ԱՅԴ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ԿՈՌԵԿՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

FlyOne Armenia ավիաընկերությունը պարզաբանել է հունվարի 18-ին Yerkir.am կայքում հրապարակված եւ մի շարք հարթակներում արտատպված «Ահազանգ. թռնելուց «Fly One»-ին 40 եվրո հավելավճար ես տալու գրանցման համար» հոդվածը:

 

Պարզաբանման մեջ նշված է. «FlyOne Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունը բազմիցս հայտարարել է, որ ավիաընկերության բոլոր չվերթների առցանց անվճար հաշվառումը հասանելի է ընկերության բոլոր ուղեւորներին եւ սկսվում է չվերթից 24 ժամ առաջ, ինչի մասին գրառումը առկա է Fly One ընկերությունների խմբի կայքէջում, իսկ ընկերությունների խմբի կայքէջի վկայակոչված հատվածում դրա բացակայությունը տեխնիկական ցավալի բացթողում է, ինչն արդեն իսկ շտկվել է։

Առցանց անվճար հաշվառումն ունի ընդամենը մեկ նպատակ. հնարավորինս հասանելի ու մատչելի պահել ավիատոմսերի գինը՝ որոշ գործողություններ պատվիրակելով անմիջապես ուղեւորին։ Տոմսերի այսօրինակ հասանելիությունը 2023թ. ավելի քան 900 հազար ուղեւորի հնարավորություն է տվել օգտվելու յուրաքանչյուրի կարիքներին հարմարեցված ճամփորդական ծառայություններից։ Ներկայում ավիաընկերության ուղեւորների բացարձակ մեծամասնությունը չվերթին ներկայանում է առցանց անվճար հաշվառումն անցած։

Ավիատոմսերի որոշ տեսակներով ճամփորդող ուղեւորի համար անվճար հաշվառումը հասանելի է նաեւ օդանավակայանում։

FlyOne Armenia ավիաընկերությունը բյուջետային լոուքոսթ ավիաընկերություն է, եւ աշխարհի բյուջետային ավիաընկերությունների բացարձակ մեծամասնության հաշվառումը օդանավակայանում վճարովի ծառայություն է. ասվածը վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող հիմնական լոուքոսթերներին: Ավիաընկերության բոլոր ուղեւորները մի քանի անգամ, մասնավորապես՝ թռիչքից 24 ժամ առաջ, անվճար ու առցանց հաշվառվելու հնարավորության մասին բազում իրազեկումներ են ստանում թե՛ իրենց էլեկտրոնային փոստին, թե՛ ավիաընկերության տրամադրության տակ առկա բոլոր միջոցներով։ FlyOne Armenia-ն շարունակելու է հանրությանն իրազեկելուն ու առցանց հաշվառումը խրախուսելուն ուղղված աշխատանքը։ Հարկ ենք համարում նշել, որ ավիաընկերությունը զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական հարթակներով, հասանելի բոլոր գործիքներով նույնպես բազմիցս իրազեկել է հանրությանը անվճար առցանց հաշվառման մասին։ Ավիաընկերությունը երբեք չի խուսափել զանգվածային լրատվության միջոցների հետ շփումից, եւ չկա որեւէ խոչընդոտ, որ մամուլի մեր գործընկերները կարողանային խնդրո առարկայի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալ նաեւ մեզնից: Միեւնույն ժամանակ, ավիաընկերության համար անընդունելի է հայտնի քաղաքական գործչին ավիաընկերության գործունեության հետ կապելը, քաղաքական գործչի եւ իր ընտանիքի անդամների անվան որեւէ շահարկումը, ինչը համարում ենք անընդունելի, մոլորեցնող եւ թիրախավորված: Այսօրինակ վարքագծի կրկնվող բնույթը հիմք է տալիս եզրակացնելու, որ նման շեշտադրումներով հրապարակումները ուղղորդվում են հստակ կենտրոններից, որոնց նպատակը յուրաքանչյուր ավիաընկերության գործունեության ընթացքում տեղ գտնող հնարավոր թերացումներին քաղաքական բովանդակություն ու աստառ հաղորդելն է։ Այդ գործելաոճը կոռեկտ չէ։

Լրատվամիջոցների մեր գործընկերերին խնդրում ենք  ձեռնպահ մնալ ընկերության աշխատանքի այս կամ այն ոլորտներին վերաբերող հարցերը ընկերության գործունեության հետ բացարձակապես որեւէ առնչություն չունեցող քաղաքական գործիչների հետ կապելու պրակտիկայից։

FlyOne Armenia ընկերությունը երբեք չի խուսափել քննադատությունից, հրապարակայնությունից ու առողջ բանավեճից։ Ընկերությունը չի հանդուրժելու այնպիսի բացահայտ շահարկումներ, որոնք ավիաընկերության գործունեության վերաբերյալ հանրային անառողջ ու խեղաթյուրված պատկերացումներ են ստեղծում։

Հայտնում ենք նաեւ, որ առաջիկայում հրապարակայնորեն կամփոփենք ընկերության գործունեության 2023թ. արդյունքները»,- ասվում է պարզաբանման մեջ։

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժներին եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ արվեստի եւ երաժշտական դպրոցների, մարզադպրոցների մանկավարժներին, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը եւ դրական արդյունք են գրանցել: Նախարարը ողջունել է մանկավարժներին եւ շնորհավորել մասնագիտական զարգացման ծրագրերին հաջող մասնակցության համար:

 

«Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հավելավճարի տրամադրման ծրագրեր նախադպրոցական եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Նախադպրոցական հաստատությունների համար ծրագիրն իրականացվել է տարակարգի շնորհման միջոցով: 2023 թվականը մեկնարկային տարին էր, եւ շատ ուրախ եմ, որ ունենք մանկավարժներ, որոնք դիմել են եւ գրանցել հաջողված արդյունքներ: Ակնկալում ենք՝ կդիմեք նաեւ տարակարգի ավելի բարձր աստիճաններ ստանալու համար,եւ ձեր օրինակը խրախուսիչ կլինի համակարգում աշխատող ձեր գործընկերների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի ընդգծմամբ՝ նախորդ տարին մեկնարկային էր նաեւ մարզադպրոցների եւ արվեստի դպրոցների մանկավարժների համար. նրանք հնարավորություն ստացան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին եւ պետության կողմից ստանալ հավելավճար: Նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ մարզաձեւերի 4 եւ արվեստի 3 ուղղությունների փոխարեն՝ այս տարի էապես ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման բնագավառները՝ ընդգրկելով 19 ուղղություն:

«Շնորհակալություն բոլորիդ առաջինը լինելու համարձակության համար, քանի որ առաջին անգամ մասնակցելը բարդ է, լի է անորոշությամբ ու մտավախությամբ. դիմե՞լ, թե՞ սպասել եւ ուրիշի փորձով հասկանալ՝ ինչպես է աշխատում ծրագիրը: Այս քայլով դուք ոչ միայն գրանցել եք ձեր անձնական հաջողությունն ու մասնագիտական զարգացման առաջընթացը, այլեւ մեզ օգնել եք գործարկել եւ զարգացնել այս կարեւոր ծրագիրը: Դուք նաեւ լավ օրինակ եք ոլորտում աշխատող մյուս մասնագետների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը եւ հույս հայտնել, որ նրանց փորձն ու հաջողությունը վարակիչ կլինեն մյուս մանկավարժների համար:

Նախարարի առաջարկությամբ մանկավարժները կիսվել են գործընթացի վերաբերյալ իրենց կարծիքներով, տպավորություններով, մտահոգություններով ու ներկայացրել իրենց առաջարկները: Դրանք մասնավորապես վերաբերել են վարձատրման ձեւաչափին, թեստերի բովանդակությանը, մասնագիտական գրականության տրամադրման ժամկետներին, սահմանված դրույքաչափերին եւ այլն: Նախարարը շնորհակալություն է հայտնել դիտարկումների համար եւ նշել, որ առաջիկա փոփոխություններում անպայման դրանք հաշվի կառնվեն:

 

 

Ո՞ՒՄ Է ԲԱԺԱՆԵԼ 218 ՄԻԼԻՈՆԸ

Տավուշի մարզպետ  Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով. «Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզում հաստատված 1100 հոգու համար հյուրատնային ծառայության համար պետբյուջեից ծախսված 218 միլիոն դրամը Տավուշի մարզի որ հյուրանոցներին ու հյուրատներին է տրվել։ Իրավական եւ տրամաբանական ի՞նչ հիմնավորումներից ելնելով՝ նախկինում չեք պատասխանել սույն հարցին»։ Մարզպետարանից ստացված պատասխանի մեջ նշված է, որ այդ հարցի  «վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվում՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին»  ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը»: Ի՞նչ է ասում նշված օրենքի այդ կետը. «Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք»։ Պետական բյուջեից 218 միլիոն դրամ է տրվել մարզի հյուրանոցներին ու հյուրատներին, որտե՞ղ է դրա մեջ պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիքը։ Մարզպետը պարզապես «ցրող» պատասխան է տվել։ Հայկ Ղալումյանը  գաղտնիքի անվան տակ  ի՞նչ է թաքցնում։

 

 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ  ՉԵՆ ԿԱՅԱՑԵԼ

Բերդ քաղաքից Վերին Կարմիրաղբյուր տանող ճանապարհը  վատթար վիճակում է, այդտեղ  բազում մեծ փոսեր են, ավտոմեքենաները դրանք  հաղթահարում են զգուշությամբ, շատ ցածր արագությամբ։ Այդ ճանապարհը ոչ միայն Բերդ քաղաքը կապում է  Վ. Կարմիրաղբյուր գյուղի հետ, այլեւ  այդ ճանապարհով են համայնքի կենտրոնից հասնում  համայնքի  Նորաշեն, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի, Չորաթան գյուղեր։ Բերդ խոշոր համայքի ղեկավար Աստղիկ Հակոբյանին հարցրինք, թե համայնքապետարանն ինչ է ձեռնարկել այդ ճանապարհը բարեկարգելու, փոսերը լցնելու համար։ Նա  ասաց, որ Բերդ-Վ. Կարմիրաղբյուր ճանապարհը ոչ թե համայնքային, այլ մարզային ենթակայության է, համայնքապետարանն այդ ճանապահին նորոգումներ կատարելու, ճանապարհը սպասարկելու իրավասություն եւ պարտականություն չունի։ Համայնքի ղեկավարի խոսքերով՝ 2023 թվականին  Ճանապարհային դեպարտամենտը  այդ ճանապարհի  նորոգման համար 3 անգամ մրցույթներ  է հայտարարել, սակայն այդ մրցութները  չեն կայացել, իսկ վերանորոգման մրցույթի հայտարարումից հետո տեղի ճանապահաշինական ընկերությունը, սահմանված կարգի համաձայն, այդ ճանապարհի  ընթացիկ սպասարկում չի իրականացնում: Համայնքի ղեկավարի վկայությամբ՝ մրցույթներից մեկը չի կայացել ճանապարհի վերանորոգման աշխատանքների  սուղ ժամկետի  պատճառով, մյուս դեպքում մրցույթի մասնակից ընկերությունը իրավական խնդիրներ է ունեցել։ 2024 թվականին  նախատեսվում է Բերդ-Վ. Կարմիրաղբյուր ճանապարհի նորոգման նոր մրցույթ անցկացնել։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս