ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեխնոլոգիական կրթությունը «Արմաթ» տեխնոլոգիական աշխատանոցներով հասնում է Հայաստանի 8 համայնք՝ Երանոս, Արտիմետ, Նոր Խարբերդ, Ապագա, Քարակերտ, Խորոնք, Զոլաքար, Աբովյան: 

 

Համայնքներն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդատվական աջակցությամբ կբացեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:

«Մենք նաեւ մշակույթ ենք ձեւավորում, որ «Արմաթ»-ներ բացելու գործը համայնքներն իրենց ձեռքն են վերցնում ամբողջությամբ։ ԱՏՁՄ-ն փորձարկում է աշխատանոցներ բացելու նոր մեխանիզմ, որը դեռեւս հաջողությամբ  ընթանում է: Այն համայնքները, որ ունեն համապատասխան թիմ, ուզում են իրենց երեխաների համար «Արմաթ» ունենալ, պատրաստ են ժամանակ ու ռեսուրս ներդնել, որպեսզի միջոցներ ներգրավեն ու ընդհանուր գումար ապահովեն՝ ստեղծելու «Արմաթ» լաբորատորիաներ, մենք աջակից ենք լինում նրանց»,-  ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կրթական ծրագրերի  համակարգող Մայա Շահումյանը:

Նրա խոսքով՝ համայնքներում մարդիկ պետք է հասկանան, որ «Արմաթ»-ը բոլորի համար է: Օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքներում «Արմաթ»-ում հնարավոր է սարքեր, տեխնիկա ստեղծել, որը կօգնի համայնքին այս կամ այն գործում: Համայնքներում «Արմաթ»-ը ստեղծելու գաղափարն այս պարագայում հանրօգուտ է:

«Սա համայնքում եղած մարդկային ներուժը, բովանդակություն ստեղծելու ներուժը, նախաձեռնողականությունը, իրենց սեփականությանը տեր կանգնելու, հաղորդակցման հմտությունները զարգացնելու հնարավորություն է տալիս: Եթե համայնքը հաջողի իր սեփական միջոցներով «Արմաթ» բացել, ապա ապագայում կարող է նաեւ ուրիշ խնդիրներ էլ լուծել, այսինքն՝ մենք ոչ միայն օգնում ենք աշխատանոց բացել, այլեւ համայնքներն ապագայում իրենց անհրաժեշտ հմտություններ են ձեռք բերում։ Նույնիսկ համայնքներից հուզիչ շնորհակալական նամակներ են մեզ ուղարկում, որն է՛լ ավելի է ոգեւորում, որ շարունակենք մեր սկսած գործը»,-նշեց Շահումյանը:

Շահումյանը տեղեկացրեց՝ տարբեր համայնքներ տարբեր ռազմավարությամբ են առաջ գնում: Որոշ տեղերում մեծ դոնորների են դիմում, ուրիշներն էլ՝ երեխաների ծնողներին, տեղի բիզնեսներին, կրթական, մշակութային կենտրոններին, համայնքապետարանին եւ այլ կառույցներին են դիմում: Նույնիսկ աշակերտներն են տեսանյութեր նկարահանում իրենց ուժերով ու պատմում, թե ինչ երազանքներ կիրականացնեն, եթե «Արմաթ» ունենան։

«Այս պահին ունենք ակտիվ դրամահավաք իրականացնող 8 թիմ, որոնք, ընդհանուր առմամբ, գումարի մոտ 50 տոկոսը հավաքել են: Երեք համայնք արդեն հավաքել է ամբողջ գումարը, իսկ մնացածը՝ գումարի տարբեր տոկոսներ»,- եզրափակեց Շահումյանը:

Քարակերտ համայնքի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանը տեղեկացրեց՝ 4500 բնակիչ ունեցող համայնքի 600 դպրոցահասակ երեխաների շրջանում տեխնոլոգիական կրթության հանդեպ հետաքրքրությունը մեծ է, հենց դրա համար ամեն բան անում են «Արմաթ»-ի ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Շատ ոգեւորված ենք նախաձեռնությամբ: Լաբորատորիան տեխնիկապես զարգանալու խթան կլինի: Նախկինում մեզ մոտ ռոբոտաշինության դասընթաց էր կազմակերպվել, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց երեխաների մոտ. վստահ ենք, որ «Արմաթ»-ը եւս նույն հետաքրքրությունը կապահովի»,- ասաց նա:

Քարակերտի թիմի համակարգող Աննա Ավագյանն էլ համայնքում «Արմաթ» ունենալու մի շարք առավելություններ է տեսնում. «Մեր նպատակն է համայնքում ունենալ այնպիսի միջավայր, որը կկարողանա թեթեւացնել մեր հոգսերը: Ունենք դաշտային աշխատանքների թեժ սեզոն, որտեղ տեխնոլոգիաների բացակայության պատճառով շատ խնդիրներ ենք ունենում: «Արմաթ»-ը հնարավորություն կտա համայնքում տեխնոլոգիական միջավայր ստեղծել: Դրանից զատ, աշակերտների մոտ մասնագիտական կողմնորոշում կձեւավորվի»,- նշեց նա:

Նրա համոզմամբ՝ բոլոր համայնքներում էլ տեխնոլոգիական կրթության պահանջարկը մեծ է:

 

 

