Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ 2023թ.-ին Չինաստանում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել. Պեկինում առաջին անգամ անցկացվել է հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթ՝ «ջութակ» մասնագիտական կարգում։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Խաչատրյանի անվան մրցույթը համատեղ կազմակերպել են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Չինաստանի ազգային օպերային թատրոնը եւ Չինաստանի պետական կառույցները։ Մրցույթի անցկացմանը Չինաստանում խրախուսել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ չինական կողմից հրավիրված է եղել եզրափակիչ փուլում նվագակցելու մրցույթի մասնակիցներին, ինչպես նաեւ հանդես գալու գալա համերգի ընթացքում։ Մրցույթն անցել է բարձր մակարդակով՝ արժանանալով այդ երկրում դասական երաժշտության սիրահարների եւ մասնագետների բարձր գնահատանքին։
Ստուգատեսի գալա համերգի եւ մրցանակաբաշխության ընթացքում Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը եւ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը բարձր են գնահատել Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթի անցկացումը Չինաստանում՝ կարեւորելով երկու երկրների միջեւ մշակութային կապերի ամրապնդումը։
Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին կազմված է եղել հեղինակավոր երաժիշտներից՝ Յարոսլավ Նադրժիցկի, Հրաչյա Ավանեսյան, Անդրեաս Ֆլոր, Իգոր Պետրուշեւսկի, Սոյոնգ Յուն եւ այլք։ Մրցույթին մասնակցել են ջութակահարներ ավելի քան տասը երկրից, եզրափակիչ փուլում նրանք կատարում էին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Մրցույթում հատուկ մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող երիտասարդ ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, չինական կողմի հրավերով հանդես է եկել նաեւ երեք համերգով։ Համերգները կայացել են դեկտեմբերի 29-ին Պեկինի ազգային օպերային թատրոնում, դեկտեմբերի 30-ին եւ 31-ին՝ Շինջինգշան վարչական շրջանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրերում ընդգրկված են եղել նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Մաեստրո Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ Արամ Խաչատրյանն իր արվեստով Հայաստանում եւ Հայաստանից դուրս շատ մարդկանց է միավորում։ Նրա խոսքով՝ Չինաստանում կայացած մրցույթի շնորհիվ բազմաթիվ երաժիշտներ սովորեցին եւ իրենց ծրագրերում ընդգրկեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դառնալով հայկական հնչյուններն աշխարհում տարածող երաժշտական դեսպաններ։
Խաչատրյանի անվան մրցույթը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները լայնորեն լուսաբանվել են չինական հեռուստաընկերություններով եւ զանգվածային այլ լրատվամիջոցներով։ Մրցույթի 3 փուլերի ուղիղ հեռարձակման արդյունքում արձանագրվել են ավելի քան 430 հազար առցանց դիտումներ, իսկ այլ լրատվամիջոցների միջոցով մրցույթի եւ Սիմֆոնիկ նվագախմբի համերգների դիտումները գերազանցել են 900 հազարը։ Դիտումների մեծ ցուցանիշը նպաստել է Խաչատրյանի արվեստի հանրահռչակմանը։
ՆՎԱՃՈՒՄ
Հայազգի Մարիա Ալեքսանյանը “ԹՌՉՈՑ, ՀՏրրՌÿ” ձիասպորտի ակումբի համառուսաստանյան ամանորյա մրցաշարում դարձել է երրորդ մրցանակակիր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած ձիասպորտի մրցաշարում 16-ամյա Մարիա Ալեքսանյանը գրավել է երրորդ հորիզոնականը` դառնալով բրոնզե մեդալակիր:
Այս նվաճումը Ալեքսանյանի առաջին հաջողությունը չէ։ 2023-ի տարեսկզբին Մարիա Ալեքսանյանն Համառուսաստանյան ձիասպորտի մրցաշարում դարձել է երկրորդ մրցանակակիր՝ հաղթահարելով 100 սմ արգելքը:
ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է «ՍՈՉԻ»
Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը տեղափոխվում է ռուսական «Սոչի»:
Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը: Հարությունյանը խաղացել է երեւանյան ակումբի ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում եւ 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում:
Հարությունյանը, 2021 թվականին «Արարատ-Արմենիայից» վերադառնալով հարազատ ակումբ, օգնել է թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել էր 4 գոլի եւ նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:
2022-ի ամռանը Հարությունյանը մեծ ներդրում ունեցավ «Փյունիկի» եվրագավաթային պատմական դարձած շրջանում, որտեղ թիմը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ փուլերը, այնուհետեւ նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, տարավ հայկական ակումբների առաջին հաղթանակը եվրոպական մրցաշարի խմբային փուլում: 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառվա եվրագավաթներում հատկապես փայլեց արդյունավետությամբ՝ 5 խաղում դառնալով մեկ գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հարությունյանը նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» գույներով հատեց 100 հանդիպման շեմը: Արդեն 2023/24-ի աշնանային հատվածում «Փյունիկ»-ի սանը գրանցեց անձնական ռեկորդ ու անցկացնում էր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ներքին մրցաշարերում Հովհաննեսն իր անվան դիմաց ունի 11 գոլ եւ 3 արդյունավետ փոխանցում:
Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաեւ «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022 թվականի արդյունքներով: