Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել. «Չնայած Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի՝ նախաքննության ընթացքում փաստական հանգամանքներին չանդրադառնալու դիրքորոշմանը՝ այս փուլում անհրաժեշտություն է առաջացել որոշակի փաստերով հերքելու միջադեպի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որոնք շրջանառվում են լրատվամիջոցներում, եւ անդրադառնալու Տիրան Խաչատրյանի կալանավորման որոշմանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը, քանի որ իրեն վերագրվող արարքը՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը, չի համապատասխանում դեպքի իրական հանգամանքներին եւ օբյեկտիվ իրականությանը։
Նախեւառաջ նշենք, որ Տիրան Խաչատրյանի կողմից զենքի գործադրումը եղել է բացառապես ինքնապաշտպանական նկատառումներով, այսինքն՝ իր կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Տիրան Խաչատրյանի՝ զենք գործադրելը դրսեւորվել է օդ կրակելով՝ առանց վեճի մասնակիցներին վնասելու որեւէ մտադրության։ Ինչ վերաբերում է վեճի առիթին, ապա նշենք, որ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճը չի եղել քաղաքական որեւէ հարցի շուրջ։ Վիճաբանության հետեւանքով վնասվածք ստացած անձը չի հանդիսանում վեճի մասնակից, իսկ նրա վիրավորումը պատահականության հետեւանք է։ Ընդ որում՝ վնասվածք ստացած անձի մոտ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է թեթեւ մարմնական վնասվածք, եւ այդ անձը որեւէ բողոք չի ներկայացրել։
Տիրան Խաչատրյանի կալանավորումը զուրկ է կալանքի պարտադիր պայմանից՝ հիմնավոր կասկածից եւ հիմքերից։ Դատարան ներկայացված գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմնի եւ դատարանի հետեւությունները հիմնավոր կասկածի առկայության մասով ամբողջովին անհիմն են, քանի որ Տիրան Խաչատրանի գործողությունները չեն հետապնդել հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու նպատակ, այլ Տիրան Խաչատրյանը զուտ խնդիր է ունեցել պաշտպանելու իր կյանքն ու առողջությունը։ Դատարանը որպես կալանքի կիրառման հիմք է նշել հնարավոր փախուստի կամ թաքնվելու, ինչպես նաեւ վարույթը խոչընդոտելու ռիսկերը, որոնք կրում են բացառապես ենթադրական բնույթ եւ հիմքում չունեն այդպիսի ռիկսը հիմնավորող որեւէ փաստական տվյալ։ Ավելին՝ դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք եւ 10 միլիոն ՀՀ դրամի չափով գրավ։ Ի պատասխան մեղադրանքի՝ կողմը հայտնեց, որ թեեւ տնային կալանքը զսպում է փախուստի ռիկսը, սակայն չի կարող ապահովել Տիրան Խաչատրյանի կողմից վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրվելու ռիսկի զսպումը հնարավոր շփումների ու հեռախոսազանգերի պայմաններում։ Այնինչ ո՛չ միջնորդությամբ եւ ո՛չ էլ, հետեւաբար, դատական ակտով չեն սահմանափակվել Տիրան Խաչատրյանի տեսակցություններն ու հեռախոսազանգերը, ինչը ցույց է տալիս, որ կալանքի միջնորդությունը բավարարելն ու տնային կալանքի միջնորդությունը մերժելը չի բխել ընտրված խափանման միջոցի օրենսդրական նպատակներից։ Կարճ ասած՝ ինքնանպատակ է։
Կարծում ենք, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանությունների հասցեին նրա խիստ եւ պարբերական քննադատությունների համար նրան պատժելու թաքնված շարժառիթ ունի։
Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան։
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական է, Հայոց բանակում ծառայել է 1991-2021 թվականներին՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր պաշտոններ։ Ռազմական գործում ունեցած նշանակալի հաջողությունների եւ անբասիր ծառայության համար պարգեւատրվել է բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով (ՀՀ ազգային հերոսի կոչում), Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպես նաեւ ՀՀ եւ ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ մեդալներով»։
ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 22-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, Երեւանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն վարչական շրջանի 12-րդ փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի եւ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հ. Պետրոսյանի եւ հատկապես կարեւոր գործերով քննիչ Ա. Մելքոնյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նշված տան բնակիչ 54-ամյա Հովսեփ Հ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ աջ ազդրի վրա առկա է եղել մակերեսային վերք։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱՇԽԱՏԱՆՔ ՉԵՆ ԿԱՏԱՐԵԼ
Հունվարի 24-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ղ.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի վաշտում փաստաթղթեր են ձեւակերպվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏՈՒԺԱԾՆԵՐ ՉԿԱՆ
Հունվարի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Ժորա Ա.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Ալափարս-Չարենցավան խաչմերուկում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լեւոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մելքոնյանն ու պարեկ Տիրան Եղիազարյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձեւակերպվում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։