ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՃԻՇՏ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին երեկոյան Երեւանում ակտիվանում է մշակութային կյանքը, այդ թվում՝ թատրոն, օպերա, բալետ եւ համերգներ: Հաճախ, սակայն, նման վայրեր ներկայանալու համար նախատեսված էթիկետի կանոնների չիմացությունը խանգարում է ներկայացման ընթացքն ու շեղում հանդիսատեսի ուշադրությունը:

 

ArmLur.am-ը ձեզ է ներկայացնում մի քանի պարզ կանոններ, որոնց պետք է տիրապետել մշակութային միջոցառումներին ներկայանալիս:

Ներկայանալ ժամանակին

Առաջին կանոնը ներկայացմանը ճիշտ ժամանակին գալն է, ինչը ենթադրում է ներկայացումից առնվազն 15 րոպե առաջ լինել նախասրահում, որպեսզի կարողանաք այն սկսելուց 5 րոպե առաջ զբաղեցնել ձեր տեղը:

Օգտվել հանդերձարանից

Ներկայացմանը մտնելուց առաջ մի՛ մոռացեք հանել ձեր վերարկուն եւ հանձնել հանդերձարան, քանի որ սրահում այն կարող է խանգարել թե՛ ձեզ, թե՛ ձեր կողքիններին: Բացի այդ, վերարկուով դահլիճում նստելը անհարգալից վերաբերմունքի նշան է:

Ներկայացման գալ

պատշաճ հագուկապով

Օպերա, թատրոն կամ համերգասրահ մտնելիս պետք է պատշաճ տեսք ունենալ: 20-րդ դարում նման միջոցառումներին ներկայանալու համար պարտադիր պայման էր համարվում երեկոյան հանդերձանքը, սակայն այսօր պարզ դասական հագուկապն է ընդունելի: Չի կարելի ներկայացման գնալ ջինսե տաբատներով, սպորտային կոշիկներով եւ հագուստով, բաց հագուկապով:

Չօգտագործել չափից շատ օծանելիք

Ներկայացումից անմիջապես առաջ մի՛ թարմացրեք օծանելիքը, քանի որ այն կարող է նեղություն պատճառելձեր կողքին նստած հանդիսատեսին:

Անջատել բջջային հեռախոսը

Ներկայացմանը մտնելուց առաջ մի՛ մոռացեք անջատել բջջային հեռախոսը դերասանների ուշադրությունը չշեղելու եւ հանդիսատեսին չխանգարելու համար:

Շարժվել դեմքով դեպի հանդիսատեսը

Երբ անցնում եք շարքերի միջով, ապա հիշե՛ք՝ պետք է շարժվել դեմքով դեպի հանդիսատեսը, այլ ոչ թե հակառակը:

Նստել միայն ձեր տեղում

Դահլիճում զբաղեցրե՛ք միայն ձեր տոմսի վրա գրված նստատեղը, որպեսզի խուսափեք անհարմար իրավիճակներից եւ ավելորդ շարժ չստեղծեք:

«Չ» անել

Ներկայացման ընթացքում չի կարելի ծխել, ուտել եւ խմել, ինչպես նաեւ չի կարելի զրուցել կամ հեռախոսով խոսել: Անհարգալից է նաեւ հեռախոսով այլ զբաղմունք փնտրելը:

Ներկայացման ընթացքում դուրս չգալ դահլիճից

Եվրոպական մի շարք երկրներում՝ դահլիճի մուտքին չհասած, փակցված են վահանակներ, որոնց վրա հստակ նշված են այն գործողությունները, որոնք պետք է անել մինչեւ ներկայացման սկիզբը. «Սանհանգույց այցելե՛ք նախքան ներկայացումը կամ ընդմիջման ընթացքում»: Սա նպատակ ունի ապահովել ներկայացման անխափան ընթացքը:

Հիշե՛ք՝ եթե ներկայացումը ձեզ դուր չի գալիս, ապա դահլիճը լքե՛ք միայն ընդմիջման ընթացքում: Այդպիսով դուք չեք խանգարի ձեր կողքին նստած մարդկանց եւ չեք անարգի ելույթ ունեցողներին:

Բարի վայելում:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԿԱՌՈՒՑՎԻ

Երեւանում նախատեսվում է կառուցել ճանապարհ, որը միմյանց կկապի Երեւան քաղաքի մի շարք վարչական շրջաններ։ Այդ նպատակով կառավարությունը 60 միլիոն դրամի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից։

 

Կառավարության հունվարի 18-ի նիստում Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ««Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին՝ 60 միլիոն 90 հազար եվրոյի չափով։

«Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երեւան քաղաքի մի շարք վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր եւ նվազեցնելով խցանումները։

Այս ճանապարհահատվածը կհանդիսանա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը։ Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կիլոմետր է. իջատեղերով եւ երկրորդային ճանապարհներով կկազմի 6,6 կիլոմետր։ Ճանապարհը հիմնականում բաղկացած կլինի 6 երթեւեկելի գոտուց։

Նշեմ, որ աշխատանքները ներառելու են Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թեւերի կառուցումը, որով կապահովվի մուտքը Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կկառուցվի երկաթբետոնյա հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կկառուցվի շրջանաձեւ երթեւեկության ճանապարհային հանգույց՝ թունելային անցմամբ»,- ասաց Ղալեչյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է ավարտել 2027 թվականին. այն կիրականացվի Երեւանի քաղաքապետարանի կողմից։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծել է, որ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, բոլոր ուսումնասիրությունները անցած նախագիծ է, որը էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթեւեկությունը տվյալ հատվածում։ Մասնավորապես՝ Հաղթանակի կամուրջը որոշակիորեն կբեռնաթափվի եւ Մոնթե Մելքոնյան ճանապարհը ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ։

«Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհի կառուցումը շատ կարեւոր է մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից։ Դա Նորագյուղի եւ հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում եւ նախագծի նախապատրաստման աշխատանքն ենք իրականացնում»,- ասաց Երեւանի քաղաքապետը։

«Վստահաբար, ճանապարհի կառուցմանը զուգահեռ ունենալու ենք հայեցակարգ Նորագյուղ թաղամասի կառուցման, որը կներկայացնենք եւ՛ կառավարությանը, եւ՛ հանրությանը»,- եզրափակեց Ավինյանը։

 

 

 

ՀԵՌԱՆՈՒՄ Է

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայտնել է ղազախական «Աստանա»-ից հեռանալու մասին։

«Շնորհակալություն «Աստանա»-ին երկու տարի անցկացնելու համար։ Հպարտ ու երջանիկ եմ, որ ներկայացրել եմ այս ակումբը։ Շնորհակալ եմ խաղընկերներիս, մարզիչներին ու բժշկական անձնակազմին։ Շնորհակալ եմ չեմպիոնության ու եվրագավաթների համար։ Մաղթում եմ հաջողություններ ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- «Ինստագրամի» իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Նա «Աստանային» միացել էր 2022 թվականին եւ անցկացրել 42 հանդիպում։ Դեռեւս չի նշվում, թե 31-ամյա ֆուտբոլիստը որտեղ կշարունակի կարիերան։

 

 

 

ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ

Հունգարական «Ֆերենցվարոշի» մարզական տնօրեն Տամաշ Հայնալը խոսել է Էդգար Սեւիկյանի մասին, որը երեկ համալրել է իրենց թիմի շարքերը։

«Մենք շատ ուրախ ենք, որ նման լավ ֆուտբոլիստ ենք ձեռք բերել ու կարողացել ենք Էդգարին համոզել միանալ մեր նախագծին։ Նա համապատասխանում է մեզ, մեծ ներուժ ունի եւ կարող է աճել ու զարգանալ։ Դրա համար արեցինք ամեն բան, որպեսզի լինի մեր թիմի կազմում»,-Հայնալի խոսքերը մեջբերում է sport-express.ru-ն։

Նա նշել է, որ Սեւիկյանն ուրախ ու մոտիվացված է, ակումբի հետ հաջողությունների հասնելու մեծ ցանկություններ ունի. «Չեմ կարծում, որ «Ֆերենսվարոշը» նրա համար պետք է ցատկահարթակ լինի դեպի այլ ակումբ, նման տարբերակ չենք քննարկել։ Մեզ համար կարեւոր է, որ ֆուտբոլիստները ցանկանան նվաճումների հասնել մեր ակումբի հետ»։

 

 

 

ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

Փետրվարի 12-20-ը Սոֆիայում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վերջին կարեւոր ստուգատեսն է լինելու ամռանը կայանալիք օլիմպիական խաղերից առաջ:

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների ընդլայնված կազմերը:

Հայաստանի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտավորել է հետեւյալ ծանրոդներին՝ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ), Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ): Պահեստայինների թվում են Գառնիկ Չոլակյանն (61 կգ) ու Արա Աղանյանը (96 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ հանդես կգան Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Տաթեւ Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):




Լրահոս