«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:
-Պարո՛ն Աբովյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս մի ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ընդ որում՝ անհրաժեշտ է ոչ թե փոփոխել գործող Սահմանադրությունը, այլ ամբողջովին նոր Սահմանադրություն գրել Հայաստանի համար: Ո՞րն է իրական նպատակը Նիկոլ Փաշինյանի, ինչո՞ւ գործող Սահմանադրությունը հանկարծ սկսեց խանգարել նրան:
-Սա Նիկոլ Փաշինյանի որոշումը չէ, սա, ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի վերջնագրերի կատարումն է: Հիշեցնեմ Ձեզ, որ 2021 թվականի աշնանը թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդներից մեկը, Անդրկովկասյան թաթարների լիդեր Իհլամ Ալիեւը պահանջ ներկայացրեց, որ ՀՀ-ն պետք է փոխի Սահմանադրությունը, այսինքն՝ Հայաստանը պետք է հրաժարվի իր ինքնությունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանության գործելաոճի կոնցեպտի մեջ մտնում է մաքսիմալ բավարարել թուրքերի եւ ադրբեջանցիների պահանջները՝ դիմացը ակնկալելով ինչ-որ դրական քայլեր, ապա այս զարգացման մասին մենք խոսել ենք 2020 թվականից հետո, եւ այստեղ մենք ունենք պարզ իրողություն, որ ինչ էլ մեզ պատմեն, որ Սահմանադրությունը փոխելուց հետո կգա բաղձալի խաղաղությունը, որով արդեն հոգնեցրել են մարդկանց, եւ որի մասին միջազգային ատյաններում, բացի բարձր ծիծաղից, էլ ոչ մի բան չի առաջացնում, այդ մեխանիզմները կիրառվելու են: Ասեմ ավելին՝ մենք մի պարադոքսալ իրավիճակ ունենք. այն փաստաթուղթը ինքնաոչնչացման, որը սրանք անվանում են Կադաստրի թուղթ, այն դրույթները, որոնք այս իշխանությունը փորձում է որպես նարատիվներ ներկայացնել, հակասում են Սահմանադրությանը եւ հակասում են Անկախության հռչակագրին: Երեկ Ադրբեջանի դեսպանը Գերմանիայում հայտարարություն է արել, համաձայն որի՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետեւ այնտեղ կան տարածքային պահանջներ, ինչն ակնհայտ սուտ է:
-Այսինքն՝ Դուք համոզմունք ունեք, որ եթե ի կատար ածվի Սահմանադրության նախատեսվող փոփոխությունը, մայր օրենքից կհանվի՞ Արցախի ու Ցեղասպանության մասին ցանկացած դրույթ, թեեւ իշխանությունները հերքում են դա:
-Ստիպված եմ հիշեցնել իշխանությանը, թե ինչ համառությամբ էին նրանք հերքում թեզեր, եւ ի վերջո ամեն ինչ եկավ կանգնեց այնտեղ, որտեղ կանգնել է: Այսինքն՝ իրենց խոսքերին մենք ուշադրություն չպետք է դարձնենք: Ցավոք, իշխանությունն իր արտաքին ճակատում ամբարտավան քաղաքականությամբ բերել է այն վիճակին, որ իրենք բան չեն որոշում: Այո՛, իրենք հանելու են: Մեզ փորձում են համոզել, որ մեր սարը Արարատը չէ, Արագածն է:
-Նոր Սահմանադրության փոփոխությունը պետք է հանրաքվեի միջոցով իրականացվի: Ո՞նց են հասնելու դրան:
-Իրենք երկու մեխանիզմ են օգտագործելու՝ առաջինը՝ վախերի գեներացում, այսինքն՝ ասելու են՝ կա՛մ մենք սա անելու ենք, կա՛մ լինելու է պատերազմ, եւ մշտապես մեզ սպառնալու են, այնինչ հակառակ պրոցեսն է. Սահմանադրությունը այսօրվա տեսքով իդեալական չէ, բայց այն թեզերը, որոնք սրանք ուզում են հանել, կանխարգելիչ անվտանգային մեխանիզմներ են մեզ բոլորիս համար: Երկրորդը՝ մեխանիզմը իրենք նաեւ կիրառելու են խաղաղության իրենց տեսլականի պահով: Ենթադրվելու է, որ նույնիսկ նշույլները ազգային ինքնության պետք է հանենք. մեզ առաջարկելու են ազգային ինքնությունից հրաժարվել Սահմանադրության մակարդակով. մոռանում ենք, որ մենք հայ ենք, մենք դառնում ենք անդեմ, անսեռ, անիմաստ, բայց հարկ վճարող մի զանգված, այսինքն՝ մեր կյանքի նպատակը եւ մեր հայրենասիրությունը եզրափակվելու է, թե մենք ինչքան փող ենք տալիս պետությանը:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԲՀԿ ԵՐԻՏԹԵՎԸ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդի անդամները օրեր առաջ հանդիպել են Արցախի տարբեր կուսակցությունների երիտթեւերի եւ ՀԿ-ների ղեկավարների, Արցախի տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից նախ ողջունել է Արցախի երիտասարդներին, հույս հայտնել, որ Արցախում մշտապես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում արտահայտած եւ պետականամետ մտածելակերպ ունեցող երիտասարդները Հայաստանում եւս իրենց ուրույն դերակատարումն են ունենալու պետականաշինության գործընթացում. այս մասին հայտում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆեսբուքյան էջում:
ԲՀԿ ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել Արցախի երիտասարդներին ներգրավել բոլոր այն նախաձեռնություններում, որոնք միտված են երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանմանը եւ դրանց լուծման ուղիների նախանշմանը:
Արցախի երիտասարդները նախ խնդրել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փոխանցել իրենց գնահատանքի խոսքերը՝ Արցախի շրջափակման ամիսների ընթացքում ցուցաբերված համակողմանի եւ կարեւոր աջակցության համար՝ նշելով, որ Արցախի մեր հայրենակիցները շատ բարձր են գնահատում հատկապես դժվարին այդ ժամանակահատվածում իրենց կողքին գտնվելու հանգամանքը:
Երիտասարդները նաեւ բարձր են գնահատել Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող խոշորածավալ սոցիալական աջակցության ծրագրերը:
Հանդիպման ընթացքում երիտասարդները անդրադարձել են Արցախի երիտասարդների զբաղվածության, բնակարանային ապահովման, կրթության շարունակականության վերաբերյալ հարցերին ու մտահոգություններին: Քննարկվել է համատեղ ուժերով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար անվճար իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվության տրամադրմանն ուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական հանդիպումների ընթացքում հստակեցնել իրականացվելիք միջոցառումների ուղղություններն ու ժամանակացույցը: Հանդիպման ավարտին Արցախի երիտասարդները շրջայց են կատարել Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում, ծանոթացել հայկական կոնյակագործության հարուստ ավանդույթներին:
ՉՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Րոպեներ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:
Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից եւ այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
Ընդունված բանաձեւում Վեհաժողովը վկայակոչում է 2023 թվականի հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւը, որում Վեհաժողովը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ երթեւեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար եւ մարդու իրավունքների հետեւանքները: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնում, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։
Վեհաժողովը հիշատակում է նաեւ 2023 թվականի հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։ Հենց այս բանաձեւում էր Վեհաժողովն ընդգծել, որ Ադրբեջանի՝ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության եւ մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։
Վեհաժողովը խիստ ափսոսում է, որ չի հրավիրվել հետեւելու գալիք նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանն ունի հրավերը ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիտորինգի ենթակա երկիր։ Վեհաժողովը մտահոգված է նաեւ, որ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ։