Ծառատունկ պարսկահայերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց իրանահայ համայնքի «Արարատ» մարզամշակութային կենտրոնի 70 ամյակի կապակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային թանգարան-արգելոցի տարածքում կազմակերպված ծառատունկին, որին մասնակցում էին նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը, «Արարատ» միության անդամներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Արարատ» մարզամշակութային կենտրոնի հիմնադիր, գրող Հակոբ Կարապենցի անվան դպրոցի սաները:

«Արարատ» մարզամշակութային կազմակերպությունը մեծ ներդրում ունի հայապահպանության, սերունդների հայեցի կրթության և դաստիարակման գործում: Միության 70 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Հայրենիքում կազմակերպված այս ծառատունկը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց իրանահայությանը կենտրոնի 70 ամյա հոբելյանի կապակցությամբ և նշեց, որ այսօրվա ծառատունկը հայրենիքում ամուր արմատներ ձգելու մեծ խորհուրդ ունի: Նմանատիպ կենտրոնների ստեղծումը այլ համայնքների համար ևս ազգային մշակույթի և ինքնության պահպանման կարևոր օրինակ պետք է լինի:

 

ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսին բարձր գնահատեց հայ համայնքի ակտիվ կենսագործունեությունը Իրանում և նշեց, որ համայնքի յուրաքանչյուր անդամ մեծ հարգանք է վայելում իրենց երկրում և իր ստեղծած բարիքներով իր նպաստն է բերում ինչպես հայ համայնքի, այնպես էլ Իրանի զարգացմանը:

Միջոցառման մասնակիցները Զվարթնոցի տաճարի մոտ գտնվող 2 հազ. քառ. մետր տարածքով հողամասում տնկեցին պտղատու և մշտադալար ծառեր: Միջոցառման ավարտին Հակոբ Կարապենցի անվան դպրոցի սաները հանդես եկան հայրենասիրական երգերի և ասմունքի կատարումներով:




Լրահոս