Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գաղտնալսելու դեմ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գաղտնալսելու դեմ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան։ ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել այդ փաստաթուղթը։

ArmLur.amհայտնել էր, որ Հակակառուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել և դատարան է ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործը:

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Օրինակը՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
(ք.Երևան, Գ.Նժդեհի 23/1)

Թիվ 58243623 քրեական վարույթով մեղադրյալ Արման Նվերի
Հարությունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանից
(ք.Երևան, Գ.Լուսավորչի 15/1, հեռ. 091462789)

ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ
(ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի ՕՀՄ 26/22.05.2023 որոշման դեմ )

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Կ.Ամիրյանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) գրավոր ընթացակարգով դատական վերանայման ենթարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի մայիսի 22-ի թիվ ՕՀՄ 26/22.05.2023 որոշման դեմ թիվ 58243623 քրեական վարույթով մեղադրյալ Արման Նվերի Հարությունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հատուկ վերանայման բողոքը, 2023 թվականի դեկտեմբերի 25-ին որոշել է.
ՙ1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի մայիսի 22-ի ՙՙԹվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում՚ և տեխնիկական միջոցների կիրառմամբ ՙարտաքին դիտում՚ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին՚ թիվ ՕՀՄ-26/22.05.2023 որոշումն թողնել անփոփոխ:
2. Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում: ՚:
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման օրինակը փոստային առաքմամբ ստացել եմ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին:

Բողոքի իրավական հիմքերը և հիմնավորումները.
Գտնում եմ, որ ՀՀ վերաքննչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը կայացնելիս թույլ են տվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հիմք է կայացված դատական ակտերը բեկանելու համար:
Այսպես.
1) Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում նշել է.
ՙ5. Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը՝ կից փաստաթղթերով, եկել է հիմնավոր և իրավաչափ հետևության:
5.1. Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքի այն փաստարկին, որ Ա.Հարությունյանը պաշտոնատար անձ չի հանդիսացել՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշյալ փաստարկն անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանը վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի ա ենթակետը, ՙՀանրային ծառայության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, և ՙԵրևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը, հանգել է այն հետևության, որ.
ՙՎերոշարադրյալից բխում է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ա.Հարությունյանը համայնքային ծառայող լինելու միջոցով հանդիսանում է հանրային ծառայող, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի եզրույթաբանության իմաստով՝ պաշտոնատար անձ:՚
Գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունն անհիմն է, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը կիրառել է ՙՀանրային ծառայության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, և ՙԵրևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը որոնք սույն դեպքում կիրառելի չէին: Այլ կերպ ասած Վերաքննիչ դատարանը նշված օրենքները կիրառելով փորձել է, Արման Հարությունյանին դարձնել ՙպաշտոնատար անձ՚, որպեսզի հիմնավորի վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի սուբյեկտ լինելու և ծանր հանցագործություն կատարելու մեջ փաստացի կասկածվելու հանգամանքը:
Արման Նվերի Հարությունյանը չէր հանդիսանում պաշտոնատար անձ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված (կաշառք ստանալու) հացագործության սուբյեկտ և հետևապես նա չէր կարող կասկածվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ:
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենքի) 4-րդ հոդվածի համաձայն՝
«1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են՝
1) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումը.
2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը. (…)»։
Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝
«1.Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.
(…)
8) ներքին դիտում
(…)
12) թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում. (…):»:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
« 4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է:»:
ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հեոդվածի համաձայն՝
ՙ1. Հայաստանի Հսանրապետության քրեական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերից, որոնք քրեաիրավական նորմեր են պարունակում կամ նշանակություն ունեն քրեական օրենքը կիրառելու համար:
2. Հանցակազմ կամ պատիժ կամ քրեաիրավական ներգործության միջոց նախատեսող նորմերը կարող են կիրառվել միայն սույն օրենսգրքում ընդգրկվելուց հետո՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի համաձայն՝ Կաշառք ստանալը, բնորոշվում է հետևյալ կերպ.
ՙ Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ (…):՚
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն՝
20) պաշտոնատար անձ՝
ա. հանրային ծառայող, հանրային պաշտոն զբաղեցնող անձ, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող անձ,
(…):
Երևանի քաղաքապետի 2009թ. հուլիսի 29-ի N 7149-Ա որոշման Հավելված N 989՝ ՙԵրևան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետի, Համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի՚ (ծածկագիր 3.1-256) համաձայն՝
6-րդ կետի ա) ենթակետի բաժնի առաջատար մասնագետը՝ աշխատանքների կազմակերպման , ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի,
8-րդ կետի գ) Բաժնի առաջատար մասնագետը՝ աշխատակազմից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի:
Վերը նշվածի լույսի ներքո գտում եմ, որ Արման Հարությունյանը հանդիսանալով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ, պաշտոնի անձնագրով չունենալով լիազորություն՝ աշխատանքների կազմակերպման , ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման, ինչպես նաև աշխատակազմից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություն չունենալով, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 20-րդ կետի ՙա՚ ենթակետի ուժով չի հանդիսացել պաշտոնատար անձ:
Հետևապես, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, կիրառել է օրենքներ, որոնք ենթակա չէին կիրառման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 20-րդ կետի ՙա՚ ենթակետը սխալ է կիրառել և անհիմն կերպով անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի որոշումը, որի արդյունքում խախտվել էր Արման Նվերի Հարությունյանի անձնական և ընտանեական կյանքի գաղտնիության իրավունքը:
2) Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում նշել է.
ՙ5.5. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից մեջբերված Վճռաբեկ դատարանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 15-ին կայացված թիվ 48/10.06.2021 որոշման այն հատվածին, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկանքը բավարար չէ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու միջնորդությունը բավարարելու համար՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված և կոնկրետ գործի փաստերի վրա հիմնված որոշումները կիրառելի են լինում այնքանով, որքանով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են լինում:
Նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Առաջին ատյանի դատարան է ներկայացվել արձանագրություն՝ կատարված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ:
(…):
Գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի սույն պատճառաբանությունն ևս անհիմն է:
Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված արձանագրությունը, հանդիսանում է 22.05.2023թ-ի արձանագրությունը, որը իրենից ներկայացնում է հենց ՙմիայն օպերատիվ աղբյուից ստացված՚ տվյալ, այն չի պարունակում որևէ փաստական տվյալ, որը ստացված լինի այլ աղբյուրից:
22.05.2023թ-ի արձանագրությունում նշված է. ՙ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության 1-ին բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազամաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ՝ Արման Նվերի Հարությունյանը (ծնվ. 1981թ. հաշվառված՝ ք.Երևան, Նորաշխարհյան փող. 3 8Ա, բն. 3 հասցեում), հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նշված աշխատակազմ դիմած անձանցից պահանջում և ստանում է խոշոր (500.000 դրամից ավել) չափերի կաշառք-գումարներ իր լիազորություններից բխող և չբխող հարցերին քաղաքացիների օգտին լուծումներ տալու համար:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արման Հարությունյանն օգտագործում է բջջային (094) 60-01-04 հեռախոսահամարը և իր՝ վերոգրյալ հնարավոր հանցավոր գործունեությանը վերաբերելի խոսակցությունները վարում է նշված հեռախոսահամարով և հանդիպման վայրերում:
Ձեռնարկված միջոցառումների արդունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը՚:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՝ 48/10.06.2021, 2023թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքը բավարար չէ, օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու միջնորդությունները բավարարելու համար:
Այսպես. ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է.
ՙ10.Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝
– Առաջին ատյանի դատարանը, թույլատրելով Ռ.Խլղաթյանի նկատմամբ ՙհեռախոսային խոսակցությունների վերահսկում՚ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը, արձանագրել է, որ մասնավոր և հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշռման անհրաժեշտությունից ելնելով և նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է՝ միջնորդությունը պետք է համարել հիմնավոր:
– Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժելով հետաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել ՙՀեռախոսային խոսակցությունների վերահսկում՚ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութեր: Ինչ վերաբերում է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի կողմից ներկայացրած օպերատիվ տեղեկանքին, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ միայն օպերատիվ տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը սահմանափակելու համար:
11. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-9.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Ռ.Խլղաթյանի նկատմամբ ՙհեռախոսային խոսակցությունների վերահսկում՚ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը իրավաչափն չէ, հիմնավոր է: Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքը բավարար չէ հիմնավորված համարելու Ռ.Խլղաթյանի նկատմամբ ՙհեռախոսային խոսակցությունների վերահսկում՚ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել այլ փաստական տվյալներ, որոնց հետ համակցությամբ հնարավոր կլիներ գնահատել վերոնշյալ տեղեկանքի հավաստիությունը: այլ կերպ, միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմը, որն անհրաժեշտ է անձի սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման և դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար:
…՚:
Հետևապես, հիմք ընդունելով վերոգրյալը գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի պաճառաբանություններն հիմնավոր չեն, վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի սեպտեմբարի 15-ին կայացված թիվ 48/10.06.2021 որոշմանը:

Բողոքը վարույթ ընդունելու հիմքերը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է այն հետևության, որ՝
1) Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.
2) Առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:
Գտնում եմ, որ՝
ա) ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ է տվել դատական սխալ, քանի որ կիրառել է օրենքներ, որոնք ենթակա չէին կիրառման սույն գործով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 20-րդ կետի ՙա՚ ենթակետը սխալ է կիրառել
գ) ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից առերևույթ թույլ տված քրեադատավարական օրենքի խախտմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, այն է՝ հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիոյի 8-րդ հոդվածով, երաշխավորվող անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության /գաղտնիության/ իրավունքի խախտմանը
դ) ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի սեպտեմբարի 15-ին կայացված թիվ 48/10.06.2021 որոշմանը:

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Սույն վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և բավարարել, այն է՝
1. Ամբողջությամբ բեկանել՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի ՕՀՄ 26/22.05.2023 որոշումը:
2. ՙ«Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ ՙարտաքին դիտում՚ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին՚ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի մայիսի 22-ի որոշումը ամբողջությամբ բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ԵրՔՎ պետ, գնդապետ Ռազմիկ Միքայելյանի 2023 թվականի մայիսի 22-ի միջնորդությունը՝ Արման Նվերի Հարությունյանի նկատմամբ տեխնիկական միջոցների կիրառմամբ ՙարտաքին դիտում և վերջինիս կողմից օգտագործվող (094)60-01-04 բջջային հեռախոսահամարով ՙթվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում՚ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները երկու ամիս ժամանակով թույլատրելու մասին՚, մերժել:

Կից ներկայացնում եմ՝ սույն բողոքի օրինակը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին փոստային անդորրագիրը:

Ա.Հարությունյանի պաշտպան Լ.Սիմոնյան




Լրահոս