ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ ոլորտի երկու թեկնածու հնարավորություն ունի կրթություն ստանալ զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած  համաշխարհային ճանաչում ունեցող  «Les Roches Global Hospitality» կրթական հաստատությունում:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանն ասաց, որ ոլորտում ճիշտ վերապատրաստված մասնագետներ ունենալու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն  եւ ոլորտում մասնագիտացած  համաշխարհային ճանաչում ունեցող  «Les Roches Global Hospitality» կրթական հաստատությունը ստորագրել են փոխըմբռնման պաշտոնական հուշագիր (MOU):

Ըստ նրա՝ նմանօրինակ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։

«Զբոսաշրջության կրթության մասով մենք տարեկան ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ ունեցել ենք նմանատիպ կոմպոնենտ, բայց ունեցել ենք շատ սուղ ֆինանսական միջոցներ, եւ մեր կրթական ծրագրերը սահմանափակվել են մարզերում դասընթացներ անցկացնելով: Մենք նպատակ ունենք, մեր ավելացող բյուջեին  համահունչ,  ստեղծել  կրթական ծրագիր եւ ունենալ զբոսաշրջության ոլորտում ճիշտ վերապատրաստված մասնագետներ: Այդ նպատակով որոշեցինք տարեկան ծրագրի շրջանակում  ստանդարտ ձեւաչափից անցում կատարել եւ մասնագետներին արտերկրում սովորելու եւ վերապատրաստվելու հնարավորություն տալ: Նշեմ, որ Զբոսաշրջության կոմիտեն հոգում  է  դասընթացների ծախսերը»,- ասաց Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ Զբոսաշրջության կոմիտեն կարեւորում է կրթական ծրագրերի դերը եւ համարում, որ դրանք չպետք է սահմանափակվեն միայն մարզերում վերապատրաստման դասընթացներ անցկացնելով: Պետք է ոլորտի մասնագետներին զարգանալու, առաջընթաց գրանցելու եւ տարբեր այլ հմտություններ ձեռք բերելու  հնարավորություն տալ, հատկապես՝ պետական կառավարման համակարգում:

«Դոնոր կազմակերպությունների կողմից մշտապես  անցկացվել են վերապատրաստման տարբեր ծրագրեր, որոնք հիմնականում եղել են հյուրընկալության ոլորտում, ոչ թե տուրիզմի, իսկ այս ոլորտները միանշանակ տարբեր են:

Համալսարանների ցանցը բավականին մեծ էր, բայց մենք սկսեցինք «Les Roches Global Hospitality»  համալսարանի հետ,  որը աշխարհում տուրիզմի եւ հյուրընկալության դպրոցների մեջ լավագույն հինգ համալսարաններից մեկն է: Համագործակցության հուշագիրը ստորագրել եւ վերապատրաստումների ծրագրերը ընտրել ենք հենց զբոսաշրջության ոլորտի մասնագիտացման ուղղությամբ, որպեսզի հետագայում վերապատրաստված կադրերը կարողանան նաեւ պետական կառավարման տեսանկյունից Զբոսաշրջության կոմիտեում իրենց ներդրումը ունենալ»,- ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ երկու նմանատիպ կուրս է ընտրվել եւ առանձնացվել, իսկ 2023 թվականի վերջին արդեն դրվել է բաց հայտարարություն, որին  կարող էին մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք, որոնք կհամապատասխանեին պահանջներին։

«Մեր կողմից նախօրոք մշակվել էին հատուկ ստանդարտներ, ըստ որոնց՝ մրցույթին   կարող էին մասնակցել  23-37 տարեկան այն մասնագետները, որոնք զբոսաշրջության կամ հարակից ոլորտում ունեն առնվազն բակալավրի կրթական աստիճան կամ զբոսաշրջության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։ Ունեն առնվազն անգլերեն լեզվի B2-C2 իմացության մակարդակ կամ առնվազն երկու տարի արտասահմանյան կամ հայաստանյան որեւէ բուհում կրթության վկայական, որտեղ դասավանդման հիմնական լեզուն անգլերենն է։ Մեր նպատակը ոչ թե սկսնակներին սովորելու եւս մեկ հնարավորություն տալն է, այլ արդեն աշխատող եւ հիմք ունեցող մասնագետներին ավելի վերեւ բարձրացնելն է»,- ասաց նա։

Սուսաննա Հակոբյանը նշեց, որ բոլոր դիմորդներն անցել են Զբոսաշրջության կոմիտեի եւ համալսարանի կողմից մշակված մի քանի փուլ, որի արդյունքում արդեն ունեն ընտրված երկու թեկնածու: Դասընթացները կմեկնարկեն 2024 թվականի մարտին։

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ»

