ՏԿԵՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՀՌԵԼԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ պաշտոնի նշանակվել է 2019 թվականին, բացի փոխնախարարի վարձատրությունից, 2022 թվականին ստացել է 15 հազար 600 եվրո եւ 2020-ին ստացել է 31 հազար 200 եվրո վարձատրություն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ՝ ինչ աղբյուրից է փոխնախարարը եկամուտ ստացել։

Հեղափոխական թիմի կողմից նշանակված երիտասարդ փոխնախարարը, ում կենսագրական տվյալներում միայն կրթության մասին է նշված, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել, մասնավորապես՝ նրա բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 5 մլն 900 հազար դրամ, տարեվերջին դրանք զրոյացել են։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 հազար եվրո եւ 686 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 400 դոլար, 800 հազար ՀՀ դրամ, 8 հազար եվրո եւ 1 մլն 200 հազար ռուբլի։ Նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Սիմոնյանն ունի եկամտի հիմնական 2 աղբյուր, երկուսն էլ աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ 14 մլն 426 հազար դրամ, եւ «ՏՐԱՍԵԿԱ»-ից՝ 15 հազար 600 եվրո։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկանալ, թե փոխնախարարը «ՏՐԱՍԵԿԱ»-ում ինչ գործառույթներ ունի, որի համար ստանում է աշխատանքի վարձատրություն։ Ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունից մեզ պատասխանեցին.

«Արմեն Սիմոնյանը հանդիսանում է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղարը, եւ դա ենթադրում է նաեւ վարձատրություն։ Իսկ դա բխում է ՀՀ կողմից վավերացված «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջեւ «ՏՐԱՍԵԿԱ»  միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության (ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ) համատեղ ֆինանսավորման մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից:

«ՏՐԱՍԵԿԱ»  միջկառավարական հանձնաժողովի բյուջեն ձեւավորվում է անդամ-երկրների անդամավճարներից եւ հաստատվում է ամեն տարվա համար: ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 16-ի 1311-Ա որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է «ՏՐԱՍԵԿԱ» միջանցքի զարգացման հանձնաժողովի քարտուղար»:

Միջկառավարական հանձնաժողովից Սիմոնյանը 2020 թվականին եւս ստացել է գումար՝ աշխատանքի վարձատրություն, սակայն այս դեպքում այն կազմել է 31 հազար 200 եվրո։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարան է հրավիրվել եւ հարցաքննվել Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը։ Նա հարցաքննվել է որպես վկա ԲԴԽ նախկին նախագահ  Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ Մելիքջանյանը Նախկին ԲԴԽ անդամ է եղել։ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաեւ ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ համոզելու, խնդրանքի եղանակով վերջինիցս պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

 

 

Քաղաքական իշխանությունները դատական համակարգում փնտրտուքները շարունակում են. ՍԴ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց ցանկալի թեկնածուին են փնտրում, սակայն դատելով իրավիճակից՝ ոչ բոլոր դատավորներն են  ցանկանում գնալ ՍԴ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները: Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից: Իսկ ո՞վ պետք է զբաղեցնի Թունյանի տեղը: Դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ գնդակը դատավորների դաշտում է, եւ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու պետք է ներկայացնի, ու դատավորները ընտրեն նրան, ապա՝ գործուղեն ԱԺ: Դատավորների ժողովը կայանալու է փետրվարի 2-ին։

 

 

Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի տարածքի ապագան դեռ անորոշ է: Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքապետարանի հերթական որոշումը՝ Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող սրճարանները, ժամանցի վայրերը, այդ թվում՝ «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ: Factor.am լրատվականը բացահայտել էր, որ թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երեւանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը՝ Մարետա Գեւորկյանին. վերջինս նաեւ հանդիսանում է «GreenRock Management Group» ընկերության սեփականատերը: Եվ հենց «GreenRock Management Group» ընկերությունն էլ դիմել է քաղաքապետարան՝ տարածքը իրենց տրամադրելու համար: Այսինքն՝ մի ընկերությունից, որը սպորտային նպատակով այգու տարածքը զբաղեցրել է, վերցնում է իշխանությունը եւ տալիս մեկ այլ գործարարի, որը քաղաքին գումար է տվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «GreenRock Management Group» կազմակերպություն՝ պարզելու, թե ինչ նպատակով է տարածքը օգտագործվելու: Կազմակերպությունից մեզ պարզաբանեցին, որ նախագիծը դեռ քաղաքապետարանում է, վերջնական որոշում դեռ չկա, այսինքն՝ գործարքը դեռ չի ավարտվել: Իսկ կազմակերպությունն այս ընթացքում հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե քաղաքացիները թենիսի կորտերի տարածքում ինչ կցանկանային տեսնել: Ըստ այդ հետազոտությունների արդյունքների՝ գործարքի ամբողջական ավարտից հետո կորոշվի՝ ինչ է կառուցվելու թենիսի կորտերի տարածքում: Այսինքն՝ տարածքը վերցրել է ընկերությունը, բայց դեռ չգիտի՝ ինչ է ուզում կառուցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բարձրացած այս մեծ աղմուկից եւ քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններից հետո ակտիվիստների մի խումբ մտադիր է ընդհուպ բոյկոտ հայտարարել Evocabank-ին:

 




Լրահոս