ՊԱՍԻՎ ԵՎ ՈՉՆՉՈՎ ԱՉՔԻ ՉԸՆԿՆՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բարձրագույն քաղաքական մարմնում՝ խորհրդարանում, պասիվ եւ ոչնչով աչքի չընկնող պատգամավորների պակաս չկա:

 

ArmLur.am-ը կներկայացնի Ազգային ժողովի ամենաքիչ ակտիվություն ցուցաբերած եւ հազվադեպ ելույթներ ունեցող պատգամավորներին:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում մշտապես ակտիվությամբ ու աչքի ընկնող պատգամավորների կողքին կան շատերը, որոնք, կարելի է ասել, անգործության են մատնված:

ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր՝ Մերի Գալստյան, որը ոչնչով աչքի չի ընկնում. հազվադեպ է օրենքի նախագծեր հեղինակում, իսկ ԱԺ ամբիոնից մոտ 2 տարի առաջ է ելույթ ունեցել:

Մերի Գալստյանը, կարծես, խորհրդարանում միայն դիտորդի դեր է կատարում. նա ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավար Լենա Նազարյանի մտերիմ ընկերուհին է:

Մերի Գալստյանը պասիվ է ոչ միայն ԱԺ դահլիճում, այլ նաեւ իր խմբակցության ներսում: Մեր տեղեկություններով՝ նա թիմակիցների հետ էլ առանձնապես մտերիմ հարաբերություններ չունի, բացի Լենա Նազարյանից, որեւէ մեկի հետ չի շփվում:

Միայն մեկ անգամ Մերի Գալստյանը աչքի ընկավ մամուլում, երբ 44-օրյա պատերազմի օրերին նա հայտնվեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «հավաքագրած» «Էռատո» խմբում, բայց այդպեա էլ անհասկանալի մնաց, թե ինչ էր անում պատգամավորն այնտեղ: Ինչ-որ մի փոսում լուսանկար էին հրապարակել, որտեղ երեւում էր իշխանական պատգամավորի դեմքը:

Իշխանական ամենաանգործունյա պատգամավորներից է Գայանե Եղիազարյանը. նա խորհրդարան գործուղվել է Երեւանի ավագանուց. եղել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ պատգամավորական մանդատը ստանձնել է 2022թ-ին: ԱԺ-ում ընդամենը մեկ անգամ ելույթ ունեցած Գայանե Եղիազարյանը հանրությանը հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ բարձրագույն կրթություն չունի:

ՔՊ խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը նույնպես ԱԺ գործուղվել է ավագանուց:

2018թ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակում: 2018-2021թթ.-ին զբաղեցրել է նաեւ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վերջինս թեեւ ակտիվ մասնակցություն է ունեցել 2018թ.-ի հեղափոխությանը, բայց խորհրդարանում աչքի է ընկել միայն իր պասիվությամբ:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգականը՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը նույնպես ԱԺ ամենապասիվ պատգամավորներից է:

Վերջինս նաեւ ՔՊ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է. թեեւ ԱԺ-ում ելույթ գրեթե չի ունենում, փոխարենն ակտիվանում է, երբ ՔՊ տարածքային կառույցում ընտրություններ պետք է անցկացվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի հուլիսի գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են եղել, որին մասնակցություն է ունեցել նաեւ Էդգար Հակոբյանը։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը նույնպես ԱԺ-ում գրեթե ելույթներ չի ունենում, նախագծեր չի հեղինակում:

Ցիրունյանը 2018-2020թթ. եղել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գործադիր եկել է 2020թ.-ին: Վերջինս ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովի անդամ է:

Հայկ Ցիրունյանը իշխանական «ամենասուսուփուս» պատգամավորներից է եւ երեւան է գալիս միայն ընդդիմության ակցիաների ժամանակ ու սկսում է քննադատել նրանց:

Ընդդիմադիր պատգամավորների թվում պասիվ պատգամավորները նույնպես քիչ չեն:

Օրինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, որը պատգամավորական մանդատը վերցրել է 2022թ.-ին, ԱԺ-ում հազվադեպ է ելույթներ ունենում:

«Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանը նույնպես ԱԺ ամենապասիվ պատգամավորների շարքին է դասվում:

Այս ցանկը, թերեւս, կարող է շարունակական լինել:

Չնայած հեղափոխությունից առաջ իշխանությունը խոստանում էր բարձրացնել խորհրդարանի դերն ու նշանակությունը եւ աչքի ընկնել իրենց աննախադեպ ակտիվ աշխատանքով, բայց այս պատկերն ամբողջությամբ հակառակն է ցույց տալիս:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՆԱԽԱՐԱ՞Ր

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը գործադիրում պատրաստվում է պաշտոնանկություններ իրականացնել. կառավարության ղեկավարը դժգոհ է մի շարք նախարարների աշխատանքներից, մտադիր է հեռացնել նրանց ու հիմա փոխարինողներ է փնտրում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին մտադիր է պաշտոնանկ անել ու նրա փոխարեն նախարար նշանակել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին:

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ իշխանական պատգամավորի հետ, սակայն վերջինս դեռ չի արձագանքել:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 18-ին աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:

 

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը եւ, հետեւաբար, տարածաշրջանում տեւական խաղաղության հեռանկարներին: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 19-ին՝ Զագրեբում իր եւ Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։ Ես իմ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշվեց, ավելի վաղ հնարավորություն ունեցել ենք քննարկելու տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, մարտահրավերների հաղթահարմանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված ջանքերը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը եւ, հետեւաբար, տարածաշրջանում տեւական խաղաղության հեռանկարներին»,- ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նշել է Միրզոյանը:

Նա կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն եւ իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: «Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքներիեւ պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որեւէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա: Մենք նաեւ վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները, տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաեւ նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, եւ մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը եւ հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։

 




Լրահոս