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի նախաձեռնությամբ խոցելի խմբերի շուրջ 950 երեխա ստանում է անվճար գեղարվեստական կրթություն։ Հրավիրված ասուլիսում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը տեղեկացրեց, որ հանրապետության տարածքում գործում է 145 խմբակ, որտեղ խոցելի խմբերի երեխաները հաճախում են արվեստի ու արհեստի դասընթացների՝ կերպարվեստ, պարարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ եւ այլն։

 

«Լավ հնարավորություն է առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների համար։ Ասեմ, որ լավ մասնագիտական թիմ է աշխատում նրանց։ Փորձում ենք ծրագրերի միջոցով ինտեգրել երեխաներին։ Նրանք, դասընթացներին մասնակցելով, հմտություններ են ձեռք բերում, տեղական ու միջազգային մրցություններին, փառատոններին մասնակցում։ Մենք ցանկանում ենք ցույց տալ հենց իրենց օրինակով, որ մեր երեխաները կարող են ինտեգրվել, հաջողություններ գրանցել, պարզապես պետք է ապահովել համապատասխան պայմաններ»,-ասաց Աննա Կարապետյանը։

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի ուշադրության կենտրոնում է նաեւ առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների վերապատրաստման հարցը։ Տարվա ընթացքում կենտրոնի ջանքերով 450 մանկավարժ Երեւանի ու մարզերի դպրոցներից վերապատրաստվել է։ Վերապատրաստումներն իրականացրել են Հայաստանից ու դրսից հրավիրված մասնագետները։

Տարվա ծրագրերից Աննա Կարապետյանն առանձնացրեց նաեւ  «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքում եւ ՀՀ բոլոր մարզերում տեղի ունեցան 50 հանդիպումներ սիրված եւ ճանաչված մշակութային գործիչների հետ:

«Շուրջ 7000 երեխա է մասնակցել ծրագրին, հնարավորություն են ունեցել շփվելու արվեստագետների հետ, բացահայտելու արվեստի ճյուղերը։ Այն միտված էր ապահովելու աշակերտների ու մշակութային օջախների կապը։ Կարելի է ասել՝ հետաքրքրիր արդյունք արձանագրեցինք, բավական մեծ արձագանք եղավ։ Այս տարի ավելի շատ երեխաներ են ցանկություն հայտնել այդ հանդիպումներում ընդգրկվելու»,-ասաց Աննա Կարապետյանը։

 

 

ՉԵՆ ՍՏԱՑԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Պարարվեստի պետական քոլեջի՝ կամավոր ատեստավորում անցած հանրակրթական առարկաներ դասավանդող ուսուցիչները կամավոր ատեստավորման սահմանված կարգով չեն ստացել աշխատավարձը դեռ 2023 թվականի հոկտեմբերից:

Պարարվեստի պետական քոլեջի գլխավոր հաշվապահ Լուսինե Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ հետ պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի վերջին, որովհետեւ այդտեղ խնդիր կար որոշման: Քոլեջների որոշումը եղավ ուշ՝ դեկտեմբերի 27-ին, մեզ հետ կնքվեց պայմանագիրը, ես դա պարտք եմ ձեւակերպել, եւ այս հունվարի մեջ վճարելու են իրենց»:

ArmLur.am-ը կապ հաստատեց Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության հետ՝ հասկանալու համա՝ ինչով է պայմանավորված տվյալ հաստատության հետ ուշ պայմանագիր կնքելը, սակայն նախարարությունը հրաժարվեց բանավոր պատասխան տալ եւ հորդորեց գրավոր նամակ ուղարկել:

ArmLur.am-ը պատասխանը կհրապարակի կարճ ժամանակ անց:

 

 

 

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ArmLur.am-ը վերջին շրջանում պարբերաբար ահազանգներ է ստանում քաղաքացիներից, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հատվածի լուսավորությունը գրեթե 2 ամիս է՝ բացակայում է։ Ահազանգող քաղաքացիները նշում են, որ դժվարանում են երեկոյան աշխատանքից տուն գնալ կամ շրջել այդ հատվածով եւ ստիպված շրջանցում են։ ArmLur.am-ը փորձեց Երեւանի քաղաքապետարանից ճշտել, թե ինչ խնդրի մասին է խոսքը, եւ ինչու այդքան երկար ժամանակ ընդհատվել է Օպերայի հարակից տարածքի լուսավորությունը։ Երեւանի քաղաքապետարանից ArmLur.am-ին պատասխանեցին. «Այդ տարածքում տեխնիկական աշխատանքներ են իրականացվել, ամեն ինչ պատրաստ է, հիմա մոտավորապես 5-6 ժամվա աշխատանքներ են մնացել՝ կոնկրետ լուսատուների տեղադրման հետ կապված»։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Տարոն Գեւորգյանը ArmLur.am-ին հայտնեց, որ լուսատուների ուշ տեղադրման պատճառն այն է, որ դրանք պատվիրվել եւ Հայաստան են բերվել Ռուսաստանի Դաշնությունից, իսկ Լարսի անցակետում մեքենաների կուտակումների եւ հերթերի պատճառով լուսատուներն ուշացել են։

«Լուսատուներն այժմ մաքսազերծման փուլում են։ Լուսատուների տեղադրման համար ամեն ինչ պատրաստ է, հենասյուները տեղադրված են, 3-4 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, մնացել է միայն լուսատուները տեղադրենք։ 17 հենասյուները տեղադրված, մալուխները պատրաստ են, միայն մնում է լուսատուները տեղադրելեւ վերջ։ Հարցը մյուս շաբաթվա ընթացքում կկարգավորվի, երբ ավարտվի մաքսազերծումը»։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս