«ԳՈՒՑԵ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՀԱՃՈՅԱՆԱԼ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ:

 

-Պարո՛ն Ղահրամանյան, թեեւ հայկական կողմը խոսում է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին, ասում է, որ հնարավոր է սեղմ ժամկետում այդ պայմանագիրը կնքել, վերջերս իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով ամբողջովին հակառակը ապացուցեց՝ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով: Նա ասաց, որ 8 գյուղերի հարցն իրենց օրակարգում է մնում, Ջերմուկն իրենց քաղաքն է: Ինչպե՞ս այս ամենին կարձագանքեք, այս ամենից հետո ինչպե՞ս եք բանակցային հետագա գործընթացը շարունակելու:

-Դե, առհասարակ, եթե պետք է նայել երկու կողմից Ալիեւի հայտարարություններին՝ մեկը՝ ես անձամբ տեսնում եմ վիժեցնելու փորձ խաղաղության գործընթացի, մյուսը՝ երեւի նախընտրական  քարոզարշավի նման մի բան էր: Գյուղերի հետ կապված՝ երկուստեք եթե կան օկուպացված տարածքներ, մեր 32 գյուղերի կենսական տարածքները գտնվում են  Ադրբեջանի տարածքում: Երբ որ մենք հղում ենք անում Ալմա- Աթայի հռչակագրին, հենց դրա համար ենք անում. ըստ Ալմա-Աթայի հռչակագրի՝ պետք է  գծվեն սահմանները, եւ դեմարկացիա ու դելիմիտացիա արվի, թե չէ հիմա Ալիեւը կարող է 8 չասել, 18 ասել, մենք էլ՝ 32 չասենք, 62 ասենք, բայց կա փաստաթուղթ, որի վրա հիմնված՝ պետք է գործընթաց սկսվի:

-Բայց այս սպառնալիքների ներքո ինչպե՞ս եք հետագա բանակցությունները պատկերացնում խաղաղության շուրջ:  Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքն ամենեւին էլ պատրաստ չէ այդ խաղաղությանը:

-Մեր երկրի ղեկավարը ասել է, որ դա մեծ հարված է խաղաղության  օրակարգին, բայց, ամեն դեպքում, համարել, որ ամբողջովին տպալված է, ո՛չ: Կրկնում եմ՝ Ալիեւը միշտ է այդպիսին եղել, եւ չմոռանանք նաեւ, որ մեկ ամսից Ադրբեջանում նախագահական ընտրություններ են. նաեւ, կարող է, ցանկացել է հաճոյանալ իր ընտրողներին:

-Պարո՛ն Ղահրամանյան, նաեւ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ վերջերս Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ կարճ զրույց է ունեցել ու այս գյուղերի հարցով նաեւ նրա հետ է խոսել: Տեղյա՞կ եք՝ ինչպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը, ինչ են խոսել նախագահի հետ այդ կարճ զրույցի ընթացքում:

-Ո՛չ, տեղյակ չեմ. կարող եք հարցնել վարչապետի աշխատակազմին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել Դոգ մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանին կուսակցության շարքերից հեռացնելու եւ վերջինիս կողմից հավաք կազմակերպելու առնչությամբ:

 

Խորհուրդը նաեւ հայտնել է, որ դադարեցված են ոչ միայն Դոգի, այլեւ Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարի լիազորությունները, կասեցված են վերջինիս որոշումները:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ինչպես նախորդ հայտարարությամբ հայտնել էինք, 09.01.2024թ. «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, հիմք ընդունելով կանոնադրության 3.8.5 կետը (կուսակցության անդամի անդամությունը դադարում է այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում), դադարեցված է համարվել Վարդան Յուրիկի Ղուկասյանի՝ կուսակցության անդամությունը։

Այսօր լիազոր մարմինը գրանցել է 09.01.2024թ. «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի որոշումները, դրանք մտել են օրինական ուժի մեջ։

Այդ որոշումներով «Հանրային ձայն» կուսակցությունն ունի հետեւյալ կազմը`

կառավարման խորհուրդ։ 18 հոգի,

կառավարման խորհրդի ղեկավար` Արտակ Գավրուշայի Գալստյան:

Խորհրդի որոշումներից հետո բլոգեր Վարդան Ղուկասյանը՝ եթերով, իսկ այնուհետ սոցիալական կայքերով հայտարարություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունից, որ, իբր, վերջիններս 19 հունվարի 2024թ. ժամը 18։00-ին հրավիրել են կուսակցության համագումար, եւ հրավիրել է մարդկանց հավաքի։

«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը արդեն իսկ հանդես է եկել հերքող հայտարարությամբ, սակայն ունենք մտավախություն, որ որոշակի չիրազեկված մարդիկ կարող են այնուամենայնիվ հայտնվել շփոթության մեջ եւ գնան հավաքի։

Այս առումով հայտարարում ենք, որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը համագումար չի հրավիրել, կազմակերպված հավաքի հետ առնչություն չունի, հավանական սադրանքների, հակօրինական, ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվություն կրել չի կարող, քանի որ չի հանդիսանում տվյալ հավաքի կազմակերպիչ։

