Դե ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք և ռազմավարական գործընկերներ: Այսօր արդեն կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց, և այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր:
Այս մասին այսօր հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի կիջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին:
«Անցած տարի ամռանն էինք հայտարարել այդ մասին, որ մենք ռազմավարական գործընկերության մասին հուշագիր կստորագրենք: Ուզում եմ նշել, որ մենք ավանդական, պատմականորեն շատ հզոր դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարևաններ, ունենք շատ լավ գործընկերություն, համագործակցում ենք բոլոր ուղղություններով: Դե ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք և ռազմավարական գործընկերներ:
Այսօր արդեն կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց, և այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր: Շնորհակալ ենք մեր հայ գործընկերներին, երկու կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները:
Վրաստանը միշտ եղել է կողմնակից, որ տարածաշրջանում լինի, հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Պարոն վարչապետը շատ լավ գիտի իմ դիրքորոշումը, մեր կառավարության դիրքորոշումը:
Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որն ամբողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին կբերի օգուտ:
Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը: Ուզում եմ արտահայտել մեր հույսը, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կձևակերպեն խաղաղության պայմանագիր, ինչն, անկասկած, կարևոր է մեր երկրների և ազգերի համար»,- ասաց Ղարիբաշվիլին: