ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԽՈՍՈՒՄ ՈՒ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴՌՆԵՐ ՓԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերջին օրերին տարբեր գրառումներ է կատարում ու այն վերնագրում՝ «Մի լավ բան»։ Մասնավորապես, երեկ գրել էր. «Մի լավ բան #4։

Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաեւ Երեւանից դուրս: Վերջերս հաճախ եմ եղել մարզային դատարաններում ու մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ»:

Զարմանալի է, որ  ԲԴԽ նախագահը Երեւանից դուրս մարզերի աշխուժությունից է խոսում, բայց անձամբ մարզերի դատարանների դռներն է փակում ու աշխուժությանը հակառակ գործելաոճ դրսեւորում։ Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, թե ինչպես են մարզերում դատարանների դռները փակվում, ինչի հետեւանքով իրենք հարյուրավոր կիլոմետրեր են իրենց բնակավայրից կտրում անցնում դատարան հասնելու համար։

Դատական դեպարտամենտը պաշտոնապես հայտնում է, որ Դատական դեպարտամենտի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայրերի փակման վերաբերյալ (Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի եւ Մեղրիի)։

Նշված նստավայրերից Աշոցքում եւ Մեղրիում տեւական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ եւ պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։

Այս որոշման արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ։

Հարց՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ դատական համակարգի աշխատողները պարապուրդի են մատնված եղել, բայց աշխատավարձ են ստացել, դատավոր չի եղել Աշոցքում ու Մեղրիում. իհարկե, դատական համակարգի պատասխանատուները՝ ի դեմս ԲԴԽ նախագահի։ Իսկ հիմա ստացվում է՝ պետությունը խնայում է, իսկ քաղաքացին՝ տուժում։

Ավելին՝ փակված դատարանների աշխատակիցներն ու դատավորները հակառակն են պնդում. աշխատել են մյուս դատարանների նման ու հավասար գործեր են քննել։ Մեր հետաքննությունը շարունակվում  է, եւ առաջիկայում կանդրադառնանք փակված դատարանների իրական պատճառներին։

 

 

 

 

Ամենաթողությունն ու անպատժելիությունը վերացնելու խոստումով իշխանության եկած թավշյահեղափոխականների օրոք այս արատավոր երեւույթները գնալով ծաղկում են: Իրավապահ մարմինները խստորեն պատժում են օրենք խախտած ընդդիմախոսներին, բայց մեծ սիրով աչք են փակում  իշխանության ներկայացուցիչների թույլ տված հանցանքների վրա: Այսպիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2023թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած՝ քաղաքացու վրա թքելու աղմկահարույց միջադեպի մասով, ինչպես նաեւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ նախորդ տարի ապրիլի 4-ին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասով, սակայն իրավապահ մարմինները  երկու դեպքով էլ քայլ չեն ձեռնարկել, ու քրեական հետապնդում չի հարուցվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա։ «Թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ Արթուր Հովհաննիսյանը  կատարել են քրեական օրենսգրքով արգելված արարք եւ պետք է քրեական հետապնդման ենթարկվեն, բայց արդարադատության մարմինները՝ ի դեմս ՔԿ-ի, Դատախազության եւ դատարանների, խախտելով օրենքը, ապօրինի պաշտպանության տակ են վերցրել Արթուր Հովհաննիսյանին եւ Ալեն Սիմոնյանին: Այս ամենին կգումարեմ նաեւ Տիգրան Ավինյանի՝ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ նա գնաց Պոլիտեխնիկական համալսարան. այս մասով էլ ենք հաղորդում ներկայացրել, եւ կրկին քրեական հետապնդում չհարուցվեց: Այս դեպքերը գալիս են ցույց տալու, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա»,-ասաց Իոաննիսյանը:

 

 

 

Գաղտնիք չէ, որ խոսքի ազատության շեմը վերջին հինգ տարիներին նվազել է լրագրողների եւ իրենց աշխատանքի նկատմամբ գործադրված ճնշումների միջոցով։ Այդ ճնշումներն հաճախ այնքան են սաստկանում, որ որոշ լրատվամիջոցներ, լրատվական գործակալություններ եւ առանձին լրագրողներ դիմում են դատական համակարգ կամ լրագրողական կազմակերպությունների՝ ինքնապաշտպանության համար։  «Ժողովուրդ» օրաթերթը համեմատական է անցկացրել՝ վերջին տարիներին ինչպես է փոփոխվել լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ կամ մասնակցությամբ դատական գործերի քանակը։ 2023 թ.-ին Հայաստանում ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողների դատական գործերը կազմել են 36-ը՝ 2022  թվականի համեմատ աճելով 4 դատական գործով։ Վերջին մի քանի տարիներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որը վերաբերում է վիրավորանքին եւ զրպարտությանը, կայուն ակտիվությամբ կիրառվում է լրագրողների դեմ հայցեր ներկայացնելու համար։ Նախորդ տարի դատական հայցերից 34-ը վերաբերում են հենց այս հոդվածին, մյուս երկուսը տնտեսական կամ այլ վեճերի հիմքով են։ 2019 թվականին դատարաններ է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող  94 հայց, 2020-ին՝ 82։  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախորդ՝ 2013 եւ 2014 թվականների նմանատիպ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով գործերի քանակը գրեթե 3 անգամ ավելացել է։ Բանն այն է, որ ներկայիս իշխանությունները, որոնց հիմնական կորիզը լրատվական դաշտի նախկին ներկայացուցիչներ են, սեփական գործընկերների դեմ դավեր են նյությում, նրանց դեմ հայցեր ներկայացնում։ Հենց նախկին լրագրողները երկրի ղեկավարի հետ միասին փորձում են փոփոխություններ իրականացնել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում, որը նրանց թույլ կտա սահմանափակել տեղեկատվություն տրամադրելու ինֆորմացիաների տեսակները։ Այսինքն՝ օրենքի նախագծի ընդունման դեպքում կառույցները կարող են տալ այն տեղեկատվությունը, որն ուզում են, իսկ որը նպատակահարմար չեն գտնի, չեն տրամադրի։ Նման քայլերով ամեն ինչ արվում է՝ լռեցնելու անկախ մամուլին, եւ ճնշելով փորձ է արվում սահմանափակել նրանց աշխատանքը գաղտնիության պայմաններում: Հանրային հաշվետվողականությունը նվազում է։

 

 

 

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակներում, պետք է Հակակոռուպցիոն դատարան հրավիրվի նաեւ «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։ Գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, ինչի հետեւանքով, ըստ Քննչական կոմիտեի, հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր եւ վիրավորներ։

 

 




Լրահոս