Ինչպես նաեւ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ իրավապահներին այն մասին, որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունը օգտագործելով, այն էլ՝ այն անձի կողմից, որն այլեւս առնչություն չունի կուսակցության հետ, նման հավաք կազմակերպելը իր մեջ առերեւույթ պարունակում է ինքնիրավչության հանցակազմ եւ քրեորեն պատժելի է, անհրաժեշտ է ձեռք առնել համապատասխան միջոցներ ապօրինի հավաք կազմակերպող բլոգերի՝ ՀՀ-ում գտնվող աջակիցներին բացահայտելու եւ հավաքի եկած քաղաքացիների անվտանգությունը եւ հասարակական կարգը ապահովելու նպատակով։

Իրավապահներին նաեւ հայտնել ենք, որ, խորհրդի նախագահի որոշմամբ, դադարեցվել է մինչ այդ «Հանրային ձայն» կուսակցության Երեւանի ավագանու ֆրակցիայի ղեկավար Վահան Ավագյանին տրված լիազորագիրը, չեղյալ են հայտարարվել վերջինիս կողմից կայացված բոլոր որոշումները, որոնք չեն ստացել կառավարման խորհրդի հավանությունը։ Հայտնել ենք նաեւ, որ կուսակցության կնիքը 09.01.2024թ. ժամը 12։00-ից գտնվում է խորհրդի ղեկավարի նոր պաշտոնակատարի մոտ, եւ նոր կնիք պատվիրելու այլ անձանց ցանկացած փորձ հակաօրինական է, քրեորեն պատժելի, իսկ դրանով կամ նախկինով կնքված եւ խորհրդի կողմից չհաստատված ցանկացած փաստաթուղթ հակաօրինական եւ ուժ չունեցող»:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ի առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, եւ այդ հիմքով դադարեցված է համարվում նրա անդամությունը կուսակցությանը։

«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն էլ, որը հանրության շրջանում առավել հայտնի է Դոգ մականվամբ, ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, այն կդադարի գոյություն ունենալ։

 

 

 

ԴՊՐՈՑ Է ՀԻՄՆԵԼ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր դպրոց է հիմնել՝ «Ժողովրդավարության դպրոց» անունով: ՔՊ կուսակցության դպրոցն արդեն ընդունելություն է հայտարարել: Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դպրոցը մարտի սկզբից կսկսի գործել: Այն տեղակայված է լինելու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ գտնվող կուսակցության նոր՝ Հանրապետության փողոցում գտնվող գրասենյակում, որը դեռ վերանորոգման փուլում է: Թե ովքեր են դասավանդելու դպրոցում, եւ ինչ են ուսուցանելու, ՔՊ փոխնախագահն ասաց՝ քաղաքականության տեսությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ կոնկրետ կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանն առնչվող հարցեր: Դպրոցում դասավանդելու են ՔՊ կուսակցության անդամները, այդ թվում՝ պատգամավորները: Ինչպես հայտնում են կուսակցությունից, դպրոց կարող է հաճախել ցանկացած անձ. ՔՊ կուսակցության անդամ լինելը պարտադիր չէ:

 

 

 

ԱՆՊԱՏԺԵԼԻ ԵՆ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունում ամենաթողությունն ու անպատժելիությունը գրեթե ամեն օր նոր «բարձունքների» են հասնում:

Թեեւ թավշյահեղափոխականները իշխանության եկել են կոռուպցիան արմատախիլ անելու, անպատժելիությունը վերացնելու խոստումով, բայց նրանց օրոք այս արատավոր երեւույթներն ավելի խորանում են, շատ դեպքերում՝ գերազանցում նախկին իշխանությունների օրոք տիրող բարքերին:

Թերեւս բերենք մեկ օրինակ. արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցը ողողված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ոլորտային ձախողումների մասին հստակ փաստերով:

Դրանցից թերեւս ամենաթարմն էլ այն է, որ նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։

Հիվանդանոցի բացման թեման Առողջապահության նախարարը տարբեր առիթներով օգտագործում էր իր PR-ն ապահովելու ու վարկանիշը բարձրացնելու համար:

Այնինչ, հիմա, երբ պարզվում է, որ հիվանդանոցը չի աշխատում, իրական պատասխանատուն՝ Ավանեսյանը, այդպես էլ իր պատիժը չի կրում. դրա փոխարեն նա աշխատանքից ազատում է ԱՆ փոխնախարար Արմեն Նազարյանին եւ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին:

Այստեղ թերեւս տեղին է մի համեմատական անցկացնել. երբ Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնավարած առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի շուրջ մեծ սկանդալ բարձրացավ, նրա գործունեության հետ կապված աղմկահարույց բացահայտումներ եղան, երկու տարի պաշտոնավարած Դումանյանին Սերժ Սարգսյանը ոչ միայն  հեռացրեց պաշտոնից, այլ նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի կազմից:

Հիմա ստացվում է՝ թավշյահեղափոխականներն անպատժելի են. այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին ու նախկին իշխանություններին, կարելի է Փաշինյանին ու ՔՊ-ականներին:

 




Լրահոս