Գարդման-Շիրվան-Նախիջեւան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Ադրբեջանական իշխող բռնապետական նեղ շրջանակների քաղաքական երեսպաշտությունը շարունակաբար դրսեւորվում է ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորտում կատարված հանցանքների համար արդարացումներ փնտրելիս, այլեւ ներքին քաղաքականության մեջ՝ սեփական հասարակությանը քարոզվող հռետորաբանության եւ կողոպտված իրականության միջեւ։
Բոլորովին վերջերս հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսում էր այն մասին, որ վերջին տասնամյակներին իրենց ազգային գաղափարախոսությունը եղել է «տարածքների ազատագրումը», եւ իրենք հասել են այդ նպատակին։ Նոր ազգային գաղափարախոսության ձեւավորման մասին մտածող Իլհամ Ալիեւը, սակայն, երեսպաշտորեն հաշվետվություն չի տալիս իր փայփայած, պատերազմական հանցանքներով ձեռք բերված հաղթանակի շուրջ միավորված հասարակության շարքային անդամներին այն մասին, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ընկերությունները պատկանում են «Pasha Holding»-ին, որի բաժնետերերն են Իլհամ Ալիեւի դուստրերը եւ Արիֆ Փաշաեւը՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հայրը։ Արդյոք այսօրինակ եւ մնացած այլ գաղտնի պահվող եղելությունների պատճառով չէ՞ շարքային ադրբեջանցու մուտքը Լեռնային Ղարաբաղ խիստ սահմանափակված:
Խնդիրն ունի մեկ այլ բաղադրիչ եւս. 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում բնակվող հայությունը տեղահանվել է եւ չի վերադարձել իր նախնական բնակության վայր, ինչպես սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 7-րդ կետով եւ Ադրբեջանի անդամակցած բազմաթիվ այլ դաշնագրերով։ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետեւանքով էթնիկ զտման եւ բռնի տեղահանման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը, որն ունի Լեռնային Ղարաբաղի իր նախնական բնակության վայրում գույքային, այդ թվում՝ հողային անօտարելի իրավունք։ Ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելով, վերջիններիս ապահով եւ արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ երաշխիքներ չապահովելով՝ Ադրբեջանը ոչ միայն անուղղակի կերպով ժխտում է ավելի քան 100 հազար հայության եւ 2020 թ. տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը, այլեւ փաստացի պետականորեն հափշտակում է վերջիններիս գույքը՝ հանձնելով ադրբեջանական այն կազմակերպություններին, որոնք արդեն իսկ մոնոպոլիզացրել են Ադրբեջանի տնտեսական ոլորտը։
Պետությունը, որն արդեն իսկ յուրացրել է 1988-1992 թթ. բռնագաղթի ենթարկված ավելի քան կես միլիոն հայության գույքը, այժմ բացեիբաց յուրացնում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը՝ «վերադարձված կորուսյալ հայրենիքից» այն վերածելով փաստացի գողոնի ալիեւա-փաշաեւական բարեկամական գրպանում»։
ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՎ ԽՆԴՐԱՆՔԻՆ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած ոլորտի ձախողումների ու խնդիրների մասին կարելի է երկար խոսել։
Եւս մեկ հույժ ուշագրավ խնդրի մասին պարզ դարձավ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին։ Քաղաքապետարանի պաշտոնյան՝ առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, տեղեկացրել է, որ առողջապահության նախարարի հրամանով յուրաքանչյուր 20.000 բնակչին նախատեսված է շտապօգնության 1 շարժակազմ։ Ըստ նրա՝ Երեւանն այժմ պաշտոնական տվյալներով ունի 1 մլն 75 հազար բնակիչ, ինչը նշանակում է, որ քաղաքին պետք է առնվազն 53-55 շարժակազմ: «Այս պահին աշխատում է 43 շարժակազմ։ Դիմել ենք առողջապահության նախարարին՝ ակնկալելով ավելացնել շարժակազմերը»,-ասել է նա՝ միաժամանակ անդրադառնալով շտապօգնության կանչերի սպասարկմանն ու ասելով, թե հունվարին ուշացումները 9.5 տոկոս են կազմել։ Պատճառներից մեկը շտապօգնության բրիգադների թիվն է, երբ չեն հասցնում մեկնել զանգերի հետեւից։
Եւ ամեն անգամ նման դեպքերում հարց է առաջանում՝ ուր է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ինչով է զբաղված, եթե մայրաքաղաքում շտապօգնության մեքենաների թվի ավելացման կարիք կա, բայց չկա նախարարի համապատասխան հրամանը։ Ինչո՞ւ չեն ավելացել շտապօգնության բրիգադների թիվը, եթե ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակչությունը գնալով աճում է. ավելանում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլեւ շատ են այլազգիներ։ Այս ամենը անզեն աչքով կարելի է նկատել՝ չհաշված վիճակագրական կոմիտեի տվյալները՝ բնակչության թվի ավելացման մասին, իսկ Անահիտ Ավանեսյանն անհաղորդ է կարծես այս ամենին։ Նույնը նաեւ իր վերադաս Նիկոլ Փաշինյանի մասին կարելի է ասել, որ զբաղված է «ցնցուղ-կախիչ» օպերացիաներով, բայց ոչ երբեք կարեւորագույն հարցերով։
Էլ չենք ասում այն մասին, որ Անահիտ Ավանեսյանը, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսում էր շտապօգնության բժիշկների մասին, այդպես էլ նորմալ չէր անդրադարձել խնդիրներին՝ փորձելով դրանք սքողել, այդպես թաքցնելով իր թերացումներն ու ոլորտի խնդիրները։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն այս հարցի հետ կապված մեզ փոխանցեց. «Քաղաքապետարանը դիմել է, եւ ընդառաջ գնալով խնդրանքին` շտապօգնության 3 մեքենա կտրամադրենք»:
ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՊԱՀՈՎԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձում նշել է, որ «Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Արտգործնախարարի ուղերձում նշվում է նաեւ, որ «պետք է որոնել արդար եւ տեւական խաղաղություն՝ հիմնված օրենքի եւ տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաեւ ապահովել բնակչության արժանապատիվ կյանքի իրավունքը՝ հարգելով նրանց հիշողությունը, պատմությունը եւ մշակույթը»:
ՀԱՅՈ՞Ց, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության 2010թ. ապրիլի 8-ի որոշման մեջ փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։
«Տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն եւ այդպես շարունակ։ Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության եւ պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրեւ հավաքական եւ կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարեւորությունը եւ սովորողների մոտ ձեւավորելով սեփական երկրի շահերի իմացության եւ դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն, ըստ էության, հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաեւ առանց պետության եւ պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձեւավորմանը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորումներում։
Ըստ հիմնավորումների՝ «Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն» ծրագրի «Մինչեւ 2030 թվականի մեգանպատակների» գործողությունների «1. կիրթ եւ կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից»:
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգեւատրել է ԱԺ աշխատակազմին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԱԺ-ից:
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման N 4 հավելվածի «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» 1024 ծրագրի 11001 միջոցառման «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով Ազգային ժողովի աշխատակազմի 2024 թվականի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է ԱԺ նախագահի համապատասխան կարգադրության մեջ: