«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործընթացին, չնայած Ադրբեջանի հետ առկա են բազմաթիվ խնդիրներ»,- երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Տեսականորեն խաղաղության գործընթացը տեղի է ունենում թշնամիների միջեւ։ Ակնհայտ է, որ կա երկարամյա թշնամանքի պատմություն, եւ դեռ գերիներ ունենք, բազմաթիվ դեպքեր ունենք, երբ մարդկանց ճակատագրերը պարզապես անհայտ են, այդ թվում՝ 32-ը լավ հիմնավորված բռնի անհետացումների դեպքեր են։ Խնդիրներն իսկապես բազմաթիվ են, եւ եթե այդ խնդիրների գույքագրում փորձենք իրականացնել, ապա դա, գուցե, մեծ հաշվով Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունն է։ Համենայնդեպս, մենք այդպես կարող ենք դատել հնչող հայտարարություններից եւ Ադրբեջանի նախագահի վերջին գնահատականներից։
Այո, ունենք տպավորություն, որ կարգավորման համար քաղաքական կամք Ադրբեջանում չկա, այլ հակառակը՝ կա խնդիրներն ավելի սրելու, սահմանազատման գործընթացում խոչընդոտներ հարուցելու ցանկություն»,- ընդգծեց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը բոլոր ուղղություններով տեսնում է պայմանավորվածություններից հետ կանգնում Ադրբեջանի կողմից։
«Բայց Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին, եւ մեծ հաշվով խաղաղության գործընթացը հենց այս խնդիրների լուծման նպատակ ու առաքելություն ունի»,- հայտարարեց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելուց նախապայմաններ չեն ներկայացրել միմյանց։
Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ աշխատանքային գործընթացի ընթացքում հնարավոր կլինի լուծել առկա բոլոր խնդիրները՝ հավելելով, որ հակառակ դեպքում չի ստացվի խաղաղության պայմանագիր կնքել։
«Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այժմ էլ առկա է»,- ասաց նախարար Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահական ընտրությունների եւ ԵԽ-ում ընտրությունների պարագայում լարվածության հավանականությունը կաճի, երբ միջազգային գործընկերները կենտրոնացած կլինեն ներքին օրակարգի վրա:
«Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականությունն այս պահին էլ առկա է: Առնվազն այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը»,-ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը նշեց՝ Ալիեւի հարցազրույցում հնչել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ: «Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքները կամ մարզերն անվանվում ձեւախեղված ձեւով, մեծ հաշվով ամբողջ Հայաստանի Հանրապետությունն անվանվում Արեւմտյան Ադրբեջան: Էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա: Արդյո՞ք այդ հավանականությունը կմեծանա տարբեր երկրներում տեղի ունեցող ընտրությունների ընթացքում. կարծում եմ, որ ռացիոնալ կլինի այդպես մտածել»,- նշեց ԱԳ նախարարը:
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Վաշինգտոնը հետաքրքրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու հարցում՝ երկու կողմերի հետ համակարգմամբ։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններ վարելու՝ ԱՄՆ-ի ցանկությանը։
«Դրանում հետաքրքրված են ԱՄՆ-ն եւ պետքարտուղարը, եւ մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որպեսզի հասնենք վերջնագծին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ այս հարցի շուրջ աշխատող մյուսների, այդ թվում՝ Լուիս Բոնոյի (խմբ.`ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական) հետ համակարգմամբ», – ասել է Պատելը ճեպազրույցի ընթացքում։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու համար Վաշինգտոնում նախատեսված բանակցություններին, Վեդանտ Պատելը նշել է, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան։
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ
2023 թ. Արցախի հայաթափումից հետո ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում բնակություն է հաստատել 704 բռնի տեղահանված արցախցի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը:
«Այս պահի դրությամբ Վարդենիսում բնակվում է 704 արցախցի /224 ընտանիք/: Թվերն անընդհատ փոփոխվում են՝ կախված գրանցումից դուրս գալու եւ նոր գրանցում կատարելու հետ: Հիմնականում նախընտրում են այնտեղ բնակվել, որտեղ աշխատանք կա, եւ կարող են աշխատել ու հոգալ սեփական կարիքները: Շատ օպերատիվ կերպով կազմակերպել եւ լուծել ենք համայնքում նրանց՝ առանձին տներում բնակության հարցը: Եթե Վարդենիսում առաջին երկու օրն ունեցել ենք հյուրատներում խմբերով ապրող բռնի տեղահանվածներ, ապա երրորդ օրն արդեն համայնքը չի ունեցել այդ խնդիրը: Իհարկե, որոշները վարձով են ապրում, իսկ որոշներն էլ համայնքի բնակիչների կողմից անվճար տրամադրված տներում են բնակվում: Վարդենիսում եւս արցախցիներն ապահովվել են զբաղվածությամբ: Համայնքի հնարավորությունների չափով, որտեղ որ ազատ աշխատավայրեր են եղել, բռնի տեղահանված մեր հայրենակիցները դիմել են եւ ընդունվել աշխատանքի: Շատերն արդեն սկսել են զբաղվել անասնապահությամբ»,- ասաց Էդգար Պետրոսյանը:
Մեր զրուցակիցը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ որոշ բարերարների աջակցությամբ նախատեսվում է իրագործել մի նախաձեռնություն, որ արցախցիներին հնարավորություն կտա համայնքում հիմնել եւ ունենալ իրենց սեփական գործը:
Էդգար Պետրոսյանի խոսքով՝ նախաձեռնությունը մոտ օրերս, հնարավոր է, արդեն իրագործվի:
ArmLur.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նաեւ նշեց, որ 2020 թ. պատերազմից հետո Արցախի կորսված բնակավայրերից 427 արցախցի /90 ընտանիք/ հաստատվել է Վարդենիսում եւ առ այսօր շարունակում են բնակվել այնտեղ:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԴԵՍՊԱՆ
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Աննա Աղաջանյանը նշանակվել է Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում եւ Դանիայում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի՝
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Ֆինլանդիայի Հանրապետությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Իսլանդիայում եւ Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշված է հրամանագրում։
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքը եւ առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։
ՆԻՍՏ ԵՆ ԱՐԵԼ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանը նախորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը, փակ նիստ է արել:
Ինչպես մեզ փոխանցեցին, քննարկվել է բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծմանն ուղղված հարցեր, ինչպես նաեւ ընդունվել է նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Ըստ գործող օրենքի՝ աշխատավարձի կուտակային գումարները, որոնք քաղաքացիները կարող են ստանալ կոնսաթոշակի անցնելուց հետո, համապատասխան փոփոխություններից հետո արդեն կարող են կուտակային գումարները ստանալ ավելի սեղմ ժամկետում՝ մինչ թոշակի անցնելը:
Մեր տեղեկություններով՝ Արցախի ԱԺ նիստը բավականին երկար է տեւել, բոլոր պատգամավորները ներկա են եղել նիստին:
ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
«Վճռականորեն մերժում ենք Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի կողմից 2024 թվականի հունվարի 22-ին Ադրբեջանի դեմ հնչեցրած անհիմն պնդումները միջազգային հարաբերությունների խորհրդի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ». այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի ակնհայտ խեղաթյուրումը արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ, եւ նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն է՛լ ավելի է սրում Ադրբեջանի եւ ԵՄ-ի հարաբերությունները», – ասված է հայտարարության մեջ: