Լուսանկարը՝ համացանցից
Այս «կրեատիվ» դույլ-աղբամանը Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանի մտքի արգասիքն է։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանը ինչ է իրենից ներկայացնում:
Հասմիկ Հայրապետյան
(60 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ՀՀ միգրացիոն պետական ծառայության ենթակայությամբ գործում է հատուկ կացարան, որը նախատեսված է Հայաստանում ապաստան հայցող անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տեղավորելու համար:
Հատուկ կացարանում բնակվող անձանց տեղաշարժի ազատությունը չի սահմանափակվում: Նրանք կարող են բնակվել կացարանում մինչեւ իրենց ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը՝ ներառյալ մերժման որոշման դատական կարգով բողոքարկման ավարտը: Հատուկ կացարանում բնակության ողջ ընթացքում նրանց տրամադրվում է սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմողի ապաստանի դիմումը վերջնական մերժվելուց հետո նա կարող է կրկին դիմում ներկայացնել ՄՊԾ Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ եւ փաստեր:
ԻՐԱՎՈԻՆՔ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ծառայողական քննության կողմերն ինչպիսի իրավունքներ ունեն:
Մերի Սարգսյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության կողմն իրավունք ունի ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված դեպքերում եւ ընթացակարգով`
ա) ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու դիմում,
բ) ծառայողական քննություն սկսելու պահից ստանալ ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում,
գ) ստանալ ծառայողական քննության անցկացման կապակցությամբ խորհրդի որոշումների պատճենները, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով,
դ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնել` առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող, ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու եւ դրանց ընթացք տալու վերաբերյալ,
ե) ծառայողական քննության ցանկացած փուլում, գրավոր դիմում ներկայացնելով, հետ վերցնել ծառայողական քննություն անցկացնելու մասին իր դիմումը,
զ) տալ բացատրություններ,
է) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնել, որոնք հաշվի չառնելը բողոքարկման ենթակա չէ,
ը) ծառայողական քննությունն ավարտվելուց հետո ծանոթանալ քննության նյութերին, քննությունը լրացնելու կապակցությամբ ներկայացնել միջնորդություններ:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ իրավունքներ: