Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության, ԵՄ գլխամասային գրասենյակի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է նիստ՝ նվիրված 2017 թվականին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վեցամյակին։ Հանդիպման նպատակն էր նաեւ ընդգծել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում ՀԸԳՀ-ի կարեւոր նշանակությունը, ինչպես նաեւ գնահատել կիրարկման ներկա փուլը եւ բարձրացնել արդյունավետությունը:
Ինչպես ԶԼՄ-ներին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ՀԸԳՀ արտագնա նիստին ներկա է գտնվել 70 մասնակից, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել գործընկերների միջեւ մտքերի փոխանակությանը: Հանդիպումը յուրահատուկ հարթակ է դարձել՝ գնահատելու ՀԸԳՀ առաջընթացը եւ ծրագրելու կիրարկումը խթանող բովանդակալից ռազմավարություններ: Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել ՀԸԳՀ-ի կիրարկման շրջանակում ձեռք բերված իրենց փորձի մասին, քննարկել են հարցեր՝ հաջողությունների, մարտահրավերների, կարիքների եւ միասին ավելի լավ աշխատելու ուղիների առնչությամբ:
«Արտագնա նիստի ընթացքում ՀՀ կառավարության կողմից նախանշվել են կոնկրետ ոլորտներ, որոնց ուղղությամբ հաջողությամբ իրականացվել են ՀԸԳՀ-ին առնչվող բարեփոխումներ՝ ցուցադրելով համաձայնագրի շնորհիվ արձանագրված շոշափելի ձեռքբերումները: Նշվեցին այն ոլորտները, որոնց ուղղությամբ բարեփոխումներն իրականացվել են առանձնակի դժվարություններով՝ ուշադրություն հրավիրելով մշտադիտարկման եւ հաղորդակցության ուժեղացման ուղիների վրա եւ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ունի համագործակցային բնույթ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր գնահատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ տեւական համագործակցությունը եւ ի նպաստ ՀՀ քաղաքացիների փոխադարձ հանձնառությամբ շոշափելի եւ կայուն արդյունքներ խթանելու ջանքերը։ Ընգծելով ՀԸԳՀ-ի՝ որպես նման ձեւաչափում ներգրավվելու անկյունաքարային ուղղության կարեւոր գործիքի նշանակությունը՝ դեսպան Մարագոսը նշեց Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գոյություն ունեցող ընդհանուր արժեքներն ու շահերը։ Դեսպանը վերահաստատեց աջակցությունը ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին, որը թույլ կտա նպաստել Հայաստանի արդիականացման գործընթացի արագացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԸԳՀ-ի իրականացումը, չնայած դրա ստորագրումից հետո ստեղծված դժվարին իրավիճակներին, շարունակական բնույթ է կրել: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված բարեփոխումներին եւ տնտեսական նախաձեռնություններին աջակցության արագացված ընթացակարգ ապահովելու համար։ Փոխվարչապետ Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ եւ առաջ գնալ առանցքային բարեփոխումների իրականացման ճանապարհով։ Նա ընդգծել է Հայաստանի զարգացման այս փուլում ԵՄ անդամ պետությունների գիտելիքը եւ փորձը ներդնելու ԵՄ գործուն դերակատարությունը:
Նշվում է, որ երկու կողմերը վերահաստատել են ավելի արդյունավետ համագործակցությամբ ՀԸԳՀ կիրարկմանը նպաստելու իրենց հանձնառությունը՝ երկուստեք արտահայտելով ԵՄ-Հայաստան գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ իրենց նվիրվածությունը:
ՀԱՄԱՅՆՔԸ ԳՐԿԱԲԱՑ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Չարենցավանում բնակություն է հաստատել 2700 բռնի տեղահանված արցախցի:
