«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»-Ը՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ՝ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ-ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Այս մասին հայտնում են նախարարությունից: Առաջնախաղին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ռոնից ընտրված սենատոր, Ֆրանսիայի սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահներ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան եւ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Լիոնի փոխքաղաքապետ Սոնյա Զդորովցովը, Լիոնի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական խոշոր կազմակերպությունների Լիոնի մասնաճյուղերի ղեկավարները, թատերական միությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի-Կորսակովը, ՕՌԱ շրջանի փոխնախագահ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան, Տոբոգան թատրոնի նախագահ, Դեսինի քաղաքապետի տեղակալ Դընի Ջորկաեֆը։

«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։

Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձեւավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։

Նախագծի համակազմակերպիչ պրոդյուսերներն են Բրոն քաղաքի «Պոլ-ան-Սցեն» կազմակերպությունը, «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, ինչպես նաեւ Դեսինի «Տոբոգան» եւ Մոն-դը-Մարսանի «Գասկոն» թատրոնները, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը։

Ներկայացման իրականացման աշխատանքներում իր կարեւոր ներդրումն է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնը։

Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կայացել է 2023թ. ամռանը Երեւանում։ Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանից։ Ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում հոտնկայս բուռն ծափահարություններով:

2024թ. մարտի 15-ին եւ 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կցուցադրվի Հայաստանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը կիրականացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո։

Ֆրանսիայում ներկայացման առաջնախաղի օրը բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ տեղի է ունեցել նաեւ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանի կողմից կազմակերպված Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որն իրականացվել է Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության եւ Դեսինի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ֆոտոցուցահանդեսում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները եւ այլն: Ցուցահանդեսը Տոբոգան թատրոնում կգործի մինչեւ փետրվարի 4-ը:

 

 

«ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ. ՍԵՎԱԿ-100»

Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սեւակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Պարույր Սեւակի տուն-թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) եւ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

 

Պարույր Սեւակի 100-ամյակին նվիրված մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում. հրապարակված մրցութային 7 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 4000 պատասխան:

Հունվարի 15-21-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել են Պարույր Սեւակի կյանքին, ստեղծագործությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, եւ համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող:

Խմբագրված, ինչպես նաեւ այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն):

Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած 7 մասնակցին.

l ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Չոբանյան,

l ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Ներկարարյան,

l ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հմ. 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կռոյան,

l ՀՀ Արարատի մարզի Գետազատի Ն. Մանասերյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարուշ Մանուկյան,

l Երեւանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյան,

l ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Չոբանյան,

l Երեւանի հմ. 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Քարայան:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում նախատեսված են նմանատիպ այլ մրցույթներ եւս՝ նշանավոր անձանց հոբելյանների եւ կարեւոր իրադարձությունների շրջանակում:

 

 

ՖՈՒՏԶԱԼԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզչի եւ ֆուտզալիստի  քվեարկության արդյունքները։

Ֆուտզալի Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երեւան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։

18 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Լեոսթանդքոյինի» գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը:

61 միավորով 2023թ. լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը: Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի եւ իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (42 միավոր)։ Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Գազպրոմ-Յուգրայի» ֆուտզալիստ Ժոաո Գիլյերմե Կարվալյոն:

 

 

ԱՄՓՈՓԵԼ Է

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն ամփոփել է երկրի առաջնության ընթացքը:

«Հայաստանի առաջնության մեկնարկը ինձ համար շատ վատն էր: Մեկնարկային երեք տուրը անհաջող դասավորվեցին ինձ համար: Ընդհանուր առմամբ, միայն երկրորդ հատվածում փորձում էի իմ լավագույն խաղը ցուցադրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Չեմպիոնի խոսքով` իր խաղի նկատմամբ վստահությունը վերադարձավ, երբ առաջին հաղթանակը տոնեց ավարտված առաջնությունում:

«Առաջին անգամը չէ, որ Հայաստանի հավաքականում հանդես կգամ, բայց վերջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձել էի 2011 թվականին»,- ասաց նա: Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը: Հայաստանի առաջնության չեմպիոնը կստանա 2 միլիոն դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 1,2 միլիոն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը` 800 հազար դրամ:

 

 

ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՐԳԵԼՔԸ

Ռուս թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Դանիլ Մեդվեդեւը հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) 4-րդ շրջանի արգելքը:  Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Մեդվեդեւի մրցակիցը Պորտուգալիան ներկայացնող, աշխարհի 69-րդ ռակետ Նունու Բորգեսն էր: 3 ժամ ձգված մրցախաղում Մեդվեդեւը հաղթեց 4 սեթերից հետո` 3:6, 6:7, 7:5, 1:6 հաշվով: Australian Open-ի տղամարդկանց եւ կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 28-ին:

 




Լրահոս