ԱԺ-ի լիազորությունները կընդլայնվեն․ նախարարությունից մանրամասնում են Սահմանադրական բարեփոխումների նախագծից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի իշխանությունները նախատեսում են Սահմանադրական փոփոխություններով Հայաստանում ընդլայնել Ազգային ժողովի լիազորությունները և բարձրացնել խորհրդարանական վերահսկողությունը:

Արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը դեռ հունվարի 8-ի իր ասուլիսում հայտարարել էր, որ Սահամանադրական բարեփոխումների նոր նախագիծ է ուղարկվել Կառավարություն:

Արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ հայեցակարգի նախագծում տեղ գտած մի շարք հայեցակարգային ուղղությունների վերաբերյալ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից քննարկումները դեռևս շարունակական փուլում են, և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռևս չի հաստատել հայեցակարգի նախագիծն ամբողջությամբ՝ պայմանավորված դրա շուրջ քննարկումների իրականացման անհրաժեշտությամբ և հնարավոր լրամշակման ակնկալիքով:

Նախարարությունից նաև որոշ մանրամասներ են ներկայացրել հայեցակարգային նախագծի բովանդակության մասին:
Այսպիսով՝ ըստ ԱՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տեղեկությունների՝ հայեցակարգի նախագծով անդրադարձ է կատարվում կայուն խորհրդարանական մեծամասնության, իշխանությունների տարանջատման և դրանց միջև փոխզսպումների ու հակակշիռների ամրապնդման, Ազգային ժողովի լիազորությունների ընդլայնման և խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացման, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու, Սահմանադրությամբ պետական և ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակը վերանայելու, պետական մարմիններին և մասնավոր անձանց պետական իշխանության պատվիրակման հետ կապված հարցերին, ինչպես նաև միջազգային իրավունքին, բնապահպանական օրակարգին, դատական իշխանությանը, դատախազությանը, քննչական մարմիններին և ընդհանրապես Սահմանադրության բեռնաթափման հնարավորություններին վերաբերող հարցերին:

Նախարարությունից նաև հայտնել են, որ հայեցակարգի նախագծում անդրադարձ չի կատարվում կառավարման մոդելի փոփոխությանը:
Հայեցակարգի նախագիծը առաջիկա ամիսների ընթացքում դեռ ենթակա է քննարկման և հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից, որից հետո կսկսվի հայեցակարգի նախագծի հանրային քննարկման փուլը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս