ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔ ԵՆ ԾՐԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները նոր շարժում են ձեւավորվել՝ «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական ակցիան՝ ընդդեմ Վեհափառի, պատրաստվում են իրականացնել փետրվարի 24-ին Էջմիածնի կենտրոնական հրապարակում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է: Վերջինս, մեր տեղեկություններով, երկար տարիներ ԱՄՆ-ում է բնակվել եւ վերջերս է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս իշխանության ակտիվ աջակից է, Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին գովերգող գրառումներ է ձոնում, ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտնում ու կոչ անում քաղաքացիներին պաստառներով միանալ ընդդեմ Վեհափառի ակցիային: Հակաեկեղեցական նմանատիպ մի տխրահռչակ շարժում ձեւավորվել էր 2018թ.-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» անվամբ, որի նախաձեռնողները կրկին այս իշխանության աջակիցներն էին: Այս ամենը թերեւս կասկած չի թողնում, որ հակաեկեղեցական շարժումը հստակ ուղղորդվում է իշխանության վերին էյշելոնների կողմից: Սա եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հակաեկեղեցական ալիքը աննախադեպ ծավալի է հասել: Թավշյահեղափոխականները չեն խորշում ամեն առիթով ԱԺ ամբիոնից Եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորող հայտարարություններ անել: Հակաեկեղեցական այս էպոպեայի գագաթնակետն էլ թերեւս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն էր. «եթե Եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ»: «Ժողովուրդ» օրաթերթը այս անչությամբ դիմեց նաեւ Մայր աթոռ, որտեղից մեզ ասացին՝ ընդդեմ Վեհափառի ակցիայի մասին տեղեկացել են նախաձեռնողների ֆեյսբուքյան էջից: «Միայն կարող եմ ասել, որ այս ամենն անհասկանալի է մեզ համար»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:

 

 

 

Վերջերս կռվախնձոր դարձած Օղակաձեւ այգու 4-րդ հատվածում գտնվող շինությունների քանդման նախագիծն իր հետ բազում հարցեր է անպատասխան թողել, մասնավորապես՝ թենիսի կորտերի հետ կապված։ Մի շարք հարցեր պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արարատ» թենիսի ակումբ։ Ըստ նրանց՝ հարցեր կան անպատասխան, մասնավորապես՝ անհասկանալի է, թե համայնքին պատկանող տարածքն ինչպես է հանրային գերակա շահ համարվելու։ «Հատկապես վերջին 2 օրվա ընթացքում մեզ ուղղված հարցերի բնույթից, ուղղվածությունից ձեւավորվում է տպավորություն, որ փորձ է արվում հարցը տանել բոլորովին այլ հարթություն, շեղել հանրության ուշադրությունը: Չենք կարող նշել, թե ինչ է այս ամենի ետեւում թաքցված, սակայն կարող ենք նշել, որ խաղն ազնիվ չի, եւ հանրային գերակա շահ առկա չի, եւ դրա ուղղությամբ մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու»։ Կասկածներ կան, որ համայնքը, թենիսի կորտերը հանրային գերակա շահ ճանաչելով, այն օգտագործելու է այլ նպատակներով, օրինակ՝ մեծ ռեստորանային համալիր է տեղում կառուցվելու։ Ըստ ակումբի՝ խելամիտ տարբերակ, որով ներդրված միլիոնները հետ կվերադառնան, չկա։ «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ կողմից վճարված՝ համայնքային սեփականություն հանդիսացող միայն հողի վարձավճարի չափը գերազանցում է տարեկան 8 մլն ՀՀ դրամը: Ըստ ակումբի՝ համայնքապետարանը ԶԼՄ-ներին տրամադրել է կասկածելի, ոչ ստույգ բովանդակությամբ տեղեկանքներ, որը հրապարակել է Factor TV-ին: Ըստ ակումբի տարածած հայտարարության՝ սխալ է նշված նույնիսկ իրենց ընկերության կազմակերպաիրավական տեսակը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ բնակարանաշինությունը գտնվում է կոլապսի եզրին։ Ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների՝ կանխատեսվում է՝ հաջորդ տարի՝ 2024 թվականից, անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու են։ Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ բնակարանաշինության համար վերցված հիփոթեքային վարկերի շեմը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը։ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին բնակելի շենքերի գործարկումը, իրականացված շինարարությունը՝ ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Երեւանի, կազմել է 92 մլդ 803 մլն դրամ։ Նման թվային պատկերի հիմնական պատճառը, ըստ Կենտրոնական բանկի, եկամտահարկի վերադարձի օրենքի առկայությունն է։ Տնտեսագետները, որոնք ուսումնասիրել են ՀՀ բնակարանաշինության ոլորտը, կանխատեսում են, որ օրենքի սահմանափակումից հետո, երբ այն գործի մարզերում, թվային այս սանդղակը կարող է նվազել։

 

 

 

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ծիրան» սուպերմարկետը այս տարվա սկզբից Պետական եկամուտների կոմիտեի հետ մտել է դատական քաշքշուկի մեջ: Դատելով իրավիճակից՝ «Ծիրան» սուպերմարկետի ղեկավարները անբարեխիղճ աշխատանք են իրականացրել, ինչը ՊԵԿ-ի կողմից արձանագրվել է, եւ ակտ է կազմվել: Իհարկե, պետական մարմնի այս որոշման հետ համամիտ չէ  սուպերմարկետի ղեկավարությունը եւ ՊԵԿ-ի որոշումը վիճարկում է դատարանում:  Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ՊԵԿ-ը տուգանում է «Ծիրան»  սուպերմարկետին անբարեխիղճ աշխատանքի համար,  սակայն սուպերմարկետը ՊԵԿ-ի գրեթե  բոլոր ակտերը վիճարկում է դատարանում: Մենք կհետեւենք զարգացումներին:




Լրահոս