ՈՒՇԱԳՐԱՎ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ՝ ԱՍԻԼՅԱՆԻ ՏԱՆ ՎՐԱ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ  որեւէ  մեկին չի կասկածում  իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:

ՀՀ քննչական կոմիտեն, Թաթուլ Ասիլյանից բացի, հարցաքննել է նաեւ նրա կնոջը: Եվ, ահա, մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ Ասիլյանի կինը հայտնել է իրավապահներին, որ կասկածում է, թե Հարություն Հարությունյանն է իր տան վրա կրակել:

Ահա, Ասիլյանի կնոջ ցուցմունքի հիման վրա էլ, Հարություն Հարությունյանին կալանավորել են: Սակայն Հարություն Հարությունյանը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի:

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Իրավապահների գործողությունների արդյունքում՝ երեկ կալանավորվեց Հարություն Հարութունյանը, որը առավել հայտնի է ՈՒջանցի Հարութ անունով: Ըստ լուրերի՝ նա Ասիլյանի քրոջ ընկերն է:

Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ ուշագրավ իրադարձություններ են կատարվում այս քրեական գործով. բանն այն է, որ դատարանի որոշմամբ՝ հունվարի 17-ին կալանքի պետք է տանեին Հարություն Հարությունյանին: Արդյունքում՝ իրավապահները Հարություն Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ են տանում այն ժամանակ, երբ կալանքի ժամկետը անցած է լինում, եւ քրեակատարողական հիմնարկը, կալանքի ժամկետը անցնելու հիմքով, հրաժարվում է Հարությունյանին կալանավորել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն Ասիլյանի տան վրա կրակոցների գործով անցնող Հարություն Հարությունյանին տանում են ոստիկանության Նաիրիի բաժին: Մեր տեղեկություններով՝ Հարություն Հարությունյանի հարազատներն ասում են, որ նրան ապօրինի կերպով են պահում անազատության մեջ: Վերջիններս պնդում են, որ Հարությունյանին ազատ արձակեն, եւ որ իրենք չեն խուսափի կրկին ներկայանալ իրավապահներին. սակայն, կալանքի ժամկետն անցել է, եւ Հարություն Հարությունյանին դեռեւս ապօրիի կերպով պահում են անազատության մեջ մինչեւ կալանքի նոր որոշում կբերեն:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ այցից հետո պաշտոնանակ արված մարզպետին՝ Էդուարդ Հովհաննիսյանին, փոխարինեց Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Ներկայացնենք, թե ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզի մարզպետ։ Հետաքրքիրն այն է, որ նախկին համայնքապետը Արմավիրի մարզում որեւէ անշարժ գույք կամ բնակարան չի հայտարարագրել։ Դավիթ Խուդաթյանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ին է ստանձնել համայնքապետի պաշտոնը, դրանից հետո՝  2019 թվականի դեկտեմբերին, ձեռք է բերել համատեղ սեփականությամբ  բնակարան Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Բնակարանը, ըստ հայտարարագրի, հիփոթեքով է ձեռք բերված, որն արժեցել է 19 մլն 485 հազար դրամ։ Հենց այս պատճառով էլ Խուդաթյանը ՀՀ ֆինանսների նախարարից ստացել է  1 մլն 521 հազար դրամ, որն էլ հիփոթեքի մայր գումարը մարելու համար եկամտահարկի վերադարձ է։ Խուդաթյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 510 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 8 մլն 661 հազար դրամ, որից 7 մլն 140 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է եղել ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետի աշխատակազմից։

 

 

 

 

Արցախի գործադիր մարմնում քաղաքական խմորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ օրեր առաջ ԱՀ նոր պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը: Մինչ այս ԱՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ պահվող, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը: Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են հայտնում՝ Արթուր Հարությունյանն իր ցանկությամբ է ազատման դիմում գրել: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր նախորդ տարի՝ սեպտեմբերին:

 

 

 

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ մարզպետի թեկնածուի փնտրտուքի մեջ է եղել: Եվ մինչ թեկնածուին գտնելը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկար փնտրտուքների մեջ էր: Նույնիսկ խմբակցության պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Արփի Դավոյանին էին առաջարկել, սակայն նա մերժել էր՝ ասելով, որ օրենսդիրում իրեն լավ է զգում, ինչից հետո որեւէ պնդում չէր եղել, թե անհրաժեշտ է թիմի որոշումը կատարել: Բանն այն է, որ Լոռին բարդ մարզ է, եւ կին մարզպետը քրեական ավանդույթներով հարուստ տարածաշրջանում ուղղակի չէր ընկալվի: Առավել եւս՝ նրան մարզում չեն ընդունում մեծ հաշվով: Դրա համար Արփի Դավոյանի թեման միանգամից փակվել է:

 




Լրահոս