3830 ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամավոր ատեստավորման վերաբերյալ ուսուցիչների կողմից բարձրաձայնված  ամենակարեւոր խնդիրներից մեկը դրա տեւողությունն է. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հարցի լուծումը քննարկել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ։

 

«Շատ ուսուցիչներ բարձրաձայնում են այն հարցը, որ կարող էին թեստը լուծել ամբողջությամբ, եթե ժամանակն իրենց բավարարեր։ Մենք Գնահատման ու թեստավորման կենտրոնի հետ այս հարցը քննարկել ենք, որովհետեւ կամավոր ատեստավորման նպատակը ուսուցչի արագությունը ստուգելը չէ, այլ գիտելիքները ստուգելն է։ Հետեւաբար, մենք չպիտի ունենանք մի իրավիճակ, երբ ուսուցիչը ժամանակով սահմանափակված լինելու հետեւանքով կունենա ցածր արդյունքներ։ Պիտի ամեն ինչ անենք, որ հաջորդ տարի այս խնդիրը չունենանք»,-հավաստիացրեց փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ  բոլոր այն խնդիրները, որոնք նախորդ տարիներին արձանագրվել են, փորձում են անպայման լուծել։

Անդրադառնալով կամավոր ատեստավորման  գործող ընթացակարգերի առանձնահատկություններին՝ Սվաջյանը կարեւորեց 2023 թվականին կատարված այն փոփոխությունը, ըստ որի՝ բոլոր դասարանների ու առարկաների ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվել մասնակցել ատեստավորմանը։

Այս ուսումնական տարվա ընթացքում  4000-ից ավելի ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, ընդ որում՝ եղել են ուսուցիչներ, որոնք 3 տարի անընդմեջ մասնակցել են, ամեն տարի բարելավում գրանցել կամ առնվազն պահպանել են իրենց նախորդ տարվա արդյունքները։

«Ընդհանուր առմամբ, ունենք 3830 ուսուցիչ, որոնք արդեն իսկ կամավոր ատեստավորված են եւ ունեն բարձրացված դրույքաչափ ու ստանում են համապատասխան հավելավճար։ Բնականաբար, սա այն ցուցանիշը չէ, որին մենք ձգտում ենք, եւ ուզում ենք, որ մեր ուսուցիչները մասնակցության շատ ավելի մեծ տոկոս ունենան։ Դրանով պայմանավորված՝ պարբերաբար ընթացակարգերում փոփոխություններ ենք անում։ Օրինակ՝ եթե մինչ այս տարի 60-69 տոկոս արդյունք գրանցած ուսուցիչները համարվում էին ատեստավորված, բայց դա իրենց աշխատավարձի վրա որեւէ ազդեցություն չէր ունենում, ապա այս տարի նրանց դրույքաչափը բարձրանում է՝ դառնալով 200 հազար դրամ»,-ներկայացրեց փոխնախարարը՝ հայտնելով, որ այլ շեմեր են սահմանվել, եւ ուսուցիչները եւս մեկ անգամ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունենում։

Սվաջյանը կարեւորեց նաեւ  վերապատրաստման հնարավորության ներդրումը, որի շնորհիվ բոլոր այն ուսուցիչներին, որոնք չեն հաղթահարում կամավոր ատեստավորումը, պետության կողմից մասնագիտական գիտելիքներով անվճար վերապատրաստման հնարավորություն  է տրվում։ Վերապատրաստումները հիմնականում իրականացվում են այն բուհերի կողմից, որոնք այդ ուսուցիչներին պատրաստող ուսումնական հաստատություններն են։

Ըստ փոխնախարարի՝ 2024 թվականին նորություններ կլինեն պարտադիր վերապատրաստման համակարգում։

«Տարիներ շարունակ պարտադիր վերապատրաստումներն իրականացվել են նույն ծրագրով բոլոր ուսուցիչների համար՝ անկախ նրանից՝ սկսնակ է, թե փորձառու, փորձագետ ուսուցիչ, թե վերապատրաստող։ Բնականաբար, դա այնքան էլ արդյունավետ մեխանիզմ ու համակարգ չի։ Մշակել ենք մի մեխանիզմ, որն առաջիկայում կգործարկվի. դրանով գնահատվելու են  ուսուցիչների կարիքները, եւ այդ գնահատողը լինելու է հենց ինքը՝ ուսուցիչը, եւ այդ դպրոցի տնօրենը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ տնօրենն ու ուսուցիչը յուրաքանչյուրն իր հերթին կգնահատեն կարիքները, որից  հետո միջինացվելու են արդյունքները, ու որոշվելու է, թե տվյալ ուսուցիչը որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի։

«Հնարավոր է՝ ուսուցիչը տարբեր գործընթացներում, տարբեր մոդուլներում, տարբեր մակարդակներում մի բանից շատ ուժեղ լինի, բայց մյուսում դեռ աջակցության կարիք ունենա։ Այս համատեքստում նաեւ ավելացրել ենք գիտելիքների կտորը, որովհետեւ կամավոր ատեստավորումը մանկավարժությանն ուղղված կտոր չի, այլ զուտ առարկայական գիտելիքներն են»,- ընդգծեց Սվաջյանը։

Կարիքների գնահատման գործընթացում կլինի նաեւ  առանձին բաղադրիչ. եթե, օրինակ, ուսուցչի կամ տնօրենի  կողմից նշում կատարվի, որ տվյալ ուսուցիչը առարկայական բաղադրիչով գիտելիքների ուժեղացման խնդիր եւ կարիք ունի, ապա նրա համար վերապատրաստումները կկազմակերպվեն հենց այդ ուղղությամբ։

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մինչեւ փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների եւ կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող եւ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Հարթաշեն, Սալուտ-Զորաշեն ավտոճանապարհները։

Տավուշի մարզի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան – «Զանգեր» կոչվող հատվածը, Ստեփանավանի տարածաշրջանի, Վանաձոր-Դիլիջան, Նոյեմբերյան-Իջեւան, Սյունիք գյուղից դեպի Տաթեւ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:

Լոռու մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների, Երեւան-Սեւան 24-39-րդ կմ (բուք), Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։

Ըստ աղբյուրի՝ Վարդենյաց լեռնացքում, Արագածի եւ Ամասիայի տարածաշրջաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին բուք է, իսկ Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց ավտոճանապարհին՝ գետնաբուք։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

ՀԱՄԱՀՈՒՆՉ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների նախագիծը ոլորտի համար ունենալու է հեղափոխական նշանակություն. Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ինչ բարեփոխումներ են իրականացվելու։

«Մենք վերացնում ենք գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջեւ՝ քոլեջների եւ ուսումնարանների, որը գործնական որեւէ խնդիր չի լուծելու։ Փոխարենը, մասնագիտական կրթության համակարգում կունենանք միայն քոլեջ տեսակը՝ իհարկե պահպանելով կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական եւ միջին մասնագիտական ուղղություններով։

Նախագծով առաջարկվող ամենակարեւոր փոփոխությունն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումն է։ Սրանով նաեւ ամփոփում ենք վերջին հինգ տարիների Դուալ կրթության փորձարարությունը, եւ նաեւ հենց դրա հիման վրա է, որ օրենքում տրված են այն ձեւակերպումները, որոնք օգնելու են կրթության կազմակերպման համար հիմնական նշանաբանը դարձնել «Աշխատենք՝ սովորելով», «Սովորենք`աշխատելով» կամ «Աշխատենք եւ սովորենք»։ Սա դառնալու է ՄԿՈՒ ոլորտում կրթության կազմակերպման հիմնական ձեւը»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ կրթության կառավարման եւ կազմակերպման համար կներդրվի համագործակցության մոդել։

«Օրենքում բարելավվել է ուսումնական հաստատության կազմակերպաիրավական կարգավիճակի հնարավորությունը, որը թույլ է տալիս մասնավոր գործընկերների հետ փորձարկել եւ իրացնել նոր ձեւաչափով համագործակցություն՝ հասնելով համատեղ կառավարման մոդելների»,- ասաց Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ օրենսդրական փաթեթով անցում են կատարելու կրեդիտային համակարգի որակավորումների ազգային եւ ոլորտային շրջանակներին։

«Բացի այդ, նախագծով արմատապես վերանայվել են կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, որակի ապահովման եւ վերահսկողության կառուցակարգերը: Դա թույլ կտա, որպեսզի մենք բովանդակային ստանդարտների մասով վստահ լինենք, որ այն կրթությունը, որը իրականացվում է մեր երկրում, համահունչ է միջազգային ամենալավ ստանդարտներին»,- նշեց Անդրեասյանը։

 




Լրահոս