«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ, օրեր առաջ ԱՀ նոր պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը:
Մինչ այս ԱՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ պահվող, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը:
Ինչպես Արցախի մեր աղբյուրներն էին հայտնել, Արթուր Հարությունյանն իր ցանկությամբ է ազատման դիմում գրել: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր նախորդ տարի՝ սեպտեմբերին:
ArmLur.am-ը այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին:
-Պարո՛ն Հարությունյան, ինչու՞ Արցախի պետնախարարին փոխելու որոշում կայացվեց հենց այս պահին. տեղյա՞կ եք՝ ինչ խմորումներ են գնում գործադիր մարմնում:
-Նախագահ Շահրամանյանն այս մասին դեռ դեկտեմբերին խոսել էր, որ կառավարությունը շարունակելու է գործել հասարակական հիմունքներով. իմ ունեցած տեղեկություններով՝ պետնախարարն էլ հասարակական հիմունքներով է աշխատելու:
-Մեր տեղեկություններով՝ Արցախի արդեն նախկին պետնախարար Արթուր Հարությունյանն իր դիմումի համաձայն է աշխատանքից ազատվել. Դուք ի՞նչ տեղեկություն ունեք, ի՞նչ խնդիրներ են եղել:
-Որքանով ես եմ տեղյակ, Արթուր Հարությունյանի առողջական խնդիրներն են եղել պատճառը, դրա համար է ազատման դիմում գրել։
-Պարո՛ն Հարությունյան, Արցախի պատգամավորներն այս ընթացքում ինչո՞վ են զբաղված, քննարկում, հանդիպում նախատեսո՞ւմ եք անցկացնել:
-Այս պահին մեր օրակարգում չկա նման բան:
-Իսկ տեղահանված արցախցիների հետ հանդիպումներ կա՞ն, նրանց հետ ի՞նչ աշխատանք է տարվում:
-Աշխատանք տարվում է, բայց առավել համակարգված՝ կառավարության կողմից, իսկ պատգամավորներն ավելի շատ սեփական նախաձեռնությամբ են ինչ-որ քայլեր անում: Հստակ կանոնակարգված քայլեր պատգամավորների կողմից չկան, շատ պատգամավորներ իրենք իրենց նախաձեռնությամբ են հանդիպում ունենում տեղահանված արցախցիների հետ։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Քրիստոֆ Ալտուշի հետ։
Այս մասին հայտնում են Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության խորացման հնարավոր ուղղությունների շուրջ։
ԱՐՁԱԿՈՒՐԴ՝ ԱՌԱՆՑ ՊԱՀԱՆՋԻ
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ ամենամյա արձակուրդների ընթացակարգերի պահպանման առնչությամբ։ Նոր փոփոխությունների համաձայն՝ արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլեւս չկա։ Գործատուին տրվելու է լծակ աշխատողին արձակուրդ տրամադրել՝ առանց նրա դիմումի։
«Տարիներ շարունակ աշխատանքային օրենսգրքում ամրագրված էր նորմ, ըստ որի՝ եթե դու չես օգտագործում տվյալ տարվա ամենամյա արձակուրդը, ապա կարող ես տեղափոխել առնվազն 18 ամիս եւ, այնուամենայնիվ, օգտագործես այն։ Մենք իրականության մեջ տեսնում ենք, որ շատ հաճախ այդ պահանջը չէր պահպանվում։ Լինում էր այնպես, որ աշխատողները տարիներով չէին գնում արձակուրդ, նույնիսկ 15, 20 տարով։ Մենք ուսումնասիրեցինք իրավիճակը. գործատուները նշում էին, որ աշխատողները դիմում չեն գրել, իսկ աշխատողներն էլ ասում էին, թե ցանկացել են, սակայն գործատուները հնարավորություն չեն տվել։ Մենք առաջարկեցինք փոփոխություն՝ լուծում գտնելու համար»,-ԶԼՄ-ների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Առաջարկվող լուծումը հետեւյալն է. 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային տարվա սկսելուց հետո, աշխատողն ունի մեկ տարի իր ամենամյա արձակուրդն օգտագործելու համար։ Եթե ինքը տվյալ տարվա իր ամենամյա արձակուրդը չօգտագործի, ապա իրավունք ունի մինչեւ 18 ամիս այն տեղափոխելու։ Եթե դրանից հետո էլ չի օգտագործում իր արձակուրդը, դիմում չի գրում արձակուրդ գնալու համար, ապա գործատուին հնարավորություն է տրվում այլեւս առանց աշխատողի դիմումի նրան ուղարկել արձակուրդ։ Սա նոր գործիք է լինելու տրված գործատուին, որ արդեն չսպասի աշխատողի դիմումին։
«Ամեն դեպքում, եթե գործատուն, ունենալով այդ իրավունքը, չիրացնի, այսինքն՝ աշխատողին առանց իր դիմումի չուղարկի արձակուրդ, ապա գործատուն տույժ է վճարելու աշխատողին յուրաքանչյուր չտրամադրված օրվա համար միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձի չափը։ Այս փոփոխությունները նպատակ ունեն, որ առնվազն 2026 թվականին եւ դրանից հետո աշխատողների մոտ չլինեն արձակուրդային կուտակված օրեր»,-ասաց Ժորա Սարգսյանը։
Այս կարգավորումը չի վերաբերում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից առաջ կուտակված արձակուրդներին։ Այս փոփոխությունը վերաբերում է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո սկսվող աշխատանքային տարիներին։ Մինչ այդ կուտակված ամենամյա արձակուրդները կշարունակվեն պահպանվել, կհամարվեն կուտակված, եւ աշխատողները կա՛մ ընթացքում կկարողանան օգտագործել ընթացիկ ամենամյա արձակուրդներին զուգահեռ, կա՛մ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում կտրվի վերջնահաշվարկ։
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանյան պատվիրակության կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հունվարի 7-11-ն մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական ընկերության հրավերով։
Այցի նպատակն էր քննարկել Հայաստանում «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի իրագործման հետագա քայլերը, ծանոթանալ նմանատիպ նախագծերի իրագործման գերմանական փորձին եւ «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական ընկերության գործունեությանը։
Պատվիրակության անդամները եղել են Ադլերշոֆում գտնվող գիտահետազոտական-կրթական նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, կառավարման առանձնահատկություններին, իսկ Բեռլինի նախկին օդանավակայանի տարածքում կառուցվող Տեգել տեխնոլոգիական կենտրոն այցի շրջանակում ծանոթացել են տարածքի հեռանկարային օգտագործման տեսլականին, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մոտեցումներին։ Շրջայցեր են եղել նաեւ Մյունխենի տեխնիկական համալսարանի Գարխինգի կամպուսում, «Gasteig HP8» մշակույթի կենտրոնում, Բեռլինի «Էյնշտեյն կենտրոնում»:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ու «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» ՍՊԸ («TUM International GmbH») միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի շարունակական զարգացման համար համագործակցային կապերի հաստատման նպատակով։