ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խոշոր հրատարակչական ընկերությունների համար 2023 թվականը եղել է դժվարությունների, բայց նաեւ արդյունավետ տարի։ Չնայած, ղարաբաղյան ծանր դեպքերով պայմանավորված, երկրում դժվարին իրավիճակ էր ստեղծված, սակայն հրատարակիչները շարունակել են աշխատել նոր գրքեր հրատարակել՝ ընթերցասերներին հասանելի դարձնելով հետաքրքրիր բովանդակության համաշխարհային բեսթսելլերներ։ Հրավիրված ասուլիսում «էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը նշեց, որ արդյունավետ տարի են ունեցել։ Նորություններ են ներկայացրել ամենատարբեր ուղղություններով։

 

Տարին բավական արդյունավետ է եղել է «Անտարես մեդիա հոլդինգ»-ի համար։ 2023 թվականին հրատարակած գրքերի թիվը հասնում է մի քանի 100-ի։ «Անտարես մեդիա հոլդինգ»-ի PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամեն ամիս մի քանի տասնյակ գրքեր են լույս տեսնում։

«Բուկինիստ»-ը տարվա ընթացքում համալրել է մանկական հանրագիտարանների շարքը։ Նոր գրքերի հրատարակման պակաս չի եղել տարվա ընթացքում։  Չնայած այս ուղղությամբ հաջողություններին՝ «Բուկինիստ»-ի՝ որպես գրավաճառի համար տարին դժվար է եղել։

«Տարվա վաճառքի արդյունքներից ես դժգոհ եմ, 2014 թվականից սկսած՝ մենք միայն աճ ենք ունեցել երկնիշ թվերով, 2023-ն այդքան հաջող չի եղել այդ տեսանկյունից։ Պատճառները տարբեր են՝ ընդհանուր քաղաքական վիճակ, ներքին ցնցումներ, առցանց խանութների՝ գրաշուկա մտնելը։ Ոլորտի աշխատողները ջանք ու եռանդ չեն խնայել, սակայն այսպիսի արդյունք ունենք։ Բացերը դիտարկելով՝ նոր ծրագրերով ու մոտեցումներով առաջ ենք շարժվում։ Ակնկալում ենք, որ 2024-ին լավ արդյունքներ կունենանք։ Ասեմ, որ դրան մեծապես նպաստում են ակցիաները, փառատոնները, Գիրք նվիրելու օրը։ Այդ օրը մենք մի քանի անգամ շատ վաճառք ենք ունենում, քան նախորդ շաբաթներին»,-ասաց «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

«Newmag»-ի համար տարին եւս բավական ակտիվ է եղել։ Ոչ միայն 4 տասնյակին հասնող գրքեր են հրատարակել, այլեւ կազմակերպել են մի շարք փառատոններ։ Այս տարի եւս շարունակելու են իրենց ակտիվ գործունեությունը։ Առջեւում Գրքի ձմեռային փառատոնն է։

«2023-ին անցկացրեցինք մեր բոլոր ավանդական ամառային, ձմեռային փառատոնները։ Առաջին անգամ անցկացրինք ֆրանսիական գրքի փառատոնը։ Այս տարի պատրաստվում ենք շաբաթը մեկ գիրք հրատարակել՝ մոտ 52 անուն գիրք։ Մեր քաղաքականության առանձնահատկություններից է, որ բոլոր նոր գրքերի համար կազմակերպենք շնորհանդեսներ։ Կարծում ենք, որ գիրքը չպետք է մնա գրադարակում»,-ասաց «Newmag»-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը՝ հավելելով, որ մի քանի օր առաջ հրատարակել են Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը, որը 3 օրում հազար օրինակ վաճառք է ունեցել։

«Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու-խմբագիր Հասմիկ Եղիազարյանի խոսքով՝ տարին կայուն էր իրենց համար։ Ընթերցողը բավական ակտիվ էր նաեւ 2023-ին։

«Պահանջված գրքերից պետք է առանձնացնեմ Հոսեյնիի վեպերը։ Էլիզաբեթ Գիլբերթի գրքերը կցանկանամ նշել, որ որոնք անընդհատ հետաքրքրություն են առաջացնում եւ շարունակում են մեծ պահանջարկ ունենալ։ Միեւնույն ժամանակ ավելանում են նոր բեսթսելլերներ, մասնավորապես՝  «Ոզնու նրբագեղությունը»։ Պահանջվածների շարքում են նաեւ դետեկտիվ գրքերը»,- ասաց Հասմիկ Եղիազարյանը։ «Զանգակ»-ը մի շարք նորություններ ունի ընթերցասերների համար, առաջիկայում սպասվող գրքերն են՝  Ֆիլիպ Քոթլեր՝ «Մարքեթինգ Այբ-ից Ֆե», Դեն Բրաուն՝ «Դա Վինչիի ծածկագիրը», Ջոան Ռոուլինգ՝ Հարրի Փոթեր վիպաշարի 6-րդ հատորը, Կազուո Իշիգուրո՝ «Կլարան եւ արեւը»։

 

 

«ԱՖՐՈԴԻՏԵԻ ՔԱՐԵՐԻ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Նկարչուհի Նարինե Առաքելյանը արվեստասերներին յուրահատուկ ճամփորդության կհրավիրի  «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» խորագրով անհատական ցուցահանդեսով, որի համադրողն Անտոն Լեւախինն է:

