ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը հունվարի 18-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության եւ փոխօգնության միասնական մոտեցման հանձնառությունը։

 

Ինչպես տեղեկացանք ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հուշագրով արձանագրված գործընկերությունն ընդգծում է ՆԳՆ եւ ՀԿԽԸ ընդհանուր տեսլականը՝ ստեղծելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանության, աղետներին պատրաստվածության ու արձագանքման, ռիսկերի նվազեցման եւ կանխարգելման ոլորտներում:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել մի շարք ոլորտներում Ներքին գործերի նախարարության եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու եւ ընդլայնելու այն։

Վահե Ղազարյանն առանձնացրել է այդ համագործակցության շրջանակում հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների ապահովման աշխատանքներըեւ շնորհակալություն հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը այդ ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար։

ՆԳ նախարարը, անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումներին, հատուկ շնորհակալություն է հայտնել նաեւ բոլոր միջազգային գործընկերներին նախարարությանը եւ ենթակա ծառայություններին ցուցաբերվող աջակցության համար։

Նա իրականացված աշխատանքներից առանձնացրել է հատկապես 2023 թ. հոկտեմբերի 5-ին Կառավարության կողմից հաստատված՝ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը եւ 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որոնց կենսագործումը կնպաստի աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը։

ՆԳ նախարարի խոսքով՝ հուշագիրը նոր մակարդակի կբարձրացնի համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման եւ կանխման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հարցերում մեխանիզմների սահմանման եւ այլ ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ աղետների ռիսկի կառավարումը Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական ուղղություններից է։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում՝ համապատասխան ոլորտային կառույցների եւ այսօր արդեն Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացվել է աղետների ռիսկի կառավարմանն ուղղված գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ համապատասխան հուշագրերի եւ համաձայնագրերի շրջանակներում։ Կիսելով Կարմիր խաչի միջազգային շարժման փորձը՝ ՀԿԽԸ-ն իրականացնում է աղետներին պատրաստվածությանը, արձագանքին եւ վաղ վերականգնմանն ուղղված գործունեություն՝ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը՝ զուգահեռաբար արձագանքելով նաեւ երկրում տեղի ունեցած բոլոր խոշոր աղետներին։ Այս գործընկերությունը, որը հիմնված է Փոխըմբռնման հուշագրում ուրվագծված սկզբունքների վրա, ուղղված է համապարփակ, միասնական արձագանքման համակարգի զարգացմանը եւ ամրապնդմանը: Երկու կողմերն էլ պարտավորվում են աշխատել միասնական՝ անհրաժեշտ տեղեկատվությունը վերլուծելու, կրթական եւ կարողությունների զարգացման միջոցառումներ եւ համատեղ գործունեություն իրականացնելու ուղղությամբ, որոնք կբարձրացնեն աղետներին պատրաստվածությունը եւ հանրային իրազեկվածության մակարդակը:

«Մեծապես կարեւորում ենք այս հուշագրի ստորագրումը, որը նոր խթան կհաղորդի մեր համագործակցությանը»,- ասել է ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում հունվարի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

 

Ինչպես  տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։

Վահե Ղազարյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության գործունեությանը: Նա հանձնարարել է ակտիվացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Նախարարն առանձնահատուկ կարեւորել է հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական, ինչպես նաեւ կանխարգելիչ հետեւողական միջոցառումները: Վահե Ղազարյանն ընդգծել է հատկապես ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կարգապահության բարձրացման կարեւորությունը՝ առանձնահատուկ շեշտելով բռնության ցանկացած դրսեւորման բացառումը։

Նա անդրադարձել է նաեւ ատեստավորման գործընթացին, խոսել փուլերի հաղթահարման արդյունքում ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հնարավորությունների մասին։

Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման միտումին՝ Վահե Ղազարյանը խոսել է պարեկային ուժեղացված ծառայությունների կազմակերպման ու անցկացման խնդիրների մասին, նշել առկա թերություններն ու բացթողումները եւ դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

ՆԳ նախարարը խոսել է նաեւ նոր ձեւավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության եւ սահմանված չափորոշիչների մասին։ Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է առկա թերացումներին եւ տվել առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել ողջ ծավալով:

 

 

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ՝ «ՊԱՐՄԱՅՈՒՄ»

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարուժան Վահանի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թ. հուլիսի 21-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, մուտք է գործել հասարակական վայր հանդիսացող, Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 3/85-րդ հասցեում գործող «Պարմա» սուպերմարկետ եւ խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, չնչին առիթով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով: Մասնավորապես՝ ինքնահաստատման եւ հասարակության հանդեպ երեւակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով տեւական ժամանակ սուպերմարկետում դրսեւորել է հակաբարոյական վարքագիծ, աղմկել է, հնչեցրել հայհոյանքներ խանութի աշխատակիցների հասցեին, իր այդ հակաիրավական եւ հակաբարոյական գործողություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խոչընդոտել է խանութի աշխատանքին եւ անհանգստություն պատճառել գնումներ կատարող անձանց եւ խանութի աշխատակիցներին:

 

ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մեսրոպ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի շարքային, առանց հարգելի պատճառների ծառայությունից ինքնակամ բացակայել է մեկ ամսից ավելի՝ 48 օր տեւողությամբ: Այնուհետեւ, քրեական գործով հանդիսանալով մեղադրյալ եւ կալանավոր, ապա տեղափոխվելով Սեւանի քննչական բաժին՝ համապատասխան քննչական գործողություններին մասնակցելու նպատակով, որտեղ բնական կարիքները հոգալու պատրվակով գնացել է հիշյալ քննչական բաժնի վարչական շենքում գտնվող զուգարանի ուղղությամբ, դիմել պատուհանով փախուստի: Նա հայտնաբերվել է Երեւան քաղաքի Կիեւյան 1 հասցեից եւ տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:

 

 

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԸ՝ ՏՆՕՐԵՆ

«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունը հայտնում է.

«Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս մեր թիմին է միացել գեներալ-լեյտենանտ, տարիներ ի վեր իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Հարությունյանը։ Պարոն Հարությունյանը նշանակվել է «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերության կոմերցիոն տնօրեն։

Հաջողություններ ենք մաղթում պարոն Հարությունյանին եւ վստահ ենք, որ նրա ներգրավմամբ մեր ընկերությանը սպասվում է թռիչքային աճ, նորանոր ծրագրեր եւ բազում հաջողություններ»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս