250 ՄԼՆ ԵՐԵԽԱ՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կլիմայի փոփոխությամբ, հակամարտություններով, տեղահանություններով, համաճարակներով պայմանավորված՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալներով աշխարհում կրթությունից դուրս է մնում մոտ 250 մլն երեխա, եւ օրեցօր այդ թիվն աճում է։  ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց, որ կրթական գործընթացի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում են կլիմայի փոփոխությունը, աղետները։

 

«250 մլն ցուցանիշը հաշվարկվում է՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանից սկսած։ Ինչպես գիտենք, այդ ժամանակ ստեղծված իրավիճակը մեծ ազդեցություն թողեց կրթական գործընթացների վրա։ Դրանից բացի, 2020 թվականին Պակիստանում մեծ ջրհեղեղ եղավ, եւ 26 հազար դպրոց փլուզվեց։ Հազարավոր դպրոցներ ավերվեցին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով։ Եթովպիայում շարունակական երաշտ է, որի հետեւանքով տուժած համայնքներում բնականոն կյանքը խաթարվում է, եւ երեխաները զրկվում են կրթության հնարավորությունից։ Կրթության ընդհատումները բերում են բացեր, ու դրանք չլրացնելու, մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ աշխատանք չկատարելու պարագայում լուրջ տնտեսական խնդիրներ կարող են առաջանալ»,-ասաց Ալվարդ Պողոսյանը։

Հայաստանը եւս անմասն չմնաց այդ միտումներից, ու 2023 թվականին առերեսվեց ղարաբաղյան հակամարտության սրացմանը, որի հետեւանքով 100 հազարից ավելի արցախցիներ բռնի տեղահանվեցին։ Հայաստանում նրանց կեցության ու սոցիալական հարցերը կարգավորելուց զատ, կարեւոր էր երեխաների կրթության շարունակականության ապահովումը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործընկեր միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ ծավալուն աշխատանք կատարեց արցախցի երեխաներին դպրոցներում տեղավորելու, նրանց կրթության շարունակականությունն ապահովելու համար։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական եւ արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը տեղեկացրեց, որ, վերջին տվյալներով, ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունում։

«Սկզբնական փուլում երեխաները դպրոցներում տեղավորվեցին՝ անկախ անհրաժեշտ փաստաթղթերից։ Դրանից հետ կատարվեց նրանց կարիքի գնահատումը, շատ արագ փորձեցինք վեր հանել եղած խնդիրները, ըստ դրա էլ մշակվեցին աջակցության ծրագրերը։ Աջակցություն ցուցաբերվեց ոչ միայն հոգեբանական, այլեւ կրթական ծառայությունների առումով, հատկապես՝ բարձր ավարտական դասարաններում սովորողների համար մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բոլոր աշակերտներն ապահովվեցին նաեւ անհրաժեշտ դասագրքերով»,-ասաց Ստալ Սարդարյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի խոսքով՝ կարիքների գնահատումը ցույց տվեց, որ հիմնական բացերից մեկը գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների, այլ պարագաների բացակայությունն էր։ Նախարարությունը, համայնքները, միջազգային ու տեղական կազմակերպությունները լծվեցին այդ պարագաների ձեռք բերման ու տրամադրման գործին։

«Այդ փուլում կարեւոր էր հյուրընկալող դպրոցների հետ աշխատանքը, որպեսզի կարողանային ինտեգրումը սահուն ապահովել։ Շատ ցցուն էին երեխաների հոգեբանական, սոցիալական խնդիրները, հաղորդակցման դժվարությունները։ Այստեղ մեծ աշխատանք էր տարվում դպրոցների հոգեբանների հետ։ Սկզբնական շրջանում դժվարություն կար այս երեխաներին դպրոց բերելու հարցում, որովհետեւ անորոշ վիճակ էր, թվում էր, թե ինչ-որ փուլից հնարավոր է վերադառնան իրենց տներ։ Մեծ աշխատանք պահանջվեց, որ այդ երեխաները գան դպրոց»,- ասաց Ալվարդ Պողոսյանը։ Մյուս խնդիրն այն էր, որ ԼՂ-ում եղած ժամանակ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, նրանցից շատերը բաց էին թողել կրթական ծրագրեր։ Անհրաժեշտություն կար այս ուղղությամբ եւս հավելյալ աշխատելու։

Այս ընթացքում մշակվեց եւ իրագործվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագիրը։ Կառավարության որոշմամբ հաստատվեց գործուղման կարգ, որով հնարավորություն տրվեց արցախցի ուսուցիչներին գործուղել մարզեր եւ աշխատել այնտեղ գտնվող ուսումնական հաստատություններում։ Նրանց տրամադրվում է մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճար։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Վարդենիս համայնքի դպրոցներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան,  Բերդ համայնքների ուսումնական հաստատություններում, բացի աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճարից, հավելյալ ֆիքսված 50 հազար դրամ լրավճար է նախատեսվում։ Վերջին տվյալներով՝ ստացվել է 300 դիմում, արդեն 250 ուսուցիչ գործուղվել է եւ աշխատում է մարզային ուսումնական հաստատություններում։ Սա կօգնի նաեւ մարզային դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքները լրացնել։

 

 

ՀՈԳԱՏԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՝ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է հունվարի 24-ին Երեւանի Իսակովի պողոտայում ձիու եւ քուռակի՝ ավտոմեքենայի հարվածի պատճառով վնասվելու եւ անօգնական վիճակում հայտնվելու դեպքին:

 

«Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Իսակովի պողոտայում ձին եւ քուռակը անօգնական վիճակում են հայտնվել: Դեպքի վայրից հայտնում են, որ քուռակի հետեւի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել: Ձիուն եւ քուռակին առաջինը օգնության են հասել հարակից դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր։ Ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, իրականացված աշխատանքներից հետո հայտնաբերվել է կենդանիների սեփականատերը եւ նրանց տեղափոխել»,-  հայտնեցին ՇՄ նախարարությունից՝ քաղաքացիներին հորդորելով կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու եւ հոգատար վերաբերմունք, մասնավորապես՝ դրանց պահման եւ խնամքի պարտադիր պահանջների ապահովմամբ։

ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդվածով սահմանված է պատասխանատվություն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ պատիժ՝ համապատասխանաբար տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ։

 

ՀՆԴԻԿՆԵՐԸ՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

«Տավուշ տեքստիլ»   ընկերության  Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանում աշխատում է 27 հնդիկ բանվոր։ Նույն ընկերության սահմանամերձ Պառավաքարի  ձեռնոցի գործարանում աշխատում է 40-ից ավելի հնդիկ, միասին՝ մոտ 60 հնդիկ բանվոր։ Տավուշի մարզի Նոյեմբերյան  համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունում աշխատում է հնդիկ  բանվորների 6-հոգանոց բրիգադ։ Իջեւան քաղաքում՝ խորհրդային տարիներին գործած  հանրախանութի  շենքի առաջին եւ երկրորդ հարկերում գործող կարի երկու արտադրամասերում, աշխատում են մոտ 90 հնդիկ երիտասարդներ, որոնք  բաճկոններ, տարբեր տեսակի վերնազգեստ են կարում:

 

 

ԳՈՒՄԱՐ ԿՍՏԱՆԱ՞

Լոռու մարզում գործող մետաղական հանքերի  հանքաքարը վերամշակող ընկերությունները ավելի քան 20 տարի սպառնալիք են  Նոյեմբերյան խոշոր համայնքի՝ Դեբեդ հովտի պտղատու  այգիների համար։ Ներկայումս Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի գործում, սակայն Ախթալայի լեռնահարստացման գործարանից, Թեղուտի  հանքից արտանետումների հետեւանքով Աղստեւ գետը աղտոտվում է ծանր մետաղներով։  Գետի վտանգավոր  ջրով են  ոռոգվում Թումանյանի տարածաշրջանի Շնող, Ճոճկան, Այրում գյուղերի եւ Նոյեմբերյան խոշոր համայնքի  բնակակավայրերի՝ Արճիսի, Այրում քաղաքի, Լճկաձորի, Հաղթանակի, Պտղավանի, Դեղձավանի, Բագրատաշենի, Դեբեդավանի  հողատարածքները։ Այդ բնակավայրերում անմշակ հողեր չկան, սեփականաշնորհված եւ վարձակալությամբ տրված բոլոր հողերը մշակում են, առավել  եկամտաբեր են Դեբեդի  ջրերով ոռոգվող դեղձի, կորոլյոկի եւ այլ մրգատեսակների այգիները։ Դեբեդի հովտի այգեգործները բողոքում են, որ  ծանր մետաղներով  հագեցած Դեբեդի ջրով ռոգելուց հետո  պտղատու ծառերի շուրջ  հողը ամրանում է, ծառերը՝ չորանում։  Նախկինում գետից  նմուշներ են վերցրել եւ Երեւանում փորձաքննություն կատարել, պաշտոնյաները հայտարարել էին, որ  Բնապահպանության նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու Դեբեդ գետն իր թափոններով  աղտոտող գործարանների կողմից Դեբեդ  արտանետումների վերաբերյալ։  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նախկինում հայտարարել է, որ  Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի մեջ ընդգրկված է  Նոյեմբերյան համայնքը (2024 թվականի համար):  Մարզպետին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով՝   այդ նպատակով Նոյեմբերյան համայնքին որքան գումար է տրվելու, այդ գումարը երբ,  ինչ մեխանիզմով է տրվելու։ Այդ հարցման պատասխանը դեռ չենք ստացել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս