Հայաստանի գրողների միությունը Պարույր Սեւակի 100-ամյակը տոնեց գրական միջոցառմամբ, որի ընթացքում բազմիցս նշվեց՝ Սեւակը նոր խոսք, նոր լեզվամտածողություն բերեց հայ գրականություն:
Միջոցառումն անցկացվեց գրողի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին:
Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Սեւակի սերնդի կյանքը համընկավ դժվար ժամանակների հետ՝ ստալինյան ռեպրեսիաներ, պատերազմ, բռնաճնշումներ եւ այլն: «Շատ ծանր առաքելություն ունեին Սեւակի սերնդի ստեղծագործողները: Չարենցի մահից, Մահարու աքսորից ու այլ գրողների՝ գրական ասպարեզից հեռանալուց հետո գրականությունն ընկավ աշուղների ձեռքը: Այդ մոլեռանդ արշավանքը պատրաստ էր խեղդամահ անել հայ գրականությունը, եւ այդ ժամանակ շատ կարեւոր էր գրողի՝ գրականությունը պաշտպանելու հավատամքը»,- ասաց Միլիտոնյանն ու հավելեց՝ հենց Սեւակն ու նրա սերունդը դա արեցին:
Նա հիշեցրեց՝ Սեւակն իր առաջին բանաստեղծությունները գրում էր տերյանական, չարենցյան ոգով: «1942-ին «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվեցին նրա առաջին ստեղծագործությունները, որոնք շատ հետաքրքիր էին: Երբեմն մտածում եմ, թե նա ինչ այլ գործեր կգրեր, եթե պահպաներ այդ ոճը»,-խոստովանում է Միլիտոնյանը:
Ըստ նրա՝ Պարույր Սեւակի բանաստեղծությունները ողնաշարային էին հայ գրականության մեջ չարենցյան գիծը շարունակելու գործում:
«Սեւակը «Մարդը ափի մեջ» գրքով նոր խոսք ասեց՝ մարդուն կենտրոն համարելով, այնինչ ստալինյան ժամանակներում ոչ թե անհատն էր գլխավորը, այլ կոլեկտիվը: Նա նոր ու հետաքրքիր պատկերներ, կին եւ տղամարդ հարաբերությունների, բաց տեսարանների մթնոլորտը նաեւ բերեց: Պարույր Սեւակի 100-ամյակին պետք է կարողանալ լավագույնս արժեւորել նրան, ընդլայնել ընթերցողների ճաշակը, ճանաչելի դարձնել ոչ միայն Սեւակի պոեզիան, այլեւ պոեզիայի մասին նրա գրականագիտական հոդվածները, թարգմանությունները, որոնց գրականագետները քիչ են անդրադարձել»,- հավաստիացրեց Միլիտոնյանը:
Գրականագետ Սամվել Մուրադյանը հիշեցրեց՝ Սեւակն իր կենսագրականում խոստովանել է, որ ամբողջ մի տասնամյակ զբաղված է եղել սիզիփյան անպտուղ աշխատանքով: «Ինչ գրում էի այն ժամանակ, չէր կարելի, իսկ հիմա էլ անհարմար է ներկայացնել: Ես զբաղված էի իմ ձայնը փոխելով»,-գրել է Պարույր Սեւակը:
«Սեւակն Ազգային գրադարանում բացատրել է «Նորից քեզ հետ» վերնագրի խորհուրդը: Նա նշել է, որ «քեզ» ասելով՝ դիմում է ժողովրդին, որովհետեւ երկար տարիներ զբաղված է եղել իր ձայնը փոխելով եւ ժողովրդի հետ չի եղել, իսկ 20-րդ համագումարից հետո նորից ժողովրդի կողքին լինելու հնարավորություն է ստացել»,-պատմեց Մուրադյանն ու հավելեց, որ եղել են տարիներ, երբ Հայաստանի տաղանդավոր գրողներից ոչ մեկը չի կարողացել Երեւանում գիրք տպագրել: Դա հաջողվել է Պարույր Սեւակին եւ Հրանտ Մաթեւոսյանին Մոսկվայում ունեցած լայն կապերի շնորհիվ: Նրանց որոշ գրքեր նախ հրատարակվել են Մոսկվայում, հետո՝ Երեւանում:
Գրող Սաթենիկ Մկրտչյանի խոսքով՝ Պարույր Սեւակը վառ գրող էր, որը ոչ միայն ինտելեկտուալ էր, այլեւ հոգի, սիրտ ու շունչ էր դնում իր գրականության մեջ: «Ինչպես հախուռն ստեղծեց իր գրականությունը, այդպես էլ գնաց: Չգիտեմ, թե ինչ պետք է ասել Սեւակի մասին, որ շատ քիչ չթվա»,-շեշտեց նա:
Հայաստանի գրողների միությունը Պոեզիայի միջազգային օրը, որը նշվում է մարտի 21-ին, նվիրելու է Պարույր Սեւակի հոբելյանին:
ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանն ամբողջական պայմանագիր է ստորագրել խորվաթական «Օսիեկ»-ի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մկրտչյանը խորվաթական ակումբ էր տեղափոխվել «Արարատ-Արմենիա»-ից` վարձակալության հիմունքներով: Այժմ հայ պաշտպանն ամբողջական պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչեւ 2026 թվականը:
Մկրտչյանի տրանսֆերի համար «Օսիեկ»-ը վճարել է 500 հազար եվրո:
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Ռուս թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Դանիլ Մեդվեդեւը Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կիսաեզրափակիչում է:
Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Մեդվեդեւի մրցակիցն աշխարհի 9-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուկաշն էր: 4 ժամ ձգված մրցախաղում Մեդվեդեւը հաղթեց 5 սեթերից հետո` 7:6, 2:6, 6:3, 5:7, 6:4:
Australian Open-ի տղամարդկանց եւ կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 28-ին:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2024թ. ընթացքում միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան:
Համայնքը կարեւորել է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաեւ տարբեր նախաձեռնություններ տարեցների ու Երեւանի փոքրիկ բնակիչների համար:
2024-ին Երեւանում նախատեսվում է անցկացնել տարբեր մարզաձեւերի 15 միջազգային մրցումներ։
ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին։
«ճպՎտՌՏվՈՑ»-ի համաձայն՝ ՌԴ չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր։ Դա երկու անգամ ավելի է Թիկնիզյանին «Լոկոմոտիվում» տրվող աշխատավարձից։
Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։