«ԱՆՁՆԱԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՑԱՎ Է». ՊԱՊԻԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ձնահյուսի հետեւանքով զինծառայողի զոհվելու դեպքի օրերին որեւէ տեղաշարժ չիրականացնելու գրավոր հանձնարարական է եղել». այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հունվարի 13-ին մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնացող ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի՝ ձնահյուսի հետեւանքով զոհվելու դեպքին:

 

Պապիկյանը նախ նշեց, որ յուրաքանչյուր դեպք, դժբախտ պատահար իր համար անձնական դժբախտություն ու ծանր ցավ է: Նախարարը ցավակցեց զոհված զինծառայողի հարազատներին:

«Հարցի ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում: Միեւնույն ժամանակ, քննչական գործողությունների արդյունքում ի դերեւ կգան բոլոր այն խնդիրները, որոնք այս դժբախտ պատահարի պատճառ են դարձել»,- ասաց Պապիկյանը:

Ըստ նախարարի՝ խնդիրն ունի երկու կողմ՝ մեկը բնական պայմաններն են: «Վերջին 10 օրվա ընթացքում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում: Այս պահին մենք ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, կարելի է ասել՝ փակ, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, բայց եղանակային պայմանների բերումով մշտապես փակման ենթակա են բքի եւ ձնահյուսերի պատճառով: Սրանցից զատ, կան նաեւ դժվար հասանելի ուղղություններ: Ունենք շուրջ 1 տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակային պայմաններում, այդ թվում՝ ամառային ամենատաք շրջանում, մեքենայով հնարավոր չէ հասնել այդ դիրքերին: Այսինքն՝ ուզենք, թե չուզենք, զինծառայողների տեղաշարժը մինչեւ այդ դիրք, նաեւ սնունդը հասցնելն իրականացնում ենք հետիոտն կամ այլ մեխանիզմներով: Դրանք պայմանավորված են տվյալ դիրքերի աշխարհագրական դիրքով»,-ասաց նախարարը:

Պապիկյանը նշեց՝ գործ ունենք վերջին 3 տարվա ընթացքում ձեւավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահյուսերի ուղղություններ: Անվտանգությունն ապահովելու համար մշտապես իրականացվում են թե պայթեցման, թե կանխարգելիչ աշխատանքներ, սակայն կան իրավիճակներ, երբ բնությունն անկանխատեսելի է:

«Իհարկե, այս խնդրի դիպվածում կան նաեւ պարտականությունները պատշաճ կատարելու մեջ թերացումներ: Անուններ եւ պաշտոններ չեմ հնչեցնի, բայց սա չի կարող չունենալ պատասխանատուներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դա ի հայտ կարող է բերել միայն պատշաճ քննությունը:

Նա ընդգծեց, որ գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են եղել այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ՝ որեւէ տեղաշարժ չիրականացնելու:

«Վերադաս հրամանատարության, կորպուսային հրամանատարության կողմից կան գրավոր հանձնարարականներ այդ օրերին որեւէ տեղաշարժ չկատարել: Ավելին՝ հատուկ բանակային կորպուսի տարածքում այդ օրը մենք ունեցել ենք 5 զինծառայող, ում ծառայության ժամկետն ավարտվել է, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ տվյալ զինծառայողների 4-ը շարունակել են մնալ դիրքերում, եւ միայն 2 օր անց է հնարավոր եղել նրանց իջեցնել դիրքերից եւ նրանց զորացրել տուն»,-ասաց նա:

Անդրադառնալով Բենիամին Մանուչարյանի դեպքին՝ նախարարն ասաց, որ կա վարկած, որը բավականին հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշում: Պապիկյանը հորդորեց զինծառայողների հարազատներին բոլոր պարագաներում զերծ մնալ ԶՈՒ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից, ստիպողական կամ զգայական վարքագծով նրանց ստիպելուց, որ կատարեն պարտականություններ, որոնք իրավունք չունեն կատարել:

«Մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել է զինծառայողին ընդառաջ, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին. զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, սակայն ձնահյուսի բերումով տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց Պապիկյանը:

 

 

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԻՆՁ ԷԼ ՕԳՆՈՂ ԿԳՏՆՎԻ»

58-ամյա Կարինե Բարսեղյանը ծնվել եւ իր ողջ կյանքն ապրել է Ստեփանակերտում։ Ընտանիքը կորցրել է արցախյան պատերազմների ընթացքում եւ մնացել միայնակ։

 

«Երբ սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը, իջանք նկուղ եւ մնացինք այնտեղ, մինչեւ որ 21-ին հայտարարեցին Արցախը դատարկելու մասին։ Հարեւանուհիս առաջարկեց իրենց մեքենայով դուրս գալ, եւ ես համաձայնեցի։ Ստեփանակերտում ինձ բոլորը ճանաչում են որպես ժողովրդասեր մարդու, եւ համոզված էի, որ ծանոթներս ինձ անօգնական չեն թողնի։ Սեպտեմբերի 25-ին հարեւանուհուս ամուսինը գնաց Հայկազովի զորամաս՝ վառելիք ստանալու, բայց պայթյունի հետեւանքով մահացավ։ Հաջորդ օրը հարեւանուհուս աղջիկը զանգեց ու ասաց, որ հայրը մահացել է։ Օրեր անց հարեւաններիս հետ ընդհանուր տրանսպորտով շարժվեցինք դեպի Գորիս»,- Armlur.am-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Կարինե Բարսեղյանը։

Հայաստան տեղափոխվելուց հետո տիկին Կարինեին Վանաձորի հյուրանոցներից մեկում սենյակ են տրամադրել՝ ապրելու։ Մեր զրուցակիցն ասում է, որ հյուրանոցի տնօրենը սենյակն անվճար էր տրամադրել իրեն, սակայն տիկին Կարինեն իրեն վատ էր զգում երկար այնտեղ ապրելուց։ Ասում է՝ չի ուզում մարդկանց իր վիճակով նեղություն տալ։ Մտքին եկավ գնալ Աբովյան քաղաք, ասել էին՝ այնտեղ ե՛ւ տների վարձն է ցածր, ե՛ւ տարիքին համապատասխան աշխատանք գտնելը հեշտ կլինի։ Գնաց, բայց ո՛չ տուն գտավ, ո՛չ էլ աշխատանք։ Հետո էլ փորձեց Երեւանում մինիմալ պայմաններով տուն գտնել. չգտավ։

«Քոռ ու փոշման ետ վերադարձել եմ Վանաձոր։ Այստեղ բավականին ցուրտ է, իսկ ինձ առողջական տարբեր խնդիրներ ունեմ, որոնք ցրտից ավելի են բարդանում։ Որտեղ որ հիմա ապրում եմ, ընդհանրապես տան պայմաններ չեն. գազ, տաք ջուր չկա, տունը խոնավ է, տաքացուցիչ միացնում եմ, տան օդն էլ չի փոխում։ Ուզում եմ խնդրել բոլորին մինիմալ պայմաններով, մի քիչ մատչելի գնով վարձով տուն տրամադրել, որպեսզի կարողանամ ե՛ւ տան վարձ տալ, ե՛ւ մարդու նեղություն չտալ։ Ես մարդկանց շատ եմ օգնել, կարծում եմ՝ ինձ էլ օգնող կգտնվի»,- ասում է մեր զրուցակիցը։

Կարինե Բարսեղյանին օգնող ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 96 702473։

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՆԳՆ-Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը:

Ինչպես ԶԼՄ-ներին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, ըստ ընդունված կարգի՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը եւ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թվականի հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։

«Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանում ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա: 16.01.2024 թվականի դրությամբ ստացված դիմումների թիվը 36 200 է, տպագրված վկայականների քանակը՝ 35 800, իսկ դիմումատուներին տրված վկայականները 28 490-ն են:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առաջիկա շաբաթ օրը՝ հունվարի 20-ը եւս աշխատանքային է լինելու անձնագրային ստորաբաժանումներում, եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք այդ օրը կարող են ներկայացնել ժամանակավոր պաշտպանության վկայականի դիմումներ, ինչպես նաեւ կատարել այլ անձնագրային գործողություններ։

Հունվարի 20-ին՝ ժամը 09.00-18.00-ն, աշխատանքային ռեժիմով կաշխատեն Ներքին գործերի նախարարության՝ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Կենտրոնականի, Նոր Նորքի, Շենգավիթի, Արաբկիրի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Մաշտոցի, Չարբախի, Կոտայքի, Վաղարշապատի, Աշտարակի, Արարատի խմբի /ք. Վեդի/, Արարատի բաժանմունքի, Արտաշատի, Գորիսի, Իջեւանի, Նաիրիի, Հրազդանի, Նոր Հաճնի, Մեծամորի տարածքային անձնագրային ստորաբաժանումները»,- պարզաբանում է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը։

 




Լրահոս