Ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ մյուս՝ հաջորդող պատերազմներին, Արցախը կորցրեց ոչ միայն իր խիզախ, քաջ ու արիասիրտ որդիներին, այլև այդ բոլոր հատկանիշների հետ միաձուլվող մեծ ձիրքի տեր հանճարեղ տղաներին: Քաջ ու արիասիրտ, խիզախ ու անվեհեր, մեծ ձիրք ու շնորհի տեր էր Գոռ Մասիսի Իսրայելյանը:
Գոռ Իսրայելյանը ծնվել է 1994թ. հունիսի 10-ին Արցախի Հանրապետության Թբլղու գյուղում: 2001-2004թթ. սովորել և ավարտել է հարազատ գյուղի տարրական դպրոցում, այնուհետև՝ 2004-2012թթ. սովորել և ավարտել է Քոլատակ գյուղի միջնակարգ դպրոցում: Ինչպես Գոռի հորաքրոջ որդին է ասում՝ դեռ դպրոցում ուսուցիչները նկատել էին արվեստի հանդեպ Գոռի սերն ու հետաքրքրությունը:
«Նկարելու և քանդակելու ջիղը Գոռը ժառանգել էր մայրական կողմի պապիկից և պապիկի հետ էլ աշխատելով՝ հմտացել: Երբ տեսնում էինք Գոռին Թբլղուից Քոլատակ բարձրանալիս, արդեն գիտեինք, որ գնում է պապիկի մոտ՝ փայտից քանդակ անելու: Դպրոցում սովորելու տարիներին 2 անգամ մասնակցել է միայն «Հմուտ ձեռքեր» մրցույթին՝ գրավելով առաջին և երկրորդ հորիզոնականները: 2017թ. մասնակցել է Շուշի քաղաքում կազմակերպված Արցախի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է երեք աշխատանք, իսկ 2018թ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր հինգ աշխատանքները»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է հորաքրոջ որդին՝ Մանուկ Եսայանը:
Գոռը սովորել և գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Կերպարվեստի բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2013-2015թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում և զորացրվել սերժանտի կոչումով, մասնակցել՝ քառօրյա և 44-օրյա պատերազմներին:
«Չեմ թաքցնի՝ եղբայրս անբացատրելի հայրենասեր էր, մի մեծ հայասեր: Պատերազմի մասին իմանալուն պես՝ շտապում էր դիրքեր: 2016թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և խիզախություն ցուցաբերելու համար՝ պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով: Դիրքերում էր նաև 44-օրյա պատերազմին՝ հակառակորդի դեմ կռվելով Մարտակերտի «Մատաղիս» և «Եղնիկներ» մարտական դիրքերի ուղղություններով»,- ասում է մեր զրուցակիցը:
2023թ. անցել է ծառայության Ազգային Անվտանգության ծառայության ԱԹՍ վարչությունում՝ որպես սպա՝ լեյտենանտի կոչումով: 2023թ. պատերազմի ժամանակ իրականացրել է իր մարտական առաջադրանքը:
«Թշնամու դավադիր արկի բեկորից գլխի հատվածում ծանր վիրավորում է ստանում և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում հանրապետական հիվանդանոցի վերaկանգնողական բաժին: Մի քանի օր պայքարելուց հետո` բժիշկներին չի հաջողվում փրկել Գոռի կյանքը, և սեպտեմբերի 22-ին եղբայրս ևս համալրում է մեր հավերժի ճամփորդ նվիրյալների գունդը: Գոռի մարմինը հուղարկավորելով Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում՝ օրեր անց մենք ևս բռնեցինք գաղթի ճանապարհը…»,- խորը ցավով վերհիշում է եղբայրը՝ Մանուկ Եսայանը և եզրափակում իր զրույցը մեզ հետ:
ArmLur.am-ը զրուցել է նաև Գոռի ուսուցչուհու՝ Սուսաննա Աղասյանի հետ, ով մեզ հետ զրույցում հիշեց Գոռի դպրոցական տարիներից մի դրվագ.
«Աշխարհագրությունից գործնական հանձնարարություն էի տվել, որ ուրվագծեն ներկայացված քարտեզը: Գոռն առաջարկեց հանձնարարությունը փայտի վրա կատարի, ուրախությամբ համաձայնվեցի: Հաջորդ ժամին ներկայացրեց իր աշխատանքը՝ փայտի վրա, շատ ցայտուն կերպով քանդակած Հայաստանն ու Արցախը միասին: Այնքան լավ աշխատանք էր, արտահայտիչ ամեն մարզը քանդակած, որ պահեցի աշխարհագրության լսարանում՝ որպես քարտեզի մի օրինակ»,- ասում է ուսուցչուհին:
Մեր զրուցակցի խոսքով՝ դպրոցում ամենասիրած առարկան հայոց պատմությունն է եղել, և ինչպես ուսուցչուհին է ասում` դպրոցում քչերն էին նրա պես պատմությանը տիրապետում:
«Ընդհանրապես հեշտությամբ կարող էր բոլոր առարկաները գերազանցությամբ ավարտել, բայց Գոռը մշակույթի մարդ էր, իր ժամանակը գրեթե ամբողջությամբ քանդակելուն էր հատկացնում»,- ասում է ուսուցչուհին և հիշում, որ Գոռի վիրավորվելու լուրն իմանալուն պես շտապել է հիվանդանոց, սակայն բժիշկները թույլ չեն տվել նրան մտնել սենյակ:
«Ասացին վաղը մեկ անց կես կգաք, բայց մինչև հաջորդ օրվա մեկ անց կես լինելն ավելի վատ լուր լսեցի՝ Գոռը մահացել է… Նա այնքան հայրենասեր էր, որ կարծում եմ հիմա նրա հոգին հանգիստ է՝ թեկուզ գերված, բայց հայրենի հողի գրկում է…
Գոռն ամուսնացած էր, ուներ մեկ որդի՝ Հայկը:
Նանիկ Աղասյան