ՔՊ-Ն՝ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետեւյալ գերատեսչությունների ղեկավարները 2023 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սեւ ցուցակը կազմվում է՝ հետեւյալ չափանիշների հիման վրա։

 

2023 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների առցանց հարթակում գրանցվել է 70 տեղեկություն ստանալու հարցում։ Հարցումների 86%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 7%-ի դեպքում՝ ուշացած լիարժեք: Հարցումների մեկ տոկոսին տրվել է «անհիմն մերժում», եւս մեկ տոկոսը ստացել է «անհիմն պատասխան» կարգավիճակը։ Հարցումների 4%-ը մնացել է անպատասխան։

Լեւոն Հովհաննիսյան, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար (17.03.2023-13.10.2023)

Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել ՀՀ քաղաքացի Արսեն Չալյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու գործում։ 2023 թ.-ի հուլիսի 3-ին Երեւանի քաղաքապետարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ վարչական տույժի արդյունքում բռնագանձված եւ Երեւանի քաղաքապետարանին փոխանցված գումարի վերադարձի ընթացակարգի վերաբերյալ։ Պատասխան գրությամբ, սակայն, Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրել ներկայացված հարցերի պատասխանները։ Քաղաքացի Չալյանը 2023թ. հուլիսի 10-ին ուղարկել է կրկնակի հարցում, որին ի պատասխան ստացված գրության մեջ եւս հարցերից եւ ոչ մեկին անդրադաձ չկա։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ. օգոստոսի 21-ին քաղաքացու հարցերն ուղղել է քաղաքապետարան այս անգամ արդեն ԻԱԿ-ի անունից։ Պատասխան գրությամբ, սակայն, Քաղաքապետարանն անհիմն պատասխան է տրամադրել։ Ավելի ուշ, ԻԱԿ-ի կրկնակի հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանը տրամադրել է պահանջվող տեղեկությունը։

Սամվել Առաքելյան, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թվականի հուլիսի 7-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով տրամադրել Արդարադատության նախարարության կողմից ներկայացված տեղեկանքի պատճենը (կամ փաստաթղթի հասանելիությունն ապահովող ակտիվ հղումը), որի մասին հիշատակվում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` ««ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1175 որոշման մեջ։ ՍԴ-ն 10.07.2023 թ.-ին պատասխան գրությամբ մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունը։ ՍԴ աշխատակազմի ղեկավարի մերժումը ԻԱԿ-ը որակել է անհիմն (հիմնավորումները՝ կրկնակի հարցման մեջ) եւ բողոքարկել՝ ուղարկելով կրկնակի հարցում, որը մնացել է անպատասխան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

ԻԱԿ-ը 2023 թվականի օգոստոսի 23-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաեւ նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած եւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ: ԻԱԿ-ի հարցման առիթ դարձել էր «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության «infocom.am» լրատվական կայքի դիմումը։

Կուսակցությունը չի պատասխանել ԻԱԿ-ի առաջին հարցմանը, անպատասխան է թողել նաեւ 2023 թ.-ի սեպտեմբերի 11-ին ուղարկված տեղեկություն ստանալու կրկնակի հարցումը՝ արդյունքում խախտելով ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը։

2023 թ. դեկտեմբերի 4-ին ԻԱԿ-ը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան։ 2023 թ.-ի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշել է հայցն ընդունել վարույթ: Ավելի ուշ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով, կողմերի միջեւ կնքվել է հաշտության համաձայնագիր, որով կուսակցությունը 2024թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունները։

 

 

 

30 ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ:

 

 

Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի եւ Բարձր հանձնակատարի գրասենյակի միջեւ ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար եւ սոցիալական խնդիրներին եւ դրանց լուծմանն ուղղված քայլերին:

Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական եւ բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով: Այս համատեքստում հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումներն ու սերտ համագործակցությունն առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄ

Հունվարի 15-ին ադրբեջանական Milli TV յութուբյան ալիքում տեղադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Արցախի Հաթերք գյուղի՝ արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում եւ նրան հարակից տարածքում: Տեսանյությում երեւում է, թե ինչպես են հուշահամալիրը եւ շրջակա գերեզմանոցը ենթարկվել վանդալիզմի:

«Փաստորեն, գյուղերում սկսվել է հայկական հետքերը՝ գերեզմաները վերացնելու գործընթացը։ Այս գործընթացը նորություն չէ, մենք, դժբախտաբար, ունենք նաեւ դրա նախադեպը եւ՛ Նախիջեւանում, եւ՛ Արցախում»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ սա էլ հերթական վանդալիզմն է, որը եղել է Հաթերք եւ Հադրութի Հակակու գյուղերում:

«Վրեժխնդրության ինչ-որ մի բան էլ կար, որովհետեւ, ինչքան հասկացա, Ադրբեջանից ինչ-որ մեկը արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր զոհված ազատամարտիկների գերեզմանի մոտ կանգնած հստակ խոսում էր»,-ասաց Արմինեն:

Նրա կարծիքով՝ նրանց այս քաղաքականությունը շարունակվելու է: Արցախի հայկականությունը հաստատող բավականին մեծ փաստարկ են հայկական գերեզմանոցները, որ այստեղ դեռ հին ժամանակներից ապրել են հայերը, նրանք էլ ամեն ինչ անելու են հենց այդ փաստերը վերացնելու համար:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՇՈՐԹՈՒՄ՝ ԲՏԱ ՆԱԽԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հունվարի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երեւանի բնակիչ 27-ամյա Արթուր Խաչատրյանը եւ հայտնել, որ իր նկատմամբ շորթում է իրականացվել. հաղորդում է Shamshyan.com-ը:

Արդեն ժամանած ոստիկաններին վերջինս հայտնել է, որ հունվարի 14-ի ժամը 20:00-ից մինչեւ հունվարի 15-ի ժամը 07:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իր կողմից շահագործվող եւ բնակության վայրում՝ Հովհաննիսյան փողոցում իր կողմից կայանված Toyota մակնիշի 100 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Նա ոստիկաններին հայտնել է նաեւ, որ գողը կամ գողերը դիմապակուն թողել են տելեգրամյան հասցե, իսկ գողության հետեւանքով իրեն պատճառվել է մոտ 200 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝  նշված Toyota-ն հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկշռում եւ սպասարկում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, իսկ Ա. Խաչատրյանը նախարարի վարորդն է:

 

 




Լրահոս