ArmLur.am-ը գրել էր, որ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։ Առաջարկվել է Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երևան քաղաքի դատավոր Արման Օհանյանի և ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։ Այսինքն` ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գալու է ԱԺ և Վճռաբեկ դատավորների թեկնածուներին ներկայացնի ԱԺ-ին։ Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։ Ներկայացնենք Աթաբեկյանի ունեցվածքը, ինչ միջոցներ է հասցրել կուտակել։
Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը 2017 և 2018 թվականներին ձեռք է բերել 6 անշարժ գույք, որից 1-ը բնակելի տուն է բազմաբնակարան շենքում` Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2017 թվականին, իսկ ձեռք բերված անհատական բնակելի տունը, որ գտնվում է Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում, ժառանգություն է ստացել։ Բազմաբնակարան շենքի հետ միասին Աթաբեկյանը ձեռք է բերել ավտոկայանատեղի։ Հայտարարագրից հասկանում ենք, որ նշված բազմաբնակարան շենքում գտնված բնակարանը և ավտոկայանատեղին ձեռք է բերվել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը կազմել է 13 մլն 482 հազար դրամ։
Աթաբեկյանը Տավուշի մարզի Սարիգյուղում ժառանգություն է ստացել նաև 2 հողամաս, ևս մեկ հողամաս ձեռք է բերվել 2004 թվականին։
2022 թվականին Աթաբեկյանը 10 մլն 810 հազար դրամով ձեռք է բերել 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա։ Դատավորը շահագործում է նաև 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 587 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 մլն 800 հազար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 124 հազար դրամ, որից 10 մլն 912 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմ դատական դեպարտամենտից։ 117 հազար դրամը «ՀՀ ձաստաբանական ակադեմիա» հիմնադրամից, որպես քաղաքացիաիրավական և այլ պայմանագրերից ստացված եկամուտ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 340 հազար դրամ, որից տեղեկանում ենք, որ Աթաբեկյանը հիփոթեքով 2 բնակարան և մեկ ավտոկայանատեղի ունի, որոնց մայր գումարը մարելու համար ՀՀ Ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձի օրենքով Աթաբեկյանը ստացել է 3 մլն 94 հազար դրամ։
Հավելենք նաև, որ Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից։
Էմմա Միքայելյան