 

ԶԼՄ-ների  հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բաց կլինի հունվարի 25-ից մարտի 3-ը Ժամանակակից արվեստի թանգարանի վերանորոգված եւ լուսային տեխնիկայով վերազինված սրահում:

Ցուցադրությունը միախառնում է բնությունը, առասպելաբանությունը եւ թվային նորարարությունը՝ ստեղծելով արվեստի հետաքրքիր նախագիծ:

Հիմքում խորը այլաբանություն է, որը կապում է պատմությունն ու ժամանակակից իրականությունը:

Առաքելյանը ստեղծագործությունների շարքը ստեղծելիս ոգեշնչվել է «Աֆրոդիտեի քարը» լեգենդից, որն ամուր արմատավորված է հունական դիցաբանության մեջ:

Ցուցահանդեսի կենտրոնական գործողությունը «Aphrodite’s Stone»-ում նկարահանված հմայիչ պերֆորմանսն է, որտեղ Նարինեն «մտնում է ծովի անդունդը եւ վերածնված դուրս գալիս»։ Այս գեղարվեստական ակտը գերազանցում է ժամանակը, կապում անցյալն ու ներկան եւ ծառայում է որպես կերպարանափոխության խորհրդանիշ ինչպես նկարչի, այնպես էլ կյանքի:

Աֆրոդիտեի մասին լեգենդի սրբացված քարերը նկարչին ծառայում են որպես վերականգնվող ռեսուրս, կտավ՝ արվեստի եւ տեխնոլոգիայի խաչմերուկը հետազոտելու համար: Քարերը նրա մտահղացման մարմնավորումն են՝ բնական աշխարհի եւ թվային ոլորտի միաձուլում, առասպելի եւ արդիականության ներդաշնակության ձոն:

«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը մարտահրավեր է նետում մարդկանց որոշ պատկերացումների՝ հրավիրելով խորհելու առասպելի մնայուն ուժի, տեխնոլոգիայի անսահման ներուժի եւ արվեստի փոխակերպիչ բնույթի շուրջ:

Նարինե Առաքելյանը ծնվել է 1979 թվականին Սիբիրում: 2015-ին ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան ինստիտուտը: Մեկ տարվա ընթացքում կատարելագործվել է Լոս-Անջելեսի գեղարվեստի ակադեմիայի թվային արվեստի դեպարտամենտում: ՌԴ-ի նկարիչների  միության անդամ է, բազմաթիվ միջազգային  ցուցահանդեսների եւ զանազան նախագծերի մասնակից  եւ հեղինակ: Վենետիկի միջազգային բիենալեներում  ներկայացրել է Հայաստանը:

Նարինե Առաքելյանի աշխատանքները կարելի է բնութագրել որպես կերպարվեստի, ժամանակակից արվեստի եւ պերֆորմանսի սինթեզ՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ:

Առաքելյանի ստեղծագործությունը կենտրոնանում է սոցիալական, մշակութային եւ քաղաքական թեմաների, գենդերային ինքնության եւ ավանդական անցյալի, ներկայի կարծրատիպերի վրա: Ըստ Նարինեի՝ մարդն էներգիայի ալիք է, որը ձեւափոխում է իրականությունը:

 

 

ՉԻ ՀԵՌԱՆԱ

Կարիմ Բենզեման հունվարին չի հեռանա «Ալ-Իթիհադից». հայտնում է L’Equipe-ը։

Հակառակ բազմաթիվ լուրերի՝ ֆրանսիացին առնվազն մինչեւ մրցաշրջանի ավարտը կմնա արաբական ակումբում։

Հաղորդվում է, որ Բենզեման դժգոհ է Սաուդյան Արաբիայում իր կյանքից եւ ցանկանում է վերադառնալ Եվրոպա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը հեռացվել է «Ալ-Իթիհադի» հետ մարզումից։

Այս մրցաշրջանում Բենզեման Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 9 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

 

 

ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի շախմատի կանանց եւ տղամարդկանց առաջնություններում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին, Արթուր Դավթյանը՝ Էրիկ Չաքրյանին։ 7 տուրից հետո 3 շախմատիստներ՝ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, ունեն 4,5-ական միավոր։ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Մամիկոն Ղարիբյանը ունեն 4-ական միավոր։

Կանանց մրցաշարում 7-րդ տուրից հետո 6 միավորով միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է։

Առաջնության ավարտին մնացել է 2 տուր:

 

 

ՀԱՎԱՔ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում:

Այս մասին հայտնում է  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի Թբիլիսի քաղաքում` նախապատրաստվելով աշխարհի գավաթների առաջին եւ երկրորդ փուլերին՝ փետրվարի 13-19-ը՝ Կահիրե, 20-26-ը՝ Կոտբուս:

 

 

ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) հետագա պայքարից:

Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի կանանց  մենախաղի երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյոկի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց 3 սեթերից հետո` 6:2, 4:6, 4:6 հաշվով:

Էլինա Ավանեսյանը Ռուսաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ է: Ծնվել է 2002 թվականին: Այս պահի դրությամբ աշխարհի 75-րդ ռակետն է:

 




Լրահոս