ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։ Չդադարող ձյան առատ տեղումները, ձնաբուքը և մերկասառույցն ամենուր բարդություններ և խոչընդոտներ են առաջացնում՝ հաճախ փակելով և դժվարանցանելի դարձնելով միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները։
Իրավիճակով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարարական ծառայողները, մոբիլիզացնելով ուժերն այլ ծառայությունների հետ, շուրջօրյա հերթապահություն և շրջայցեր են իրականացնում՝ մարդկանց անվտանգությունը և ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով։ Գրանցված դեպքերին և պատահարներին առավել օպերատիվ արձագանքելու նպատակով հերթապահություններ են սահմանվել Երևան-Սևան ավտոճանապարհի 3 հատվածներում, Արագածոտնի մարզի Քուչակ, Շիրակի մարզի Կարմրավան և Վարդաղբյուր գյուղերի, Սյունիքի մարզի Գորայք, Աղվանի, Շինուհայր, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Լոռու մարզի Փամբակ բնակավայրերի, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ին, Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, Դիլիջանի թունելի, Սևանի թերակղզու և Պուշկինի ոլորանների մոտակայքում։
Ավտոճանապարհների առավել վտանգավոր և դժվարամատչելի հատվածներում նախապես ծավալված առաջնային օգնության հինգ հենակետերում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին՝ տրամադրելով թեյ, սուրճ և տաքանալու պարագաներ:
Հունվարի 22-ին և 23-ին ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր, Եղվարդ, Նոյեմբերյան, Սևան, Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Աշտարակ, Ապարան, Սիսիան քաղաքներում, Ջամշլու, Ֆանտան, Ջրաբեր, Աշոցք, Արթիկ, Ախուրյան, Մուսայելյան, Կապս, Ամասիա, Մարմաշեն, Կողբ, Ոսկեվան, Զորական, Ղուրսալի, Ագարակաձոր, Սարավան, Սառնակունք գյուղերում, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Սարավան-«Զանգեր», Ջերմուկ-Գնդեվազ, Ստեփանավան-Վանաձոր, Քուչակ-Ապարան, Ամասիա-Բերդաշեն, Ամասիա-Հովտուն, Բանդիվան-Ցողամարգ, Գեղարոտ-Ջամշլու, Աղվանի-Տաթև, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում։
Հունվարի 22-ին և 23-ին խնդրահարույց հատվածներում գրանցվել է խցանման և արգելափակման 94 դեպք․ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 144 տրանսպորտային միջոց, 261 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Նշենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավտոճանապարհներին գրանցվել է 374 դեպք․ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 964 տրանսպորտային միջոց և 1790 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։