«2023թ. Արցախի հայաթափումից հետո Չարենցավան համայնքում բնակություն է հաստատել ավելի քան 2700 բռնի տեղահանված արցախցի։ Սկզբնական շրջանում եղել են մարդիկ, որ բնակվել են համայնքում գործող հյուրանոցներում, բայց կարճ ժամանակահատվածում համայնքի եւ նրանց համատեղ ջանքերով հնարավոր եղավ նրանց առանձին բնակարաններով ապահովելը»,-Armlur.am-ի հետ զրույցում ասել է Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ արցախցիները համայնքում փորձում են հնարավորինս շուտ ինտեգրվել. որոշներն արդեն աշխատում են, իսկ որոշներն էլ իրենց սեփական գործն են սկսել համայնքում։ «Արցախցիներին համայնքը գրկաբաց է ընդունել։ Նրանք էլ աշխատասեր մարդիկ են. առաջին օրվանից փորձել են աշխատանք գտնել սեփական ուժերով առաջնային կարիքները հոգալու համար։ Այս պահին արցախցիներն աշխատում են համայնքում գործող կարի ֆաբրիկաներում, խանութներում, դպրոցում, մանկապարտեզում, շատերն էլ սեփական մեքենայով տաքսի ծառայությամբ են զբաղվում։ Ողջունելի է նաեւ այն, որ համայնքում մեր հայրենակիցներն իրենց սեփական գործն են սկսել։ Համայնքում բացել են բանջարեղենի եւ հրուշակեղենի խանութներ, որտեղ ներկայացնում են արցախյան խմորեղենները։ Այդպես նրանք ե՛ւ ավելի ամուր կպահպանեն իրենց ավանդական խոհանոցը, ե՛ւ նոր մշակույթ ու կոլորիտ կբերեն մեր համայնք»,- ասում է Ս. Բալաբեկյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ պետական աջակցությունից բացի, համայնքապետարանը եւս սննդի, կենցաղային, տնտեսական ապրանքների տեսքով աջակցություններ է տրամադրել Արցախից բռնի տեղահանված անձանց։
ԳԻՆԻՆԵՐԸ ԵՎ ՉՈՐԱՑԱԾ ԴԵՆԴՐՈՊԱՐԿԸ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ամանորի առթիվ 44-օրյա պատերազմում զոհված տավուշցիների ընտանիքներին նվեր է ուղարկել, փաթեթի մեջ 2 հատ գինի ու «բանբոներկա»` կոնֆետների հավաքածու են եղել։ Մեկ լիտրանոց շշերով գինիները Իջեւանի գինու, կոնյակի գործարանի արտադրանք են։ Ամանորի շեմին՝ դեկտեմբերի 27-ին, մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալագրեր է հանձնել մի խումբ անձանց, այդ թվում՝ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Էմին Եղիազարյանին: Վերջինիս գլխավորությամբ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, սկսած 2020 թվականի ամռանից, միլիոնավոր դոլարների վնաս է տվել Իջեւան քաղաքի մարգարիտը համարվող Իջեւանի դենդրոպարկին, գինու գործարանին հարակից գոտում ավերել է Աղստեւ գետի հունը, այնտեղ ապօրինի մեծ պատ կառուցել, այդ ամենի հետեւանքով ջրազրկել Իջեւանի դենդրոպարկը, ինչի հետեւանքով այդ բուսաբանական այգում մեծ քանակի հազվագյուտ, արժեքավոր ծառեր ու տնկիներ են չորացել։ 2021 թվականի հոկտեմբերին այդ առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն պատճառված վնասը հաշվարկելու համար փորձաքննություններ չեն անցկացվել, ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե այդ քրեական գործն ինչ ընթացքում է, դատախազությունը այդ գործի դատախախազական հսկողություն իրականացրել է արդյոք: Գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ հարցմանս կպատասխանեն 30 օրվա ընթացքում։
ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը 2023թ. դեկտեմբերի 22-ին որոշել է Դիլիջան համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված «Սոցիալական օգնություններ» նախահաշվի «4729» հոդվածից 1 260 000 (մեկ միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Կոնվերսբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի հաշվեհամարին համայնքապետարան դիմած եւ սոցիալապես անապահով վիճակում գտնվող թվով 42 քաղաքացիներին դրամական օգնություն հատկացնելու նպատակով: Որոշմանը կից հավելվածում ներկայացված է 20-50 հազար դրամ օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները եւ այլ տվյալներ։ Դիլիջանի համայնքապետարանում չգիտե՞ն, որ քաղաքացիների անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