Քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Մինչ նախագծի ներկայացումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ Կառավարության նիստում ներկայացրած տվյալներին և նշել. «Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ, որը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 133 399 դրամով կամ 59.9 տոկոսով՝ իմ սպասածից մի քիչ ավելի ցածր: 2022 թվականի դեկտեմբերի համեմատ այն ավելի է 25 273 դրամով կամ 7.6 տոկոսով»:

Ներկայացնելով Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նախ ներկայացրել է անապահովության գնահատման գործող համակարգում առկա խնդիրները՝ կապված համակարգի բանաձևի, հասցեականության և արդյունավետության հետ:

Հաջորդիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նոր համակարգի ներդրման քաղաքականության, նպատակների, նոր բանաձևի, համակարգի հիմքում դրված հիբրիդային ստուգման մեթոդի վերաբերյալ: Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ, գործող համակարգի բանաձևի թերությունը կայանում է նրանում, որ խոցելիության անուղղակի գնահատման հիմքով ենթադրյալ անապահովություն է չափվում և բանաձևի հիմքում եկամուտների հաշվարկը երկրորդական դեր է խաղում: «Ամենակարևոր բանը, որ պետք է փոխենք, բանաձևի փոփոխությունն է նոր համակարգում, այսինքն՝ ոչ միայն ընթացակարգերը, ոչ միայն թիրախի հարցը, այլ հենց բանաձևի տրամաբանությունը: Սա հաշվի առնելով՝ նոր բանաձևի հիմքում ընտրվել է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը: Այս պահին ամենակարևորը բանաձևի տրամաբանության մեջ եկամուտների չափումը դնելն է, որպեսզի մեր անապահովության իրական պատկերը և գնահատված անապահովությունը տեսանելի և հասկանալի լինի, չափելի լինի այն քաղաքականությունը, որ վարում է Կառավարությունը»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ, նոր մեթոդի միջոցով նպաստի իրավունքը որոշվելու է ընտանիքի կողմից տնօրինվող եկամուտների հիման վրա:

Որպես նոր համակարգի թիրախ, ըստ Աննա Ժամակոչյանի, վերցվում է մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով նվազագույն պարենային զամբյուղից ցածր ամսական եկամուտներ ունեցող ծայրահեղ աղքատ ընտանիքը: «Այս մոդելով առաջարկվում է թիրախավորել ծայրահեղ աղքատ խմբերին և հասնել այն նպատակին, որ Կառավարությունն իր առջև դրել է, այսինքն՝ ունենալ 0 տոկոս ծայրահեղ աղքատություն»,- ասել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ նոր համակարգի ակտիվացման խթանների շնորհիվ նաև անհրաժեշտ ջանքեր կներդրվեն անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների կարողությունների զարգացման միջոցով զբաղվածության ձեռքբերման և կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Ըստ Աննա Ժամակոչյանի, կիրականացվի ինտեգրված դեպքի վարում, այսինքն՝ ընտանիքների հետ համալիր կարիքների հիման վրա կտարվի սոցիալական աշխատանք:

Անձանց աշխատանքի խրախուսման առումով վարչապետն ընդգծել է, որ աշխատանքի շուկայում տարբեր ծրագրեր կան և հավելել. «Կարող ենք նախատեսել հետագա խթաններ, որպեսզի գործատուին էլ, աշխատողին էլ շահագրգռություն հաղորդենք: Ի՞նչն է իմ ասածի նրբությունը: Մարդը 20 տարի նպաստի համակարգի մեջ է, և 20 տարի պետությունն ահռելի միջոցներ է ծախսում իր համար, բայց դրանից իր կյանքը չի լավանում: Սա է խնդիրը: Մենք այս ծրագրին պետք է մոտենանք այս 20 տարվա տրամաբանության մեջ, որովհետև կարող է սուբսիդավորման, եկամտային հարկի, այլ ծրագրերով իրեն ուղեկցենք մինչ մեր ասած աշխատանքն արդեն իր մոտ դառնա մենթալիտետ»:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ, հին համակարգից նոր համակարգի անցման գործընթացի, նոր համակարգի գործարկման քայլերի, հիբրիդային մեթոդի առանձնահատկությունների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ քննարկման արդյունքներով կարելի է արձանագրել, որ փաթեթը մշակված է և կարելի է սկսել նոր համակարգի ներդրման աշխատանքները:




Լրահոս