Երեւանում 2024 թվականին կկազմակերպվեն մարզական մի շարք միջոցառումներ. նախատեսվող 15 միջազգային մրցաշարերից 5-ն առաջին անգամ կանցկացվի «Երեւանի քաղաքապետի գավաթ» խորագրով մրցաշարի ներքո՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն եւ հանդբոլ սպորտաձեւերում: Անցկացվող մյուս մրցաշարերն են բռնցքամարտը, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, մարմնամարզությունը, շախմատը եւ մարաթոնյան վազքը:

 

Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մաքվեցյանը:

Նա ընդգծեց, որ 2024 թ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ զանգվածային միջազգային, քաղաքային եւ երիտասարդական միջոցառումներ տեղի կունենան:

«Նախատեսվում է անցկացնել Երեւան քաղաքի առաջնություններ՝ 13 մարզաձեւերից: Այս տարի առաջին անգամ կանցկացվի Ռաֆայել Վահանյանին նվիրված շախմատի մրցաշար, «Երեւան» մարաթոն-մրցաշարը, որի համար ակնկալվում է 1000 եւ ավելի վազորդների մասնակցությունը: Հունիսին Երեւանում կանցկացվեն բռնցքամարտի եւ ըմբշամարտի մրցաշարեր, որոնք մեր ազգային հավաքականների համար կլինեն վերջին ստուգատեսը Փարիզի ամառային 33-րդ օլիմպիական խաղերին մասնակցությունից առաջ: Նշված օլիմպիական խաղերին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ Երեւանի մարզիկները, որ նվաճել են օլիմպիական խաղերի ուղեգիր»,-ասաց վարչության պետը:

Նա նշեց, որ քաղաքապետարանը կարեւորել է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը համայնքի մարզական կյանքին, որից ելնելով՝ նախատեսվում է կազմակերպել եւ անցկացնել հաշմանդամություն ունեցող անձանց սպարտակիադա՝ վեց մարզաձեւերից: Ըստ նրա՝ ուշադրության կենտրոնում են գտնվում նաեւ տարեցները, որոնց համար այս տարի եւս, Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, կանցկացվեն մրցումներ հինգ մարզաձեւերից: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան էլ ընդառաջ՝ կանցկացվեն խոշոր մարզամշակութային միջոցառումներ:

 

 

 

ԴԻԼԻՋԱՆԻ ՀՈՂԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ 

Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար  Դավիթ Սարգսյանը   շարունակում է զբոսաշրջային Դիլիջան քաղաքի հողերն օտարել Երեւան քաղաքի բնակիչների։ Դիլիջանցիներն ասում են, որ այդ աճուրդները ձեւական բնույթ ունեն, նախապես մշակված սցենարով են կայանում. աճուրդներում սովորաբար ընդամենը 2 քայլ է արվում: Համայնքի հողերը շուկայականից էժան օտարելու հետեւանքով համայնքի բյուջե չեն մտել հարյուրավոր միլիոն դրամներ։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ հունվարի 16-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հողեր է օտարել Երեւանի բնակիչների։ Դիլիջանի համայնքի ղեկավարի՝ 2023թ. դեկտեմբերի 11-ի թիվ 1177-Ա որոշմամբ՝ 2024թ. հունվարի 11-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հատուկ պահպանվող տարածքների հողերից 780.4քմ հողամաս  Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20/3 հասցեում հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով 5462800 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 5735940 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի  1/2 շենքի  թիվ 31 բնակարանի բնակիչ Հովհաննես Մալխասյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 6 արձանագրությունը: Դիլիջանի համայնքի ղեկավարի՝ 2023թ. դեկտեմբերի 11-ի թիվ 1177-Ա որոշմամբ՝ 2024թ. հունվարի 11-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 2920.0քմ հողամաս  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի  4-րդ նրբանցքի  թիվ 84/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով 20440000 դրամ մեկնարկային գնով:

Կայացած աճուրդում 21462000 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի  Ա. Տիգրանյան փողոցի  5 շենքի  թիվ 80 բնակարանի բնակիչ Արմեն Ղազարյանը։

 

ՀԱՐՑԵՐԸ ՏՀԱ՞Ճ ԵՆ

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե նա երբվանից է ՔՊ կուսակցության անդամ, երբվանից՝ այդ կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ։ Մարզպետը ի պատասխան հայտնել է, որ նախկինում պատասխանել է մեր այդ հարցերին։ Դա բացահայտ սուտ է. փաստորեն, մարզպետը խուսափել է պատասխանել այդ հարցերին։ Հավելեմ, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում զետեղված՝ մարզպետ Հայկ Ղալումյանի կենսագրության մեջ երկար ժամանակ նշված չէր, որ նա ՔՊ կուսակցության անդամ է: Այդ մասին մարզպետին մեր հարցումներից ու հրապարակումներից հետո Հայկ Ղալումյանն իր կենսագրության մեջ ավելացրեց , որ ինքը ՔՊ կուսակցության անդամ է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս