Վանաձորում շարժը մեծացել է՝ կապված բռնի տեղահանված արցախցիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. Արցախի հայաթափումից հետո ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում բնակություն է հաստատել շուրջ 3000 բռնի տեղահանված արցախցի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի համայնքապետարանի հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ Աստղիկ Ավետիքյանը:

«Առաջին օրերին բոլորին գրանցում էինք և նախնական տեղավորում էինք կամ ընդհանուր կացության վայրերում, կամ էլ հյուրատներում: Գրանցումից հետո արդեն առանձին բնակարաններով ապահովվեցին մեր հայրենակիցները: Իհարկե, մեծամասնությունը վարձակալությամբ, սակայն ունենք նաև երեք խոշորացված համայնք, որտեղ սեփականատերերը տները տրամադրել են անվճար, որ տունը անբնակ չլինի: Պետք է նշեմ նաև այն, որ եղել են նաև մարդիկ, որ նախընտերել են համայնքում բնակարան գնել և մշտապես ապրել մեր համայնքում»,- ասաց Աստղիկ Ավետիքյանը և միաժամանակ շեշտեց, որ նոյեմբերի 1-ի դրությամբ Վանաձորում արդեն չեն եղել ընդհանուր կացության վայրերում բնակվող բռնի տեղահանվածներ:

Մեր զրուցակցի խոսքով՝ Վանաձորում գործող աշխատանքային խումբն առ այսօր այցեր է կատարում բռնի տեղահանված ընտանիքներին և ծանոթանում նրանց առաջնային կարիքներին: Այնուհետև խումբը, պետության ու բարերաների աջակցությամբ, փորձում է լուծել այդ խնդիրները:

«Շատերը նախընտրեցին բնակվել գյուղական համայնքներում, քանի որ գյուղերում սեփական տներին կից լինում է հողատարածք և հարմար է զբաղվելու նաև հողագործությամբ: Ընդհանուր առմամբ համայնքում շարժը մեծացել է, մի մասը տաքսի ծառայությամբ է զբաղվում, մի մասին մենք ենք առաջարկել համայնքին կից մանկապարտեզներում աշխատել և սիրով էլ ընդունել են մեր առաջարկը, որոշները տնային պայմաններում են հրուշակեղեն պատրաստում և իրացնում: Դրական փոփոխություն միանշանակ համայնքում զգացվում է և ամենակարևորը պետք է շեշտեմ, որ նրանք ևս շահագրգռված են աշխատանք գտնելու, հնարավորինս շուտ ինտեգրվելու համայնքի կյանքին»,- ասաց մեր զրուցակիցը:

Նանիկ Աղասյան




Լրահոս