Ազնավուր Վարուժանի Սաղյանին 2023թ. Արցախյան վերջին պատերազմից հետո բոլորը կհիշեն՝ որպես անձնուրաց, ժողովրդասեր, հավասարակշռված ու իրական առաջնորդի հատկանիշներով օժտված քաղաքապետի: Ազնավուր Սաղյանը ծնվել է 1989 թ. ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում: Սովորել է Արցախի պետական համալսարանի Ֆիզմաթ ֆակուլտետում և ստացել մաթեմատիկա և ինֆորմատիկա բակալավրի մասնագիտություն:
2007-2009թթ. ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում՝ ՀՕՊ ստորաբաժանումում: Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգապահ և բանիմաց զինվոր և նշանակվել ջոկի հրամանատար:
2016թ. ակտիվորեն մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, որը գնահատվել է Մարտական ծառայություն մեդալով:
Զինակից ընկերների խոսքով՝ 2020թ. պատերազմի ժամանակ անուրանալի հետք է թողել նրա անձնվեր գործունեությունը: Կազմակերպել է զորահավաքային ռեսուրսների ազդարարումը և հավաքագրումը, խաղաղ բնակչության տարհանման աշխատանքները, իսկ ռազմաճակատում ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններին՝ Մարտունի քաղաքի պաշտպանության ժամանակ: Ազնավուրի զինակից ընկերները հիշարժան են համարում հատկապես այն, որ Ազնավուրն իր երեք ընկերների հետ կազմակերպեց և իրագործեց անիրագործելի թվացող գործողությունը, երբ գրոհով ետ վերադարձրին կորսված դիրքը՝ հնգապատիկ գերազանցող թշնամու զորքերից: Ինչպես զինակից ընկերներն են ասում՝ դիրքը անմիջապես սպառնում էր Մարտունի քաղաքին և վերահսկում տարածքի ողջ ճանապարհները:
Ազնավուրը 44-օրյա պատերազմից հետո ընտրվում է Մարտունու քաղաքապետ և ձեռնամուխ լինում հայրենի ավիրված քաղաքի վերականգմանը:
Armlur.am-ը կապ է հաստատել նաև Ազնավուրի հորաքրոջ աղջկա՝ Մարիամի հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է Անձնավուրի մասին.
«Բնավորությամբ շատ հանգիստ մարդ էր Ազնավուրը, նվիրված բոլորին՝ ընտանիքին, ընկերներին, հայրենիքին: Մեզ համար նա բոլորից առավել էր, առաջին հերթին Ազնավուրն էր, հետո՝ մնացածը, նույնիսկ մենք: Նա իր ամեն մի քայլով էր շահել մեր այդ վերաբերմունքը: Անկեղծ, նա բոլորի համար լավ մարդու օրինակ էր: Նրա հետ աշխատողները միշտ ասում էին, թե ինչպես է անում, որ բոլորը իրենից գոհ են լինում: Միշտ պետք է բոլոր քաղաքացիների պահանջները կատարեր, դրա համար նրան բոլորը սիրում էին, մեծից՝ փոքր»:
2023թ. սեպտեմբերի 19-ին սկիզբ առած պատերազմն, ինչքան կանխատեսելի էր, նույնքան էլ՝ անսպասելի: Ժամանակն օրհասական էր, իսկ հապաղելը՝ կործանարար: Սակայն Ազնավուրը նույն կազմակերպվածությունն ու անձնվիրությունը ցուցաբերեց նաև այս վերջին պատերազմին՝ հավաքելով ողջ մարտունեցի տղամարդկանց և առաջինը մեկնելով ռազմի դաշտ: Նույն օրը՝ սեպտեմբերի 19-ին, սիրելի քաղաքի մատույցներում էլ զոհվում է Մարտունու հավերժ քաղաքապետ Ազնավուր Սաղյանը:
Ամուսնացած էր, ունի երեք երեխա: