Վերջերս համացանցում տարածվեցին Արցախի նախկին նախագահների լուսանկարները, ովքեր գերության մեջ են և պահվում են Բաքվի բանտում։ Լուսանկարներում, որոնք տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, երևում էր, թե ինչպես են ժպտում նախագահները, գիրք կարդում։ Սա կարծես ադրբեջանական քարոզչության դրսևորում էր, որին դիմել էր Ադրբեջանը՝ ցույց տալու համար, որ նախագահները պահվում են շատ լավ պայմաններում։
Սա ադրբեջանական ձեռագիր է, որը գործարկվել էր նաև ռուս-հրեական ծագմամբ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բանտարկության շրջանում։ ArmLur.am-ը կապվեց Ալեքսանդր Լապշինի հետ, ով մեզ հետ զրույցում ևս փաստեց, որ դրանք այն բանտերը չեն, որտեղ պահվում են նախագահները, դա իրականությանը չի համապատասխանում։
«Իհարկե, դրանք այն պայմանները չեն, որոնք կան իրականում։ Նման բանտ Բաքվում մեկն է, որտեղ պահվում են միայն Ադրբեջանի օլիգարխները, որոնք փողի դիմաց կարող են ամեն ինչ ունենալ այդ բանտում, իսկ այդ պետությունը սնվում է հիմնականում հենց այդ գումարներից։ Արցախի նախկին ղեկավարներին հաստատ այնտեղ չէին կարող տանել։ Նրանց հավանաբար պահում են այն բանտում, որտեղ ժամանակին պահում էին ինձ։ Ինձ հետ այդ բանտում էր նաև Ադրբեջանի նախկին ԱԱԾ պետը, ով ուներ արտոնություն, միայն նրան էին թույլ տալիս շրջել բանտի միջանցքներում»,-ասաց Լապշինը:
Ըստ Լապշինի՝ այս լուսանկարների տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի հայ հասարակության առաջ իջեցնել նախկին նախագահների վարկանիշը, և կա երկրորդ նպատակ․
«Նրանք ցանկանում են վերացնել այն աջակցությունը, որը ունեն հայերը նախագահների հանդեպ։ Ուզում են անել այնպես, որ Հայաստանում մտածեն, թե նախագահներն իրենց տանն են իրենց զգում։ Ես ինքս էլ կարծում եմ, որ նրանց պետք է պատսխանատվության ենթարկեն, սակայն դա պետք է արվի Հայաստանում, նրանց սկզբից պիտի բերեն Հայաստան, հետո միայն քննեն նրանց գործունեությունը։ Օրինակ հիմա շատ հայեր կարծում են, որ նախկին նախագահները համագործակցում են Ադրբեջանի հետ, այդպես գրում են համացանցում։ Ես հուսով եմ՝ դա այդպես չէ։ Ադրբեջանն իր հերթին ուզում է ցույց տա, որ իրենք վայրենի լինելուց զատ, ղեկավարներին պահում են մարդկային լավ պայմաններում։»,- նշեց նա։
Լապշինը ընդգծեց, որ հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ռուբեն Վարդանյանն այդ նկարներում չկար։
«Հետաքրքիրն այն է, որ չեմ հիշում, թե որ պաշտոնյան էր, որ նստած գիրք էր կարդում (նկատի ունենալով Արկադի Ղուկասյանին)։ Պատկերացրեք մի քանի լուսանկարիչ շատ մոտ կանգնած նկարում են նրան, իսկ նա ոչ մի արձագանք չտալով շարունակում է կարդալ»:
Լապշինը նշեց նաև, որ այդ ժպիտները արված են սպառնալիքի ազդեցության տակ, ինչպես իր դեպքում էր։ Նրան պառնացել էին զրկել շրջայցից և փաստաբանների հետ տեսակցությունից։ Բլոգերի խոսքով՝ Արցախի նախկին նախարարներին ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում 15-20 տարի պահել իրենց մոտ՝ փակի տակ։
Նրանք փորձելու են հասկանալ, թե ինչ կտան ՀՀ իշխանությունները նրանց դիմաց։
Էմմա Միքայելյան