ArmLur.am-ը բողոք է ստացել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Աննայից:
«Ամաններ լվանալուց շատ մեծ կտրվածք էի ստացել, շատ արյուն կորցրեցի, այդ ժամանակ տանը միայն փոքր քույրս էր, չէի կարող ոչինչ անել, հարևաներս եկան օգնության: Ամբողջ ձեռքս արյուն էր, ուշագնաց եղա, նրանք պատմեցին, որ գիտակցությունս կորցրել եմ, նրանք շտապ օգնություն են կանչել, ընդունարանի աշխատակիցը շատ կոպիտ է խոսել հարևանիս հետ՝ ասելով՝ չունենք ազատ մեքենա, եթե կարող եք դուք մոտեցեք, հարևանս ասել է, որ չենք կարող, վիճակը լուրջ է»,- պատմում է նա:
Դրանից հետո շտապ օգնության հետ խոսել է քաղաքացու մյուս հարևանը՝ աշխատակցի տոնին համապատասխան, և դրանից 5 րոպե հետո ընդունարանի աշխատակիցը հետադարձ կապ է հաստատել՝ ասելով, որ մեքենան կմոտենա շուտով:
«Պարտադիր պետք է վատ խոսենք իրենց հետ, իրենց նման խոսենք, որ գա՞ն»,- մեզ հետ զրույցում ասաց Աննան:
ArmLur.am-ը կապվեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ մեկնաբանում ստանալու նպատակով.
«Դեպքը մի փոքր ավելի վաղ է եղել, կգնանք քաղաքացու ահազանգի բողոքի հետքերով, կհասկանանք ինչն է եղել խնդիրը»:
Էմմա Մարտիրոսյան