Դատավոր Դ. Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ կողմից որոշվել է բավարարել ներկայացված միջնորդությունն ու գործը քննել Դատարանի 41-րդ Կանոնի կիրառմամբ, այն է` գանգատի քննարկմանը տրվել է առաջնահերթություն: Այս մասին հայտնում է դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը։
«Միաժամանակ, Դատարանի 40-րդ Կանոնի կիրառմամբ Հայաստանի կառավարությունը անհապաղ տեղեկացվել է գանգատի մասին:
Վստահ եմ, որ Դատարանի վերջնական որոշմամբ կվերականգնվեն խախտված բոլոր իրավունքները»։
Հիշեցնենք 2023 թվաֆանին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) այսօր ամենախիստ պատիժը կիրառեց դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ և դադարեցրեց նրա լիազորությունները։ Որոշումը հրապարակել է ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանը.
– «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»։ 12 տարի դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի դեմ վարույթ հարուցելու հիմքը Արդարադատության նախարարությանն ու Բարձրագույն դատական խորհրդին ուղղված քննադատությունն էր։