգամ  նրանց տրամաբանությունը փորձում ես հասկանալ, հաջողություն չես ունենում: Այսօրվա քաղաքային իշխանությունները չունեն բավարար գիտելիքներ, փորձառություն քաղաքային կառավարման եւ քաղաքային պլանավորման: Քաղաքական կամք չի կարող ունենալ մի մարդ, որը  ընտրվել է ընդամենը երեւանցիների 8-9 տոկոսի ձայնով եւ դե յուրե անցել է կուսակցություններից մեկի՝ մենք ասում էինք բարի կամքով, բայց վերջին իրադարձությունները «Հանրային ձայն»-ի ցույց տվեցին, որ կուսակցության ղեկավարին խաբել են, տակից աշխատել են…Հիմա էդ մարդը չունի այդ լեգիտիմությունը, եւ լեգիտիմություն չունենալով՝ պսեւդոքաղաքապետից դարձավ  պսեւդոերեւանցի:

-Մենք ո՞նց կարող ենք թույլ չտալ քանդել: Եթե իրենք գան իրենց տեխնիկաներով եւ քանդման աշխատանքներ անեն, ի՞նչ ենք անելու:

-Կարեւոր մի դրույթ կա, որ անգամ, համոզված եմ, վարչապետը չգիտի. նախ՝ Օղակաձեւ այգին  ճանաչված է գլխավոր հատակագծով որպես մարզական նշանակության հող: Նշանակության հողը քաղաքապետը չի կարող փոխել. դա որոշ պրոցեդուրաներից հետո պիտի հետ գա քաղաքապետարան, անցնի ավագանու նիստով, հաստատվի, հետո գնա կառավարություն, որտեղ եթե կա հանրային գերակա շահ, պիտի փոխհատուցվի եւ այլն… Այդ պրոցեդուրաները չանցած՝ մարդիկ արդեն հայտարարություններ են անում: Դա նշանակում է, որ կա՛մ մի բան այն չէ երկրում, կա՛մ  էդ մարդիկ դիլետանտներ են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ՔՊ-Ի ՕԼԻԳԱՐԽԻՑ ԽԱԲՎԱԾ

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձեւով Սեւանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել եւ առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարեկ Նալբանդյանը, հարցին հստակ մեկնաբանություն տալու փոխարեն, շատ ագրեսիվ էր արձագանքել՝ խնդրելով իրեն չզանգել, բայց մենք խոսում ենք փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է կապ հաստատել նաեւ ազգությամբ եգիպտացի, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի արդեն նախկին գլխավոր մենեջեր Մահմուդ Սաադի հետ:

-Պարո՛ն Սաադ, որքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել:

-Ես «Գոլդեն Փելիս» հյուրանոցում աշխատում եմ 2022 թվականի փետրվարից, բայց 2023 թվականի դեկտեմբեր ամսին աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել իմ կամքով: Ուզում եմ շեշտել, որ ինձ չեն ազատել, ես եմ դիմում գրել: Հյուրանոցի գլխավոր մենեջերի պաշտոնն եմ զբաղեցրել:

-Ո՞րն է եղել պատճառը ազատման դիմում գրելու:

-Անձնական խնդիրներով:

-Մենք տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատել եք, սակայն հյուրանոցի տնօրինությունը Ձեզ չի վճարել աշխատանքի դիմաց: Աշխատավարձի հետ կապված ի՞նչ խնդրի եք բախվել:

-Չեն վճարվել միայն դեկտեմբեր ամսվա համար, երբ արդեն աշխատանքից ազատման դիմում եմ գրել: Կցանկանամ նշել նաեւ, որ ես այս խնդրի մասին չեմ բարձրաձայնել, քանի որ չեմ ցանկանում մեծ աղմուկ բարձրանա. հուսամ՝ կլուծվի խնդիրը:

-Իսկ փորձե՞լ եք հանդիպել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու՝ ինչու չեք վճարվել:

– Ո՛չ, քանի որ ես հաճախ եմ արտերկրում լինում ու չեմ հանդիպել: Աշխատավարձերը վճարում է հյուրանոցի ֆինանսական բաժինը. նրանցից պարզաբանում դեռ չեմ ստացել:

-Կա՞ն էլի աշխատակիցներ, որոնք չեն վճարվել:

-Ես նման տեղեկություն չունեմ:

-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր աշխատավարձը հետ ստանալ:

-Ես այժմ Հայաստանում չեմ, առաջիկայում կվերադառնամ ու կփորձեմ հանդիպել հյուրանոցի տիրոջ հետ՝ խնդիրը պարզելու համար:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 




Լրահոս