Եվրոպական խորհրդարանում կանցկացվի Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով քննարկում։
«Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգությունը» խորագրով համագումարին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիները տառապում են մարդկության աչքի առաջ, հայկական ինքնատիպ մշակութային ու կրոնական ժառանգությունը ոչնչացվում է, իսկ Ադրբեջանի այդ քայլն անպատիժ է մնում։
«Քրիստոնեական եւ հրեական մշակույթն Արեւմտյան քաղաքակրթության հենասյունն են, եւ մենք պետք է պետք է դա պահպանենք ոչ միայն խոսքով, այլ գործով։ Այո, ԵՄ-ն այսօր գազի կարիք ունի, որի համար պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, բայց մենք իրավունք չունենք կասկածի տակ դնել կամ անտեսել ԵՄ-ի արժեհամակարգը», – նշել է Լիքսմանը։
Համագումարի բանախոս, Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպան եւ ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր խոսքում հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պարբերական ոչնչացումը սկիզբ է առել դեռեւս 2005-ին, երբ Նախիջեւանում ոչնչացվեցին հազարավոր հայկական խաչքարեր։ «Մենք հասել ենք այս կետին, քանի որ դա կանխելու համար ոչինչ չի արվում», – ասել է Բալայանը։
Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ, Արդարադատության միջազգային դատարանում ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցերով ներկայացուցիչ Պիեր Դը Արժանը իր խոսքում ընդգծել է, որ Ադրբեջանը հերքում է հայկական մշակութային ժառանգության գոյությունը եւ զբաղված է իրականությունը խեղաթյուրելով։ «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կենդանի է, ապրող է, եւ այն կարող է գոյություն ունենալ, եթե արցախահայությունն այն ապրեցնում է»,- նշել է նա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն եւ Լեռնային Ղարաբաղի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, շարունակելով Պիեր Դը Արժանի միտքը, վերահաստատել է, որ մշակութային ժառանգությունը միայն եկեղեցիներն ու հուշակոթողները չեն։ «Մշակույթը կապրի, եթե արցախցիները կարողանան հաճախել իրենց աղոթատեղիներ եւ պահպանել իրենց կրոնական եւ ազգային ավանդույթները»,- ասել է նա։
Մշակութային ժառանգության մասնագետ Արմինե Տիգրանյանը նշել է, որ երբ խոսում են մշակութային ժառանգության մասին, պետք է գիտակցել, որ առաջին տեղում մարդիկ են, եւ այն փաստը, որ այսօր նրանք զրկված են համայնքային կյանքից, ծանր հարված է հասցնում նրանց ինքնության շարունակականությանը։
ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը, որ զգալի պատասխանատվություն է կրում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացների համար, որեւէ հստակ քայլեր չի ձեռնարկում այդ հարցում: ArmLur.am-ն ԱԽ գրասենյակից հետաքրքվել էր, թե հայ ռազմագերիների եւ Արցախից գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի պահանջի հարցով ինչ հստակ աշխատանքներ են կատարվում։ Ի պատասխան մեր հարցադրման՝ գրասենյակից նշել էին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր եւս շարունակում է աշխատել, որպեսզի բոլոր գերիները վերադառնան ՀՀ։
«Տեղեկացնում ենք, որ ռազմագերիների վերադարձի հարցը պարբերաբար քննարկվում է ադրբեջանական կողմի հետ: Որպես հստակ արդյունք պետք է արձանագրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի՝ 2023 թ.-ի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը ազատ է արձակել 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր եւս շարունակում է աշխատել, որպեսզի բոլոր գերիները վերադառնան ՀՀ»,- ասված է ArmLur.am-ին ուղարկված պատասխանում:
Պատերազմից անցել է ավելի քան 3 տարի, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առեւանգումից՝ գրեթե 4 ամիս, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: Ստացվում է, որ փաստացի Անվտանգության խորհրդից պատասխան չունենք, թե ինչ աշխատանքներ են կատարում՝ Արցախի նախկին նախագահներին եւ պաշտոնյաներին Հայաստան վերադարձնելու հետ կապված։
ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը երեկ Փաստաբանների պալատում հանդիպել է Պալատի ներկայացուցիչների հետ՝ ծանոթացնելու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կիրառելի հարթակների հնարավորություններին։
Մինչ հանդիպում-քննարկումը գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը, թվայնացման ոլորտը համակարգող տեղակալ Գագիկ Հարությունյանը Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի եւ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի հետ մտքեր են փոխանակել երկկողմ արդյունավետ համագործակցության ապահովման ուղղությամբ։
Գագիկ Հարությունյանը Փաստաբանների պալատի ներկայացուցիչներին ծանոթացրել է հարկադիր կատարման ոլորտում ներդրված թվային գործիքների հնարավորություններին, դատարաններից, արբիտրաժային տրիբունալից, նոտարների կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացվող ակտերի թվայնացման գործընթացին, մանրամասնել էլեկտրոնային կատարողական վարույթի էությունը, ծառայության www.cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների հնարավորությունները, ինչպես նաեւ դրանց միջոցով վճարումներ կատարելու առավելությունները, QR կոդով հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումների բնօրինակներին հասանելիության ապահովումն ու այլ հարցեր։
Հանդիպման ավարտին դահլիճում ներկա գտնվող եւ առցանց ձեւաչափով մասնակցած փաստաբանների կողմից բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է կառուցողական քննարկում, հնչել են առաջարկներ։
«ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆԸ»՝ ՊԱՌԱԿՏՎԱ՞Ծ
Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը լքում է «Հանրային ձայն» կուսակցությունը։
«Հաշվի առնելով վերջին շրջանում կուսակցության ներսում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները, այդ թվում՝ հիմնադիր անդամների շրջանում մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունները, ինչը, ըստ էության, հանգեցրեց կուսակցություն պառակտմանը, ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը այս հարցում:
Նախ՝ նշեմ, որ «Հանրային ձայն» խմբակցությունը ձեւավորվել է «Հանրային ձայն» կուսակցության Երեւանի ավագանու 2023թ. սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում երեւանցիների կողմից ստացած ձայների շնորհիվ, եւ, անկախ ամեն ինչից, խմբակցությունը շարունակելու է իր աշխատանքը նույն տեմպով։
Ես՝ Վահան Ավագյանս, հայտարարում եմ, որ լքում եմ «Հանրային ձայն» կուսակցության շարքերը՝ չցանկանալով այլեւս որեւէ կերպ կապ ունենալ վերոնշյալ կուսակցության հետ»,- ասված է նրա հայտարարության մեջ:
ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ
Համացանցում լուրեր են տարածվել, ըստ որոնց՝ Վանաձոր քաղաքում լսվել են պայթյունին նմանվող ձայներ:
Անհանգստացած քաղաքացիները փորձում են հասկանալ՝ ինչ է կատարվել: Ոմանց խոսքով՝ պայթել է գազալցակայան, ոմանք ձայնը նմանեցրել են օդանավի ընկնելուն։
Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը հայտնեց, որ ընդամենը լսել են ուժեղ ձայն։
«Ընդամենը ձայն է լսվել, ոչինչ չկա այս պահի դրությամբ, Վանաձորում այս պահին շատ հանգիստ է։ Ինքնաթիռի ձայնն էլ է լսվել եւ ուժեղ կրակոցի ձայն, բայց ոչինչ չկա, չենք տեսել։ Համայնքում ամեն տեղ հարցրել ենք, ոչինչ չի եղել, կոտրված ապակիներ չենք տեսել. հիմա փնտրում ենք, թե որտեղից է եղել ձայնը»,- ասաց նա։
Ներքին գործերի նախարարությունից էլ մեզ հայտնեցին, որ ստացել են պայթյունի ձայնի վերաբերյալ ահազանգ, սակայն դեպքի վայր չի հայտնաբերվել:
Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք՝ հորդորելով խուճապի չմատնվել:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
«Ցանկացած փոփոխություն, որ իրականացվում է, մշտապես ունենում է դիմադրություն, ու մշտապես լինում են մարդիկ, ովքեր հակափաստարկներ են ունենում»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու նախաձեռնությանը, ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
«Բայց կարեւոր է կշռադատել, հասկանալ հիմնավորվածությունը ու ըստ այդմ շարժվել առաջ։ Որեւէ մեկը չի խոսել այն մասին, որ մենք ուսումնասիրելու ենք հայ ժողովրդի պատմությունը ինչ-որ ինտերվալներով կամ միջակայքերով։ Եթե մենք խոսում ենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր մշակույթի, կրոնի մասին, ապա դպրոցում ուսումնասիրվելու է ողջ ժամանակագրությունը։
Բնականաբար, այն փուլերը, երբ մենք պետականություն չենք ունեցել, չենք կարող բաց թողնել։ Ոչ ոք չի խոսում այն մասին, որ այս կամ այն պատմական դրվագը չի ուսումնասիրվելու։ Մենք շատ ենք կարեւորում, որ դպրոցներում երեխաների մեջ սերմանվեն ակտիվ քաղաքացի դառնալու, իրենց երկրի զարգացմանը միտված իրենց դերը կարեւորելու, իրենց կրթությունը արժանապատիվ ստանալու հարցերը»,- ասաց փոխնախարարը։