ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽԹԱՆ՝ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հունվարի 18-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

 

Նա հիշեցրեց, որ 2023 թվականին կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական եւ հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։

«Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի տրամադրել նաեւ 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար։

Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաեւ կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը։

Նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը»,- ասաց Իսպիրյանը։

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, եւ նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիր։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հանքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը ստացել է եւ հնարավոր է համարել այն շահագործել։

«Վերջին վեց տարում անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին։ Եվ, իհարկե, եղել են բազմաթիվ մտահոգություններ, եւ կառավարությունը հետեւողական է եղել այդ բոլոր մտահոգությունների հետեւից գնալու, հարցերի պատասխանները ստանալու առումով։ Այն ժամանակ, երբ այդ բոլոր հարցերի պատասխանները ստացանք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը։ Նաեւ շատ ողջունելի է, որ ներդրողները, մեկ օրինակի հետեւելով, ցանկացել են, որ ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, մասնակցություն ունենա եւ բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ։ Եվ տվյալ դեպքում 12,5 տոկոսը պետք է անցնի Հայաստանի կառավարությանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։

Բացի օրենսդրությամբ սահմանված վճարումներից, ամեն ազդակիր համայնքի կվճարվի տարեկան 7 միլիոն դոլար։ Տվյալ դեպքում Ազդակիր համայնքներն են Ջերմուկ համայնքը, Սիսիան խոշորացված համայնքը եւ Վայք համայնքը»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգությունները փարատում է, նաեւ լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի եւ տնտեսական զարգացման համար։

«Մենք հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքաարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդման հարթակ։ Եվ, իհարկե, կառավարությունը արդեն որպես բաժնետեր այս հարցում կլինի հետեւողական»,- եզրափակեց վարչապետը։

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքները դադարեցվել էին դեռեւս 2018 թվականից, երբ հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպաններն ու հանքավայրի հարակից համայնքների որոշ բնակիչներ արգելափակել էին դեպի հանքավայր տանող բոլոր ճանապարհները։ Կառավարությունը հանքի շահագործման բնապահպանական ռիսկերն ու օրինականությունը գնահատելու հարցով միջազգային փորձաքննություն էր պատվիրել, նաեւ հանքի շահագործման հետ կապված քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում կարճվեց՝ նաեւ հիմնվելով միջազգային փորձաքննության արդյունքների վրա։

 

 

ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Կոնվերս բանկը» հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36 ամիս ժամկետով:

 

 

 

«Կոնվերս բանկի» Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է. «Գործընկեր «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը նոր հաջողված փորձառություն է «Կոնվերս բանկի» համար: Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը վկայում է պարտքային արժեթղթերի մասով ՀՀ ֆինանսական շուկայում նկատվող պահանջարկի, ինչպես նաեւ Եվրոթերմ/Նոյան ապրանքանիշերի նկատմամբ վստահության մասին:

Բանկը նպատակ ունի այսուհետ եւս իրականացնել տնտեսության իրական հատվածի ընկերությունների պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում՝ հաճախորդների համար ստեղծելով տարբեր ոլորտների ընկերությունների արժեթղթերում ներդրումների, իսկ թողարկող ընկերությունների համար՝ ֆինանսների ներգրավման նոր հնարավորություններ: «Կոնվերս բանկը» բաց եւ պատրաստակամ է այս ծառայությունները մատուցել այն ընկերություններին, որոնք ցանկանում են հայտնվել ֆինանսական շուկաներում, օգտվել դրանց հնարավորություններից եւ դիվերսիֆիկացնել պասիվների կառուցվածքը: Ընդ որում՝ թողարկման ողջ գործընթացը՝ փաստաթղթերի հավաքագրմանը աջակցությունից մինչեւ տեղաբաշխման ավարտ, կկազմակերպվի «Կոնվերս բանկի» կողմից, այդ թվում՝ թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»:

Հայտարարված ձեռքբերման ցածր շեմի (նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) շնորհիվ դրանք հասանելի են դարձել ավելի քան 150 ներդրողի: Converse Mobile հավելվածի պարզ օգտագործումն է՛լ ավելի է հեշտացրել ներդրման գործընթացը: Ընդհանուր առմամբ, պարտատոմսերի ավելի քան 70%-ը տեղաբաշխվել է հավելվածի միջոցով:

Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա երկրորդային շուկայում շրջանառելու համար: Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես կգա «Կոնվերս բանկը»:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

 

ՏՆՕՐԵՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

Տավուշի մարզում բարձրագույն կլրթություն չունեցող շատ ուսուցիչների ազատել են աշխատանքից, նույն պատճառով գործից ազատել են մարզի բազում գյուղերի վարչական ղեկավարների։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մի մասը չունի բարձրագույն մանկավարժական կրթություն, սակայն շարունակում է պաշտոնավարել։ Ի պատասխան տեղեկատվական իմ հարցմանը՝ Տավուշ մարզպետարանից հայտնել են, որ մարզի հանրակրթական 76 դպրոցների տնօրեններից  62-ն ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն:

 

 

 

«ԱՊԱԳԱ ԿԱ»

2023թ. դեկտեմբերի 1-ին Դիլիջան համայնքի ավագանին որոշել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի վարձատրության չափը 2024 թվականի համար սահմանել ամսական 560000 ՀՀ դրամ: ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը մինչեւ 2018-ի թավշյա հեղափոխությունը բենզալցակայանում վառելիքի լիցքավորող է եղել։ 1984թ. ծնված Դ. Սարգսյանն ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, ներկայումս հեռակա սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։

 

 

 

ՄՈՐԹԸ՝ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Հունվարի 16-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում-քննարկում է անցկացրել մարզի սպանդանոցների պատասխանատուների մասնակցությամբ։ Դրան մասնակցել են մարզում գործող բոլոր սպանդանոցների՝ Բերդի, Նավուրի, Գետահովտի եւ Նոյեմբերյանի սպանդանոցների ղեկավարները։ Դիլիջան քաղաքում եւ նույնանուն  համայնքում ոչ մի սպանդանոց չի գործում։ Հանդիպմանը  մասնակցել են նաեւ մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը, ՍԱՊԾ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբան Հունան Եգանյանը, մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուները։ Հանդիպմանը քննարկվել են սպանդանոցների աշխատանքի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր։ Սպանդանոցների պատասխանատուները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնցից  է սպանդանոցներում ստացվող մսի իրացման  խնդիրը։ Ուշադրություն է հրավիրվել ֆերմեր-սպանդանոց փոխհարաբերությունների բարելավման ու ակտիվացման վրա, քննարկվել են նաեւ սպանդանոց բերված կենդանիներին ուղեկցող փաստաթղթերին առնչվող հարցեր։ Առաջարկվել է առավել հետեւողական լինել մարզում սպանդանոցային մորթի կազմակերպման հարցում։ Ներկայումս Տավուշի մարզում անասունների մեծ մասի մորթը սպանդանոցներում չի կատարվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս